Քաղաքական

22.12.2009 13:42


Հրանտ Մարգարյանի ելույթը ՀՅԴ 119-ամյակի միջոցառման ժամանակ

Հրանտ Մարգարյանի ելույթը ՀՅԴ 119-ամյակի միջոցառման ժամանակ

Հարգելի բարեկամներ, սիրելի ընկերներ,

Դաշնակցության օրվա, մեր կուսակցության 119-ամյակի նշումը մեզ համար հաշվետվություն ներկայացնելու, արածն ու չարածը քննադատաբար գնահատելու, տարին ամփոփելու առիթ է: Մենք հաշվետու ենք ե՛ւ ինքներս մեզ, ե՛ւ մեր ժողովրդին: «Ճանաչիր ինքդ քեզ»' նշանախոսքը նպատակ ունենալու, ճամփա գնալու եւ տեղ հասնելու ամենաճշմարիտ խորհուրդն է: Մենք այդպես ենք եկել, հասել այստեղ: Այդպես էլ շարունակելու ենք:

Հարգելի ներկաներ, ամեն անգամ, երբ հայ իրականությունը դեմ առ դեմ է կանգնում որեւէ կարեւորագույն երեւույթի, բնականորեն ալեկոծվում է մեր քաղաքական միտքը, եւ, բնականաբար, այդ ալեկոծությունը իր ազդեցությունն է ունենում մեր կազմակերպության վրա։ Անբնականն այն է, որ այդ ամբողջը ուղեկցվում է կրքով, մեր մեջ թշնամիներ որոնելով, հաճախ իրական բանավեճ, քննարկում չի լինում: Միշտ  վախ կա, թե կպիտակավորեն,  ճիշտ չես հասկացվի:

Ցավոք, սա է մեր մթնոլորտը: Բայց սա չի կարող, չպետք է պատճառ դառնա, որ ետ կանգնենք մեր հիմնարար սկզբունքներից:

Նոր օրակարգ է հայտնվել մեր կյանքում՝  Հայաստան-Թուրքիա հարաբերություններ։ Ի՞նչ ենք անում, ո՞ւր ենք գնում։

Համազգային զարթոնքից հետո վճռական, ծանր ու դժվար տարիներ շատ ենք ապրել. երկրաշարժ, տնտեսական տագնապներ, պատերազմ, անկախություն: Եվ այդ տարիներից արդեն հարեւան Թուրքիան թշնամական վերաբերմունք է ունեցել մեր հանդեպ: Թուրքիան, Ադրբեջանի հետ միասին, մեր դեմ պատերազմի է դուրս եկել: Նա ընտրել է պատերազմի այլ տարբերակ՝ շրջափակումը։

Սկզբնական շրջանում՝ մինչեւ 1998-ը, Հայաստանը փորձում էր չտեսնելու տալ Թուրքիայի թշնամական կեցվածքը: 1998-ից սկսյալ Հայաստանը իր արտաքին քաղաքականության օրակարգ բերեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը։ Արդյունքում բազմապատկվեց մինչ այդ միայն Սփյուռքի ճիգերով Ցեղասպանության հարցի արծարծումը, նորանոր պետություններ ճանաչեցին  Ցեղասպանությունը: Թուրքիան, որ փորձում է իր տեղն ունենալ Եվրոպայում, հանդիպեց համընդհանուր վերաբերմունքի: Ցեղասպանության ուրացման քաղաքականությանը զուգահեռ' Թուրքիան, շրջափակման մեջ պահելով Հայաստանը, ավելի էր բացահայտում իր հակահայ, ցեղասպան պետություն լինելու իրողությունը։ Թուրքիան ճնշման էր ենթակա հատկապես շրջափակմանը վերջ տալու հարցում: Նրա համար սա Եվրոպա մուտքի նախապայման էր։

Սահմանի բացումը, ինչպես ցանկացած պետության, մեզ համար նույնպես կարեւոր էր: Սակայն մենք պետք է կարողանայինք սպասել, մինչեւ ճնշումները արդյունավորվեին, եւ հարցի լուծման նախանշաններ տեսնեինք թուրքական կողմից։ Նախանշան կարող էր դառնալ, եթե սահմանները բացելու դիմաց թուրքական կողմը հրաժարվեր իր հայտարարած նախապայմաններից։

Վրաստան-Ռուսաստան պատերազմը փոխեց կացությունը տարածաշրջանում: Մի կողմից Հայաստանը զրկվեց իր ռազմական դաշնակից Ռուսաստանի հետ  ցամաքային կապից, մյուս կողմից Ռուսաստանում  անհրաժեշտություն ստեղծվեց շրջանցել Ուկրաինան ու Վրաստանը եւ նոր հաղորդակցության ուղիներ փնտրել դեպի Եվրոպա։ Իսկ Արեւմուտքը կարծես բավարարվեց տարածաշրջանում Թուրքիայի դերակատարությամբ եւ հակաԻրան  ճակատի հարդարումով, ուր սկսեց գործուն մասնակցություն ունենալ Ռուսաստանը։

Հայաստանի համար ավելի կարեւոր էր դառնում ՀՀ-Թուրքիա սահմանի բացումը, սրանում շահագրգիռ էին նաեւ մեծ ուժերը: Շահագրգռություն, որ բնականորեն, իր հետ բերելու էր ճնշումներ Հայաստանի եւ Թուրքիայի իշխանությունների հանդեպ։ Սերժ Սարգսյանը նախաձեռնեց ֆուտբոլային դիվանագիտություն, որ, թվում էր, պետք է առավելություններ ապահովեր Հայաստանի համար. հնարավոր ներքին անկայունությունը ստվերի տակ էր առնվում այս նախաձեռնությամբ, հույս կար, որ կապահովվի մեծ ուժերի զորակցությունը: Բայց  այդպես չեղավ։ Ինչո՞ւ։

Նախաձեռնության սկիզբը Մոսկվայում էր եւ հատկանշվեց զիջման հայտարարությամբ. հիշում ենք' հայտարարվեց, որ Հայաստանը պատրաստ է ընդունելու Անկարայի' պատմաբանների հանձնաժողով ստեղծելու առաջարկը։ Ճիշտ է, հետո հերքվեց այս լուրը, իբր, թյուրիմացություն է եղել, սակայն գիտենք' այդ տեսակ թյուրիմացություններ չեն լինում։

Չեմ հավակնում որեւէ մեկին դաս տալ, մանավանդ՝ մարդկանց, որոնց փորձն այս հարցում ավելի մեծ է, քան իմը, սակայն երբ կռվում զիջում ես դիրքերդ,  հաճախ դա ոչ թե խաղաղությամբ է ավարտվում, այլ' պարտությամբ։ Իսկ մենք չգիտակցեցինք, որ մեր հարցը՝ սահմանների փակումը, ոչ թե ինչ-որ տհաճ հարաբերությունների արդյունքում է ստացվել, այլ Թուրքիան Ադրբեջանի կողքին մեր դեմ պատերազմի է դուրս եկել եւ սահմանափակ զիջումով չի բավարարվելու, ձգտելու է մեր ամբողջական պարտությանը։ Հետագա փաստերը ապացույցն են այդ իրողության։

Մենք պետք է նաեւ գիտակցեինք. քաղաքական այն շահագրգռությունը, որ մեզ մղում կամ ստիպում էր շուտափույթ  կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, անիմաստ էր, եթե անլուծելի էր մնում Ղարաբաղի հարցը: Եթե ոչ ամբողջությամբ, գեթ ազատագրված տարածքների կտրվածքով, ինչը  հնարավորություն պետք է տար Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա երկաթուղու վերականգնման եւ էներգետիկ հաղորդամիջոցների ստեղծման։ Մինչդեռ Հայաստանը օրն ի բուն խոսում էր ազատագրված տարածքները զիջելու իր պատրաստակամության մասին։

Ցանկացած հարցի լուծման ժամանակ, ավաղ, նկատի չի առնվում' ով է արդար, ով՝ անարդար, ով է համեստ ու ճկուն, ով՝ անզիջող. հարցերի լուծման սեղանի շուրջ նաեւ դերակատար է բանակցությունների արվեստն ու գիտությունը: Իսկ ով ցույց է տալիս զիջման տրամադրություն, ճնշումներն առաջին հերթին ուղղվում են նրա վրա։  Ստացվում է, որ Հայաստանը, պատերազմից հաղթանակած դուրս գալով, պարտվում է: Հանուն ինչի՞՝ անհասկանալի է։

Վստահ եմ, այո, կար միջազգային շահագրգռություն Հայաստան-Թուրքիա եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, նույնիսկ շութափույթ կարգավորման հարցում: Սակայն չէր կարող լինել շահգրգռություն Հայաստանի կողմից Թուրքիայի նախապայմանները ընդունելու հարցում, չկար նման ճնշում: Մենք զիջել ենք նախքան բանակցությունները' մեր հայտարարություններով, որովհետեւ խորապես չենք գիտակցել զիջման հետեւանքները։

Եթե նույնիսկ կար ճնշում թուրքական նախապայմանները ընդունելու հարցում, իշխանությունները պետք է ամուր, անզիջող կեցվածք ունենային, պետք է դիմեին քաղաքական ուժերին ու ժողովրդին, ապահովեին համազգային  զորակցություն, ժողովրդին պետք է ոտքի հանեին: Բայց գիտենք' այն իշխանությունն է ի վիճակի այդ ամենը անել, եթե  ապրում է իր ժողովրդի հետ հաշտ, եթե իր երկրում արդարություն է հաստատված...եթե..., բայց արդեն ուշ է։

Հասկանալի է, այդ ճնշումներին հեշտ չէ դիմանալը. մեկից կախված է մեր ռազմավարական անհրաժեշտությունների բավարարումը, մյուսը մեր մեջ  լծակ ունի՝ բերդը ներսից գրավելու՝ անկայունություն պարտադրելու։

Բայց կա մեր ժողովուրդը իր անսպառ կարելիություններով: Պետք է սիրենք, հոգատարություն ցուցաբերենք եւ վստահենք մեր ժողովրդին։

Եվ ի՞նչ ստացվեց: Մենք ընդունեցինք թուրքական նախապայմանները, սակայն Թուրքիան նույնիսկ այս արձանագրությունները հապաղում է վավերացնել, որովհետեւ իր եւ Ադրբեջանի պատերազմը Հայաստանի դեմ ավարտված չէ, ցանկանում է ամբողջական պարտություն մատնել մեզ, ու շարունակվում է ճնշումը, նորանոր զիջումներ է պահանջում: Այսինքն' շարունակում է պատերազմել Հայաստանի դեմ, փակ է պահում սահմանը, չի վավերացնում արձանագրությունները, որպեսզի Ղարաբաղի հարցով եւս հասնի արդյունքի, եւ հաջողում է: Եթե ճնշվող կա, ճնշող միշտ լինելու է։

Պարտությունը չարիք է: Քաղաքական, ազգային կամք է պետք  դրսեւորել՝ կասեցնելու պարտության ընթացքը։ Վտանգված է նաեւ մեր ազգային մեկությունը, սթափվել է պետք։

Մեր իրականությունը երկփեղկվել է: Մենք դեմ ենք այս տեսակ արձանագրություններին, ուրիշները կողմ են։ Մի առիթով ասել եմ. արձանագրություններից ավելի մեծ վտանգի առջեւ ենք կանգնած՝ ազգի պառակտման խնդրի։ Ի՞նչ անենք, որ երկփեղկումը առճակատման, թշնամանքի չվերածվի եւ ինչո՞ւ պետք է չվերածվի։

Մենք հակաթուրք չենք, եւ մյուս կողմն էլ թրքամետ չէ։ Մենք դեմ ենք Թուրքիայի ուրացման քաղաքականությանը, Թուրքիայի հակահայ քաղաքականության, սակայն մենք կողմ ենք հայ-թուրք հարաբերությունների վերականգնման, սահմանի բացման:  Մենք դեմ ենք ստորացուցիչ պայմաններին, դեմ ենք որեւէ նախապայմանի ընդունման։

Ասում են' Դաշնակցությունը դեմ է, եւ դա բնական է: Բայց ինչո՞ւ է բնական։ Ասում են ու տարածում՝ նոր ներդրում անելով բոլշեւիկյան, ՀՀՇ-ական քարոզչության կապիտալի վրա. Դաշնակցությունը հակաթուրք կազմակերպություն է, ինչ պայմանագիր էլ ստորագրվի, նրանք դեմ են լինելու։ Սուտ է, դեզինֆորմացիա է: Ճիշտ է, մենք պայքարի ամենից մեծ պատմությունը ունենք թուրքական պետության դեմ, սակայնեւ ամենից շատ ենք ճաշակել թուրքերի հետ գործ բռնելու դառը հետեւանքները։ Մենք մեկ անգամ եւս հայտարարում ենք. մենք դեմ չենք հարաբերությունների ստեղծմանը եւ սահմանների բացմանը, սակայն մենք դեմ ենք ստորագրված այս արձանագրություններին։

Դեմ ենք, որովհետեւ իշխանություններն  ընդունել են թուրքական նախապայմանները. ճանաչելով թուրքական սահմանը' հրաժարվել են մեր հայրենիքի կորուսյալ մասից։

Թուրքիայի արտաքին գործոց նախարարը այսպես է ներկայացրել արձանագրությունների կարեւորությունը Թուրքիայի համար իրենց Մեծ Ժողովում. □արձանագրությունների մեջ երկու երկրների միջեւ գոյություն ունեցող ընդհանուր սահմանը փոխադարձ ճանաչվում է՝ սահմանված միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով։ Այս կերպ եւս մեկ անգամ վերահաստատվում է Հայաստանի հետ գոյություն ունեցող մեր ընդհանուր սահմանի իրավական հիմքը կազմող Կարսի պայմանագրի իրավական ուժ ունենալը եւ պարտավորեցնելը□։

Արձանագրություններով  այսօրվա իշխանությունները ճանաչել են Թուրքիա-Հայաստան սահմանը: Թուրքիան այսպես է ներկայացնում հաչս աշխարհի, մենք ի՞նչ ունենք պատասխանելու։ Սեւով ճերմակի վրա գրված փաստի եւ հաչս միջազգային հանրության ներկայացված մեկնաբանությունների, մեր իշխանությունները հավաստիացնում են. թուրքական ոչ մի նախապայման ընդունված չէ։ Ի՞նչ անի մեր ժողովուրդը կամ միջազգային հանրությունը՝ հավատա՞ սեւով ճերմակի վրա գրված, օրն ի բուն պաշտոնական Թուրքիայի կողմից շեփորված փաստին, թե՞ մեր իշխանությունների թույլ, անհամարձակ  հավաստիացումներին։

Ու մեր ընդդիմախոսները անմիջապես մոռանալու են, որ հավաստիացում են տվել, որ որեւէ նախապայման չի ընդունվել, ու հնչեցնելու են մեղադրանքների շարանը. □Դուք կարծում եք՝ հնարավո՞ր է դիվանագիտական հարաբերություններ ստեղծել մի երկրի հետ՝ առանց ճանաչելու տվյալ երկրի սահմանները□։

Այո, ոչ միայն  կարծում ենք, այլեւ դա է ասում միջազգային փորձը: Ե՞րբ է եղել, որ դիվանագիտական հարաբերություններ ստեղծող փաստաթղթում ճանաչվի նաեւ գործող սահմանը։ ՄԱԿ-ի անդամ 200-ից ավելի պետություններից շուրջ 140-ը, որոնք միմյանց հետ ունեն դիվանագիտական հարաբերություններ, ունեն նաեւ սահմանների հարց, բայց դա չի խանգարել նրանց հարաբերություններ ստեղծել։ Դեռ նոր է Սիրիա-Թուրքիա հարաբերությունների սերտացման փաստը, բոլորին ծանոթ է, որ Սիրիան տարածքային հարց ունի Թուրքիայի հետ: Վստահ եմ' Թուրքիան Սիրիայից էլ է պահանջել ճանաչել իր սահմանները, բայց Սիրիան գլուխ չի ծռել, ու վերջ։ Դա է փաստը։

Մենք հասկանում ենք' այսօր  Հայատանը  հնարավորություն չունի Թուրքիայից հողային պահանջի օրակարգ ունենալ, սակայն պահանջ ներկայացնելը մեկ հարց է, պահանջից հրաժարվելը' այլ։ Մենք չենք կարծում, թե այսօր հողային պահանջ պետք է ներկայացնենք Թուրքիային, բայց  այսօրվա իշխանություններին ո՞վ է տվել իրավունքը, այսրոպեական հաշիվներից մեկնած, մեր սերունդների իրավունքը մանրադրամի վերածել։

Գիտեմ' շուկայական հաշիվներով ապրող, նույնիսկ պետական հանգամանքի տեր դարձած մարդկանց համար սերունդների իրավունքը ոչ մի բան ասող հասկացություն է, լավագույն դեպքում այն կարող է համարվել ռոմանտիզմ: Թող լինի ռոմանտիզմ, ոչ ոք իրավունք չունի այդ ռոմանտիզմից զրկել մեր ժողովրդին. դա կենսական անհրաժեշտություն է մեր ժողովրդի համար։ Ժողովուրդը պետք է ունենա տեսիլք, հեռանկար, որպեսզի իբրեւ ազգ ապրի եւ զարգանա, հարատեւի եւ իր բաժին մասնակցությունը ունենա համամարդկային արժեքների ու քաղաքակրթության կերտման գործում։ Սրանից 30 տարի առաջ ոչ մի □իրատես□ քաղաքական գործիչ չէր կարող հաշվարկել, որ հայկական Արցախը այդքան շուտ կարող է Հայաստան դառնալ։ Մենք վստահ ենք' եթե ոչ մեր սերունդը, ապա մեր զավակները, մեր թոռները տեսնելու են ազատ Վանը, Կարսը, Արդահանը՝ իբրեւ Հայաստան։ Ով չի հավատում այս իրողությանը կամ երազանքին, նա չի կարող ղեկավարել Հայկական պետականությունը։

Արձանագրություններով իշխանությունները ընդունում են, որ պատմական հարթությամբ զբաղվող ինչ-որ ենթահանձնաժողովի կողմից, հայ, թուրք, շվեյցարացի եւ այլ միջազգային փորձագետների մասնակցությամբ, քննության նյութ դառնան պատմական փաստաթղթեր, արխիվներ: Սակայն  իշխանությունները պնդում են, թե խոսքը Հայոց ցեղասպանությանը չի վերաբերում: Ինչի՞ն է վերաբերում ապա, եթե այդպես են հասկանում, մեկնաբանում պաշտոնական Թուրքիան, ԱՄՆ, Եվրամիության ղեկավարները, այլ միջազգային դեմքեր։

Մինչդեռ իշխանությունները մերկ հավաստիացումներ են տալիս. Ցեղասպանության հարցը քննության ենթակա չէ, ու դեռ պատահած ուժ են տալիս  իրենց կոկորդին՝ ոչ եւ հարյուր անգամ ոչ են գոռում։ Եթե այդպես է, ինչո՞ւ եք ընդունել այս արձանագրությունների հիշյալ պարբերությունը, ի՞նչ պատմական հարցերի հստակեցման համար էր անհրաժեշտ միջազգային փորձագետների մասնակցությամբ քննության նյութ դարձնել արխիվները, ո՞ւմ էիք խաբում' միջազգային հանրությա՞նը, Թուրքիայի՞ն, թե՞ սեփական ժողովրդին։ Եվ ինչո՞ւ այս ընթացքում, հակառակ Թուրքիայի ակտիվ դերակատարության, դուք հրաժարվեցիք նվազագույն աջակցություն բերել Ցեղասպանության հարցի միջազգային, մասնավորաբար՝ ԱՄՆ Կոնգրեսի կողմից ընդունման ճիգերին։

Այսօր այս բեմից առաջարկում եմ. եթե անկեղծ եք, թող Սահմանադրական դատարանը իր մեկնաբանություններով, իսկ Ազգային Ժողովը' իր վերապահումներով հստակեցնի, որ Ցեղասպանության հարցը որեւէ կերպ քննության նյութ չի կարող լինել, թող հստակեցվեն  արձանագրությունների խնդրահարույց  կետերը: Հստակ, իրավական ձեւակերպում տվեք, որ Հայաստանի Հանրապետությունը այդպես չի հասկանում եւ չի ընդունում, որ նվազագույնի իջնի ձեր մեղքի բաժինը։ Հենց այս օրերին  Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դարձյալ ԱՄՆ Կոնգրեսում քննության նյութ դարձնելու աշխատանք կա: Թող նախագահ Սերժ Սարգսյանը իր հերթին դիմի ԱՄՆ կոնգրեսականներին՝ Հայոց ցեղասպանության  ճանաչման հորդորով։

Հայոց ցեղասպանության հարցը ո՛չ պատմական թեմա է, ո՛չ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման սակարկության նյութ: Այն հայ ժողովրդի, ի դեպ՝ բովանդակ հայ ժողովրդի, խոցված արժանապատվության հարցն է, Հայաստան պետության անվտանգության հարցն է։ Ով չի գիտակցում այս իրողությունը՝ հավանաբար կարող է զանազան պետություններում ղեկավար պաշտոներ վարել, բայց երբեք՝ հայկական պետությունում։

Չկա առանձնաբար հայկական Սփյուռք, հայրենաբնակ ժողովուրդ, կա մեկ ամբողջականություն՝ հայ ազգ, որն ունի, պետք է ունենա նույն օրակարգերը, նույն հոգսերը եւ պատասխանատու լինի մեր ընդհանուր ճակատագրի համար։

Որեւէ անվան տակ, որեւէ կերպ ազգը պառակտելու փորձերը դատապարտելի եւ անընդունելի են մեզ համար: Բոլոր այն բարբաջանքները, թե Ցեղասպանության հարցը սփյուռքահայությանն է միայն, բոլոր  փորձերը՝ Սփյուռքը առանձնաբար կազմակերպելու կամ Սփյուռքը պիտակավորելու, նույնպես ծառայում են պառակտման նպատակին։

Ժամանակն է խորհել եւ, այլ ժողովուրդների ու պետությունների փորձը նկատի ունենալով, գտնել ուղիներ' ՀՀ ընդլայնված Ազգային Ժողովում սփյուռքահայությանը հատուկ տեղեր վերապահելու, որոնք ներպետական հարցերում կունենան  խորհրդակցական ձայնի, իսկ համահայկական օրակարգերում' վճռական ձայնի իրավունք։ Ազգի մեկությունը նաեւ արտահայտված պետք է լինի պետական կազմակերպվածությամբ։

Ազգի պառակտմանն են ծառայում նաեւ կեղծ օրակարգերը, որոնք ժամանակ առ ժամանակ հրապարակ են նետվում, օրինակ' պետական եւ ազգային շահերի տարբերության ու հակադրության մասին իբրեւ թե քննարկումները։

Չկա □պետական շահ□, □ազգային շահ□ հասկացությունների մեջ հակադրություն, կա ազգային պետականություն, որն ազգի հարատեւության, անվտանգության, զարգացման երաշխավորն է,  եւ՝ կա ազգ, որի համար պետականությունը, նրա պահպանումը, անվտանգությունն ու կենսունակության ապահովումը իր հավաքական եւ ընդհանուր իղձերի իրականացման համար հիմնական միջոց է։ Ազգի կազմակերպվածության գերագույն ձեւը պետականությունն է: Առանց պետականության՝ ազգային իղձերի իրականացումը ցնորք է, պետականությունը միջոց է, որ չի կարելի առանձնացնել հիմնական նպատակից։

Հիմա' մեր, մեր ներքին քաղաքական իրականությունների ու Դաշնակցության մասին։ Եթե մի քիչ խորանանք  ներքին քարոզչական իրականության մեջ, կթվա, թե քաղաքական ուժերն ավելի շատ են մտահոգ, թե Դաշնակցությունը ինչ պետք է անի եւ ինչը ճիշտ չի անում: Ոչ մի խոսք, թե այն, ինչ կարծում են' Դաշնակցությունը պետք է անի, իրենք ինչո՞ւ չեն անում. մեր դեմ հակաքարոզչություն կա. իբր՝ մեր ընդդիմադիր պահվածքը շինծու խաղ է, որ խաղում ենք՝ համաձայնեցված նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Հետաքրքիրն այն է, որ այս քարոզչությանը հետամուտ են թե՛ իշխանությունները եւ թե՛ ՀՀՇ-ական ընդդիմությունը: Երկուսն էլ մտահոգ են, որ թույլ չտան իրենցով ձեւավորված երկու բեւեռներից դուրս որեւէ  ինքնուրույն ուժ կայանա: Նրանք փորձում են իրենցով ղեկավարելի պահել ամբողջ քաղաքական դաշտը։ Եթե չի հաջողվում, փորձում են քարոզչական այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ մյուսները ակամա անեն այն, ինչ իրենք են ուզում, այլապես կպիտակավորվեն։ Այսօր, երբ ապրում ենք քարոզչության տեռորի մթնոլորտում, երբ իրականությունները խեղաթյուրված են ներկայացվում մեր ժողովրդին, հասարակությունը այս ժխորի մեջ դժվար է կողմնորոշվում: Մենք պետք է շարունակենք մնալ ինքնավստահ, ինքնուրույն, հաստատակամ։ Մեր ուղին ճիշտ է, արդար է, մենք հաղթելու ենք։

Մեզ մեղադրում են, որ Դաշնակցությունը իր ամբողջ ուժով չի հարվածում, չի պայքարում իշխանափոխության համար։

Իհարկե, այստեղ խոսքը մեթոդների մասին է եւ երբեք՝ էության: Բայց, այդուամենայնիվ, ճիշտ են ասում, որովհետեւ մենք պատասխանատու կուսակցություն ենք եւ երբեք չենք աշխատելու օտարի համար։ Մեր պայքարից պետք է շահի մեր երկիրն ու ժողովուրդը, մեր գաղափարական շարժումը։ Պատասխանատու ուժը պետք է հաշվարկված պայքարի դուրս գա, հարվածներիդ թափը չպետք է գերազանցի քո իրական հնարավորությունները եւ պետք է ինքնուրույն ուժի վրա հիմնված լինի, այլապես այդ պայքարը կվերածվի արկածախնդրության, կմնաս կես ճամփին կամ վատը կփոխարինես ավելի վատով։

Մենք պայքարում ենք ավելի լավ Հայաստանի համար:  Ամենօրյա աշխատանքով  մեր ծրագրերի շուրջ մենք պետք է համախմբենք գիտակից ժողովուրդ եւ ապահովենք ամենքիս հաջողությունը, որ լինելու է իրապես հաջողություն եւ տեւական հաջողություն։ Ապա թե ոչ՝ ընդդեմի ու հակադրության ֆոնի վրա, ատելությամբ կուրացած ամբոխի վրա հիմնված ուժը, որ չգիտի՝ ինչի համար, որ ծրագրի համար է դուրս եկել հրապարակ, միայն ժամանակավոր հաջողություն կարող է ունենալ' իրականում, սակայն,  հեռացնելով  վերջնական հաղթանակի օրը։

Մենք արդեն հրատարակել ենք  Դաշնակցության նորացված պլատֆորմը, որի շուրջ պետք է համախմբենք մեր ժողովրդին եւ քայլենք առաջ' քաջ գիտակցելով, թե ուր ենք գնում։

Մենք հետամուտ ենք լինելու մեր երկրում սոցիալական արդարության հաստատման գործին, որովհետեւ ազգային հարցեր ունեցող որեւէ ժողովրդի համար սոցիալական արդարության հաստատումը անխուսափելի անհրաժեշտություն է ազգային-պետական շահերը պաշտպանելու, ինքնիշխան պետություն լինելու ճանապարհին։

Մենք հետամուտ ենք լինելու, որ Հայաստան երկրում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ ստեղծվի, համերաշխություն, ներքին կայունություն տիրի: Որ մեկս մյուսին իբրեւ եղբոր ու ազգակցի նայենք, որ օրենքի առաջ բոլորը հավասար լինեն, որ բացառվի ամենաթողությունն ու զոռբայությունը:

Մենք հետամուտ ենք լինելու, որ արարելու, ստեղծելու, մեր ինքնատիպ մշակույթը լիարժեք զարգացնելու հնարավորություն ունենա յուրաքանչյուր անհատ եւ հայ հավաքականությունը՝ իր ամբողջության մեջ: Որ երիտասարդը վստահի իր երկրին, ապագա ու հեռանկար տեսնի, որ տարեցը հարգանք ու անդորր գտնի: Որ բարեկեցիկ դառնա ամեն մի ընտանիք:

Միայն այդպես, միայն այդ ճանապարհով մենք կկարողանանք դիմակայել  արտաքին ճնշումներին եւ ազգային միասնական ճակատ ձեւավորել ու պաշտպանել մեր անկախ պետության ինքնուրույնությունը եւ մեր ժողովրդի իրավունքները:

Հիմնական լուծումներ են պետք: Դաշնակցությունը գնում է հիմնական լուծումների:

Այս խորագրի վերջին նյութերը