Խմբագրական

21.09.2017 15:50


Արժանի՞ ենք արդյոք անկախ պետություն ունենալուն

Արժանի՞ ենք արդյոք անկախ պետություն ունենալուն

Անկախությունը մի տոն է, որն առայժմ մեզ հետ չէ ի տարբերություն Փարիզի, որն, ըստ Հեմինգուեի, տոն է, որը միշտ մնում է մարդու հետ, եթե նա եղել է այնտեղ:

Հայ ժողովուրդն անկախ Հայաստանում ապրում է 26 տարի, բայց տոնական տրամադրություն չկա: Չկա 1991-ի էնտուզիազմը: 88-ի շարժման իներցիայի էնտուզիազմը:

1991-ին շատերը միամիտ էին: Մտածում էին, թե «Նաիրիտը» փակելով և ջերմուկը ծախելով կարելի է անկախ ու լավ ապրել: «Նաիրիտը» փակվեց (մինչև այդ լավ թալանվելով), Ջերմուկ ծախողն էլ, իրոք, հիմա լավ է ապրում, բայց դա անհատական ցուցանիշ է (հեղափոխությունը ծրագրում են հանճարները, իրականացնում են ռոմանտիկները, իսկ վայելում են ...):

1991-ին շատերը չգիտեին, որ անկախությունը աշխատանք է: Ծանր աշխատանք: Ամենօրյա աշխատանք:

Շատերը նաև չգիտեին ու հիմա էլ գլխի չեն ընկնում, որ մենք ՀՀ անկախությունը նվաճել ենք Ղարաբաղյան ճակատում: Եթե պարտվեինք պատերազմում, ապա կկորցնեինք ոչ միայն Ղարաբաղը, այլ նաև անկախ Հայաստան չէր լինի:

Շատերը, այդ թվում ու նախևառաջ քաղաքական վերնախավ կոչվածի մեծ մասը չհասկացավ ու հիմա էլ չի հասկանում, որ Ղարաբաղի հարցն ուղղակիորեն կապված է անկախ Հայաստանի գոյության հետ: «Հողերը տանք ու անդարդ ապրենք»-ը գայթակղիչ, բայց իրականության հետ կապ չունեցող և վտանգավոր գաղափար է: «Նախաձեռնողականությունն» այդ գաղափարի գործնական կիրառումն է: Նույնիսկ օտարազգի Լապշինը դա շատ արագ հասկացավ, իսկ ահա մեր «կորիֆեյները»՝ ոչ:

Հիմա սև ամպեր են կուտակվել մեր անկախ պետության գլխավերևում, քանզի քաղաքական իշխանությունը ձախողել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը՝ դրանից առաջ ձախողելով պետականաշինությունը: Հիմա միայն խոսք է գնում հայկական կողմի տարածքային զիջումների մասին՝ առանց ԼՂՀ կարգավիճակի հստակեցման: Իսկ դա լուրջ հարված է ՀՀ անվտանգությանը:

Եթե կորցրեցինք Ղարաբաղը, ապա հերթը կհասնի Սյունիքին, իսկ հետո արդեն ... Գիտակցու՞մ է սա քաղաքական վերնախավ կոչվածը: Խիստ կասկածում ենք:

Իսկ եթե նույնիսկ գիտակցում է, ապա ի՞նչ է անում: Սահմանադրությունը փոխելով ու պետության տակ ական դնելով անվտանգության հարց չի լուծվում: Տնտեսությունը կենտրոնացնելով և քաղաքական դաշտն ամայացնելով՝ առավելևս:

Անկախ պետությանն արժանի լինելու համար հարկավոր է 88-ի շարժման գլխավոր գաղափարը կյանքի կոչել, այն է՝ անվտանգության հարցում չապավինել երրորդ ուժին և դրսում ոչ թե «պապաներ», այլ դաշնակիցներ փնտրել:

Անկախ պետություն ունենալու գլխավոր գրավականներ են մրցունակ տնտեսությունը, ժամանակակից պետական կառավարման համակարգը, արդիական բանակն ու արժանապատիվ քաղաքացին: Ունե՞նք այս ամենը անկախության հռչակումից 26 տարի անց...

Մի բան հստակ է, բնությունը վակուում չի սիրում: Ինչպես մեծ փիլիսոփան էր նշել՝ այն ժողովուրդը, որն անընդունակ է ինքնապաշտպանության և ապավինում է այլ ուժերին, զուրկ է առաքինությունից և բարոյական իրավունք չունի գոյություն ունենալ: Այս թեմայի շուրջ լրջորեն պետք է մտորել:

Անդրանիկ Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը