Խմբագրական

30.12.2010 13:33


2011-ին ընդառաջ

2011-ին ընդառաջ

Ամփոփելով 2010-ը պետք է նկատել, որ այն ՀՀ-ի համար հերթական լճացման տարի էր՝ նման բրեժնեվյան շրջանի մառազմին։ Ներքին ու արտաքին կյանքում համատարած ձախողումներ էին, իսկ ձեռքբերումներն ի հեճուկս վարչակազմի էր։

Օրինակ՝ Հայաստանին հաջողվեց մասամբ դուրս գալ «նախաձեռնողական» որակված դիվանագիտության տակից, բայց դա ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ արտաքին ինչ-ինչ հանգամանքների և Ալիև-Էրդողան զույգի հիմարության ու ագահության շնորհիվ։ Թե չէ Սարգսյանին որ մնար՝ նա իր «ֆուտբոլասիրությամբ» Հայաստանն ակամայից կդարձներ թուրք-ադրբեջանական «պռախադնոյ դվոռ», և մենք այսօր ոչ թե Նոր տարի, այլ, ասենք, Բայրամ կանեինք։

Ինչ վերաբերում է Սարգսյանի «մեկ օլիգարխի տնտեսության» կառուցմանը միտված «նախաձեռնողականությանը», ապա այն թափ է հավաքում ու նորանոր ավերածություններ գործում մեր երկրում։  

Վատ պարողներին խանգարող «հանգամանքները»

Վագրի տարին ավարտվեց հավի ձվի շուկայում տիրող ճգնաժամով, և ինչպես սովետական ժամանակաշրջանում էր լինում՝ հեռուստատեսությամբ հիմա ցույց է տրվում, թե ձվի պլանը գերակատարվել է, այն է՝ որևէ խնդիր չկա, բայց մարդիկ խանութներից կա՛մ չեն կարողանում հավկիթ գնել, կա՛մ էլ հայաստանյան հավերի ածած ձուն, պատկերավոր ասած, արդեն ոսկու գնի է հավասարվել։

Ընդհանուր առմամբ գնահատելով Սերժ Սարգսյանի և Տիգրան Սարգսյանի վարած տնտեսական քաղաքականությունը՝ կարելի է երկու պաշտոնական ցուցանիշ ներկայացնել, որոնք շատ խոսուն են։ Այդ ցուցանիշներն են՝  Հայաստան ժամանողների և այստեղից մեկնողների բացասական հաշվեկշիռը (շուրջ 60 000 մարդ) և ինֆլյացիան (մոտ 10%)։ Սա՛ է ՀՀ իշխանությունների որդեգրած տնտեսական քաղաքականության իրական գնահատականը։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի  Կառավարությունը շատ վատ է աշխատել, իսկ Կենտրոնական բանկը խախտել է ՀՀ Սահմանադրության համապատասխան նորմը և չի ապահովել գների կայունությունը, բայց նման երևույթները Սերժ Սարգսյանի համար, բնականաբար, չեն դառնում անընդունելի և անհանդուրժելի, քանի որ հենց ի՛նքն է այդ անհանդուրժելի ու անընդունելի երևույթների թիվ 1 ճարտարապետն ու պատասխանատուն։

Իրականությունն այն է, որ ՀՀԿ «ճկուն» ղեկավարի համար անհանդուրժելի ու անընդունելի են միայն այն երևույթները, որոնք անձամբ իր ֆինանսատնտեսական ու աթոռային շահերի դեմ են։ Մնացած դեպքերում անհանդուրժելի երևույթները խրախուսվում են։ Օրինակներ որքան ուզեք։

Այսպես. երկրի արտաքին պարտքը երկու տարում կրկնապատկվում է, իսկ բերված վարկերը, մեղմ ասած, անարդյունավետ են օգտագործվում, բայց «տիրացուն» շարունակում է «Հայկական աշխարհ» կառուցել՝ ձեռքի հետ հաղթահարելով սեփական շրջապատի ֆինանսատնտեսական ճգնաժամը։ Այս ամենը ոչ միայն անհանդուրժելի չի դառնում, այլ ոմանց ախորժակը ուտելիս է բացվում. հաջորդ տարի նախատեսվում է Հայաստանի արտաքին պարտքը հասցնել 4,2 միլիարդ դոլարի։ Այսինքն՝ արտաքին տնտեսական «նախաձեռնողականությունը» շարունակվելու է։

Մենք երկրորդ տարին անընդմեջ տնտեսական անկում ենք արձանագրում (այս տարվա 2%-ից մի փոքր ավել ՀՆԱ աճն անվանական է, քանի որ կա երկնիշ ինֆլյացիա), բայց վարչապետն ինքնագոհ շարունակում է non stop ռեժիմով հարցազրույցներ տալ ու դեմագոգիայի շքահանդես կազմակերպել։

Ի դեպ, շատ խորհրդանշական էր, որ Տ. Սարգսյանի՛ գլխավորած կառավարությունը բախվեց ձվի խնդրի հետ։ Մի փոքր վերափոխելով հայտնի ասացվածքը՝ կարող ենք արձանագրել, որ վատ «պարող» կառավարությանը նույնիսկ ձվի շուկան է խանգարում։ 

Ալիևը՝ ՀՀ անվտանգության երաշխավոր

Հայ-թուրքական գործընթացը, որը սահուն կերպով վերածվել էր Հայաստանի վրա Ղարաբաղի հարցով ճնշումներ բանեցնելու մեխանիզմի, Իլհամ Ալիևի անհեռատեսության ու նավթադոլարների հոտից առաջացած խելապակասության շնորհիվ գրողի ծոցն ուղարկվեց, ինչի համար պետք է շնորհակալ լինել մեր հարևան երկրի ղեկավարին։

Չլինեին Ալիևի ճնշումները Թուրքիայի վրա՝ մենք ականատեսն էինք լինելու անդառնալի  «ֆուտբոլի», որի համառ նախաձեռնողն էր դարձել Սերժ Սարգսյանը և որը ողջունում էր Սարգսյանի աթոռային մրցակից Լևոն Տեր-Պետրոսյանը։

Փաստորեն՝ Իլհամ Հեյդարիչի հայամետ դիրքորոշման շնորհիվ «ֆուտբոլային» դիվանագիտությունը չբերեց Հայաստանի անվտանգության կորստին, իսկ Սարգսյանի «նախաձեռնողականության» շնորհիվ հիմնովին արժեզրկվեց «Առանց Ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարա­բե­րու­թյունների կարգավորման Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի, անկախ այն հանգա­մանքից, թե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը» գաղափարախոսությունը և խաղից դուրս մնացին այդ գաղափարախոսության  կրող ուժերը, ովքեր ներքաղաքական պայքարում հույսը դրել էին Հայաստանի համար արտաքին անբարենպաստ զարգացումների վրա՝ «Հեսա Ղարաբաղը կհանձնեն ու մենք կգանք իշխանության» թեմայով։

Տապալվելով «ֆուտբոլային» դիվանագիտության մեջ՝ Սերժ Սարգսյանը տապալեց նաև Հայ ազգային կոնգրեսում փոքրամասնություն կազմող  «սերգոջանական» թևին, ինչի համար պետք է շնորհակալ լինել անընդունելի և անհանդուրժելի Սերժ Սարգսյանից։ Բայց հասկանալի է, որ ՀՀ անվտանգությունը և զարգացումը չի կարող հավերժ կախված լինել ալիևների կամ էրդողանների, կներեք արտահայտությանս, էշությունից և Սարգսյանի «հայրենասիրական» պոռթկումներից։ Մեր ճակատագիրը մե՛նք պետք է տնօրինենք, այլ ոչ թե հույս ունենանք, որ Ալիևն էլի մեզ կփրկի։ Դրա համար հարկավոր է լցնել ներքաղաքական դաշտի վակուումը և գնալ համակարգային փոփոխությունների՝ նախապես, իհարկե, լուծելով իշխանափոխության հարցը։

2011-ն այդ առումով շատ կարևոր տարի է՝ նախապատրաստական աշխատանքների տարի։ Անհրաժեշտ է քաղաքական ուժերի և անհատների լայն կոնսոլիդացիա ապահովել, և կառուցել Նոր Հայաստան։

Բոլորիս մաղթում եմ, որ 2011-ը լինի պայքարի ու հաղթանակի նախապատրաստման տարի։

Անդրանիկ Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը