Խմբագրական

08.11.2010 00:54


Սերժ Սարգսյանն ու youtube-ը

Սերժ Սարգսյանն ու youtube-ը

Երբ Սերժ Սարգսյանը Հայաստանում «թուրքական օրեր» էր հայտարարել, որպեսզի կարողանա պահել մարտի 1–ի միջոցով ձեռքբերված աթոռը՝ որոշումները գիշերով էին մատուցում բազմաչարչար հայ ժողովրդին։

ՀՀԿ «ճկուն» նախագահն այնքան էր ոգևորված իր «նախաձեռնողականությամբ», որ չէր ուզում ենթադրյալ հաջողության դափնիներով կիսվել որևէ մեկի, այդ թվում՝ կուսակիցների հետ։

2009 ապրիլի 23–ին ՀՀԿ ներկայացուցիչները միայն այդ օրվա մամուլից տեղեկացան, որ նախորդ գիշերն իրենց նախագահը թուրքերի հետ ցեղասպանության ուսումնասիրման հանձնաժողովի ստեղծում նախատեսող արձանագրություն է նախաստորագրել, բայց վերևից հրահանգ ստացան և սկսեցին գովերգել  ՀՀ «նախաձեռնող» նախագահի «գերիմաստուն» քայլը, որի տակից մինչև օրս դուրս չենք գալիս։ «Ֆուտբոլից» հետո ՀՀ–ն դիվանագիտական պարտությունը պարտության հետևից է կրում, և այս ամենի վերջը չի երևում։

Գիշերային որոշումն այնքան անարժանապատիվ էր, որ ԱՄՆ փոխնախագահ Բայդենն այժմ իրեն թույլ է տալիս նվաստացնել Սերժ Սարգսյանին (տվյալ դեպքում՝ նաև Հայաստանին), և արդեն կապ չունի, թե ով է ստախոսը Բայդենը՞, թե՞ Սարգսյանը։ Ենթադրենք Բայդենն է ստախոսը, դրանից ի՞նչ է փոխվում։ Եթե Բայդենը ստում է, ուրեմն Սարգսյանն է իրեն այնպես պահել, որ այլ երկրի փոխնախագահը «փչացնում» է նրան։ Թող Սարգսյանն ինքնամոռաց չնետվեր թուրքերի գիրկը, մերոնց ընդունած գոլից հետո Գյուլի դեմքին «չթռներ», Նալբանդյանի այտերը փորձության չենթարկեր և զույգ արձանագրությունները ստորագրել չտար՝ ամերիկացի քաղաքական գործիչներն իրենց ընտրական ձայների համար այդպիսի «տրյուկ» արդեն չէին կարողանա անել համացանցում։

Հայ–թուրքական գործընթացը յուրօրինակ մեսիջ էր միջազգային հանրությանը, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը փաստացի դուրս է գալիս ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից։ Ս. Սարգսյանի հրապարակային մեսիջն այժմ բոլորն ընդունել են ու յուրաքանչյուր պետության քաղաքական գործիչ կարող է իր երկրում օգտագործել Բայդենի ասածները, որպեսզի հայ ընտրողներին տված խոստումներից խուսափի։ Նրանց չես կարող մեղադրել։ «Ֆուտբոլասերը» որ տնից չլիներ, Youtube«երթիկից» չէին հանի։

Բայդենի ասածները ճշմարտանման էին, և նրա խոսքերի արմատները պետք է «ֆուտբոլային» դիվանագիտության մեջ փնտրել։ Հայ-թուրքական տխրահռչակ արձանագրությունները ստորագրելով՝ Սարգսյանը ոչ միայն Բայդենին, այլև ամբողջ աշխարհին է մեսիջ ուղարկել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հետաձգեն ու չխանգարեն իր նախաձեռնած «ֆուտբոլին»։  Ինչի՞ մասին է խոսքը։ Պատահական չէ, որ մինչև այս տարվա ապրիլի 24-ը, Ցեղասպանության ճանաչման մասով, որոշակի ճնշումներ եղան Թուրքիայի նկատմամբ, սակայն դրանից հետո այլևս որևէ երկիր չի անդրադառնում այդ հարցին ու քանի դեռ այս իշխանությունն է Հայաստանում ու հայ-թուրքական արձանագրություններից ՀՀ ստորագրությունը հետ չի վերցվել՝ Ցեղասպանության ճանաչման հարցը դե ֆակտո սառեցվելու է ամբողջ աշխարհում։

Արդեն ավելի քան երկու տարի է ինչ Սարգսյանը ՀՀ նախագահ է, բայց բացառությամբ Շվեդիայի խորհրդարանի (այնտեղ իրականում ոչ թե հայերի, այլ ասորիների ցեղասպանության հարցն էր դրված քվեարկության, պարզապես փաթեթում ներառեցին նաև Հայոց ցեղասպանության  ճանաչման կետը և դա այստեղ ներկայացվեց որպես ՀՀ դիվանագիտության հաղթանակ) որևէ այլ պետություն չի ընդունել Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև։ Դա հետևանք է այն բանի, որ  հայ-թուրքական «ֆուտբոլը» Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը միջազգային օրակարգային հարցի մակարդակից իջեցրեց Հայաստանի ու Թուրքիայի միջև առկա միջպետական վեճի մակարդակ։ Եթե սրան ավելացնենք նաև այն, որ, օգտվելով Սարգսյանի թույլ տված կոպիտ սխալից, Թուրքիան լեգիտիմ հնարավորություն ստացավ մխրճվելու Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացի մեջ, ապա «նախաձեռնողականության» հետևանքով առաջացած վնասների պատկերն ամբողջական կդառնա։ Բացի այդ, իշխող ռեժիմի անհեռատես արտաքին քաղաքականության շնորհիվ թուլացել են ոչ միայն ՀՀ–ի, այլ նաև  սփյուռքի հայկական կառույցների դիրքերը։ «Հայկական աշխարհի» ջատագովները պետք է պատասխան տան այս ամենի համար։

Անդրանիկ Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը