Խմբագրական

22.04.2017 07:45


«Ազգ-ընտրազանգվածից» մինչև «ազգ-բանակ»

«Ազգ-ընտրազանգվածից» մինչև «ազգ-բանակ»

Ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն աննախադեպ էին: Այս ծավալի ընտրակեղծիքներ չէին եղել երբեք: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ընտրակաշառքի ծավալներին:

Հայաստանի քաղաքացիների զգալի մասին 10.000 դրամով բերման ենթարկեցին ընտրատեղամասեր (հանրությանն, ի դեպ, պետք չէ մեղադրել, քանզի ժողովրդին ու բնակիչներին քաղաքացի ու պետականակերտ ազգ է դարձնում քաղաքական վերնախավը, որը տվյալ դեպքում, մեղմ ասած, անորակ է), իսկ քաղաքական, այսպես կոչված, վերնախավին հաճախորդացրեցին մինչև «վարդապետի խազը»:

88-ին ոտքի ելած ու ղարաբաղյան պատերազմում հաղթած ժողովրդին այսպիսի փչացման տանելը պարզապես սարսափելի է, մեծ մեղք: 88-ին ո՞ւմ մտքով կանցներ, որ կաբինետներում բանսարկություններով զբաղվող բոլշևիկյան մանր ֆունկցիոներներն այսպիսի ռևանշի կհասնեն, ու այսպիսի ռեակցիոն քաղաքականություն կունենանք:

Միայն երդվյալ հակաանկախականն այսպես կվարվեր պետության ու քաղաքացու հետ:

Ընտրակաշառքային թույնի ներարկումն է պատճառը, որ պատերազմող երկրում հանգիստ կալանավորում են պատերազմը հաղթած հրամանատարին, իսկ հանրությունն անտարբեր է: Բայց չէ՞ որ ընդամենը մեկ տարի առաջ չորս օրում 100-ից ավելի զոհ տվեցինք ու 800-ից ավելի հեկտար կորցրեցինք: Բայց չէ՞ որ Ադրբեջանին 10.000 դրամով չես կաշառի ու նրան հեռախոսազանգով չես պարտադրի ԼՂՀ անկախությունը ճանաչել այնպես, ինչպես կարողանում ես հեռախոսով դատարանին որոշում պարտադրել կամ ԿԸՀ-ին՝ ընտրությունների արդյունքներ:

Այսքանից հետո պարզապես քմծիծաղ է առաջացնում ռազմահայրենասիրական սրտաճմլիկ տեքստերի արտասանությունը՝ «Ազգ-բանակ» խորագրի ներքո: Ազգին զրկում են հերոսներից, հետո ասում՝ եկեք բանակ դարձեք:

Ազգի մի հսկայական հատվածի 10.000 դրամով սարքեցին ընտրաստրկավաճառների ձեռքի տակով անցած զանգված, որին հիմա քնքշորեն ՀՀԿ-ի ու այդ կառույցին կցվածների ընտրազանգված են անվանում:

Ի դեպ, աննախադեպ է նաև այն, որ իշխանությունները գտան ելքը (փաստորեն, ելք կա), և աշխատեցին ինչպես իրենց, այնպես էլ «ընդդիմություն» կոչվածի օգտին՝ վերջինիս վերապահելով կապիկություն անելու և հայրենիքը կրկեսի վերածելու շահութաբեր գործը:

Այսքանից հետո ինչպե՞ս կարելի է «Ազգ-բանակից» խոսել: Մի կողմ թողնենք, թե այն ինչքանով լավ կամ վատ գաղափար է: Ցանկացած լավ գաղափար կարելի է այնպես վարկաբեկել ու արժեզրկել, որ գաղափարի հեղինակներն անգամ խուսափեն դրանից:

Եթե Բ26-ին թվում է, թե ազգին փողով ընտրազանգվածի վերածելով կարելի է հետագայում դեմ տալ այդ նույն զանգվածին թշնամուն ու ներսում հանգիստ շարունակել կապիտալի չարաբաստիկ կուտակումը, ապա չարաչար սխալվում է: Անգաղափար իշխանությունը փողով միայն վարձկաններ կարող է պահել, մեկ էլ՝ «ռեյտինգային» թեկնածուներ: Իսկ վարձկաններն ու «ռեյտինգայինները» հայրենիք չեն կարող պահել, որպեսզի ներսում «նեղ կռուգը» իր նախակուտակած կապիտալը բազմապատկի ու կենտրոնացնի. սա՛ է խնդիրը:

«Ագգ-բանակը» կարող է հաջողված կամ չհաջողված PR-նախագիծ դառնալ: Ոչ ավելին: «Ազգ-ընտրազանգվածը» թույլ չի տա լուրջ բաների մասին մտածել:

Մի խոսքով, ապրիլի 2-ից հետո ՀՀ-ն, ԼՂՀ-ն ու ընտրակաշառք չվերցրած քաղաքացին ադրբեջանական տանկերի և հրթիռների դեմ մենակ են մնացել: Սրա՛ մասին է պետք մտածել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը