Հարցազրույց

27.01.2010 19:29


Սերգեյ Շաքարյանց.

Սերգեյ Շաքարյանց.

Հարցազրույց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի հետ

-Ինչպե՞ս կգնահատեք հունվարի 25-ին Սոչիում տեղի ունեցած Մեդվեդև-Ալիև-Սարգսյան հանդիպումը։

-Մենք կարող ենք քիչ թե շատ մեր մեկնաբանությունները տալ ըստ այն տեղեկատվության, որ մադրիդյան սկզբունքների ինչ-որ նախաբանի վերաբերյալ ձեռք բերված համաձայնության մեջ նշված է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի նախապատվության մասին։ Նշված է նաև, որ Արցախի հանրապետության օրինական իշխանությունները պետք է շուտափույթ վերադառնան բանակցություններին։ Քանի որ բանակցությունները շարունակում են բավական գաղտնի մնալ, մոտակա ժամանակներս ես չեմ տեսնում, որ կողմերից որևէ մեկը կամ Մինսկի խմբի համանախագահներից որևէ մեկը կկարողանա լուսաբանել, թե ինչ համաձայնության են եկել կողմերը հանդիպման ընթացքում։

-Իսկ ի՞նչ եք կարծում՝ գործընթացում դինամիկա կա՞։

-Ըստ իս՝ այո՛։ Մենք կարող ենք գրանցել ինչ-որ դրական դինամիկա, քանի որ սպասվում է, որ Սոչիում Իլհամ Ալիևը փաստացի չկարողացավ դիմակայել Ռուսաստանի նախագահ Մեդվեդևի  առաջարկություններին՝ այնուամենայնիվ, անդրադառնալ մայնդորֆյան հռչակագրին։ Այդ դինամիկան ինչ-որ առումով իրեն էլ է ձեռք տալիս, որովհետև այդ հանդիպումից հետո Բաքվից, համենայնդեպս, դեռևս չեն հնչել ինչ-որ ռազմատենչ կարգախոսներ, կամ չկան ինչ-որ ուրիշ կարգի տեղեկություններ։

-Որքանո՞վ է հավանական Ղարաբաղի վերաբերյալ մինչև տարեվերջ շրջանակային համաձայնագրի ստորագրումը։

-Մեր իշխանությունները, մասնավորապես արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը  կես ակնարկով հասկացնել է տվել բոլորին, որ դժվար թե 2010թ. ընթացքում այդպիսի վերջնական փաստաթուղթ գոյություն ունենա, նամանավանդ՝ ստորագրվի։ Այդ առումով ես չեմ կիսում Գորան Լենմարկերի հայտարարությունը, որ մի քանի օր առաջ ասել էր, թե գարնանն ամեն ինչ պատրաստ կլինի, որ կողմերը փաստաթուղթ ստորագրեն։ Ես արդեն կարող եմ առարկել նրան ու հիշեցնել, որ Սոչիում բանակցությունների արդյունքում կարծես թե իշխանությունները համաձայնել են, որ ԼՂՀ ներկայացուցիչներն այս կամ այն ձևով պետք է վերադառնան բանակցությունների սեղանին, քանի որ գալիս է այն պահը, երբ իրոք բոլոր այն հարցերը, որոնք Ադրբեջանը ցանկանա քննարկել, պետք է անի ԼՂՀ իշխանությունների հետ։ Մնացած հարցերը Հայաստանին շատ քիչ են վերաբերում, և պարզ է, որ եթե այսօրվա խաղաղ բանակցությունների ձևաչափն այս կամ այն կերպ վերանայվում է հօգուտ բանակցությունների սեղանի շուրջ Ղարաբաղի վերադարձի, ապա մենք հասկանում ենք, որ դրանից չի բխում փաստաթղթի ի հայտ գալը, որովհետև այդ ժամանակ ԼՂ-ն արդեն կունենա այն պահանջները, որոնք մենք քննարկել ենք և ներկայացրել ԶԼՄ-ներով, և որոնք Ադրբեջանն ի վիճակի չի լինի շրջանցել ու պատասխաններ չտալ։

-Իսկ այս համատեքստում ինչպե՞ս կընթանա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։

-Նախ և առաջ ես չեմ կապում այդ գործընթացները։ Դա բացահայտ հայտարարվել է և՛ ԱՄՆ-ի, և՛ Ռուսաստանի, և՛ ԵՄ-ի կողմից։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը շատ ավելի կախված է Ռուսաստանի, ԱՄՆ-ի որոշումից, քան արցախյան հակամարտության կարգավորման գործընացի այս կամ այն արդյունքից։ Եկեք սպասենք Ռուսաստանի և ԱՄՆ-ի դժգոհության դրսևորումներին Թուրքիայի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով և չկապենք իրար այս գործընթացները։ Իրականում միայն Թուրքիայի և ադրբեջանցիների մտքով է անցնում, որ այդ գործընթացները փոխկապակցված են։ Կարող են երազել, որովհետև առանց երազանքների մարդը մեռած է, բայց դա միայն երազանք կմնա։ Դա կախված է  գերտերությունների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի ցանկություններից, Հայաստանի և Արցախի ցանկություններից և, ինչու չէ, նաև տարածաշրջանում հզոր դեր ունեցող Իրանի ցանկություններից։ Մենք հաճախ մոռանում ենք Իրանի հանգամանքը։ Եթե սառնասիրտ լինենք, ապա կարող ենք ասել, որ Ղարաբաղի հարցը վաղուց է դուրս եկել հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացի  կոնտեքստից։ Դա արել ենք ոչ միայն մենք՝ հայերս, այլ նաև մեզ օժանդակել են մեր բարեկամ պետությունները։

-Այնուամենայնիվ, մինչև ապրիլ կվավերացվե՞ն հայ-թուրքական արձանագրությունները։

-Տվյալ հարցում հակված եմ կանխատեսումներ չանել և սպասել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի որոշմանը, նրանց ազդեցությանը Թուրքիայի վրա։ Այնուամենայնիվ, ողջամիտ ժամկետներից է կախված ամեն ինչ։ Եթե Թուրքիան չի տեղավորվում այդ շրջանակներում, մնացածը դառնում է անիմաստ։

Զրույցը վարեց Հեղինե Հարությունյանը

Այս խորագրի վերջին նյութերը