Կարծիք

09.06.2016 17:55


ՀԱՄԱԽՄԲՈւՄ-ը հասցրել է լուրջ «ցնցումների» ենթարկել իշխանությանը

ՀԱՄԱԽՄԲՈւՄ-ը հասցրել է լուրջ «ցնցումների» ենթարկել իշխանությանը

Սահմանադրական փոփոխությունների, իսկ ավելի շուտ՝ «նախաձեռնողականների» իշխանության վերարտադրության «ապոլոգետները» թմբկահարում էին, որ փոփոխություններն արվում են ընդդիմության դերն ուժեղացնելու համար:
Իշխանության ներկայացուցիչները մարազմի հասնող պատճառաբանություններ էին բերում. իբր, ընդդիմությունը երկրում կայացած չէ, այդ պատճառով էլ իշխանությունը տապալում են ամենն ու ամեն ինչ:
Գործող իշխանությունը վերարտադրող փաստաթուղթն անցկացնելուց հետո, ինչպես և սպասում էր հասարակությունը, ընդդիմության դերի ոչ միայն ուժեղացում տեղի չունեցավ, այլև շարունակվեց պետական մակարդակով անցկացվող քաղաքականությունը հակառակ դաշտում գտնվող ուժերի համար:
Փետրվարյան հայտնի դեպքերից հետո քաղաքական դաշտը հայտնվեց վակուումի մեջ, որը, սակայն, երկար չտևեց, և արդեն մեկ տարի անց հայաստանյան քաղաքական դաշտում հայտնվեց քաղաքական լուրջ հայտ ներկայացնող ուժ՝ ՀԱՄԱԽՄԲՈւՄ-ը: Ճիշտ է՝ կուսակցությունը դեռ գտնվում է ձևավորման փուլում, և դեռ առաջին համագումարն էլ տեղի չի ունեցել, բայց հասցրել է լուրջ «ցնցումների» ենթարկել իշխանությանը: ՀԱՄԱԽՄԲՄԱՆ նախաձեռնող խմբի անդամներն անգամ Հայաստանի զարգացման ծրագիր չեն ներկայացրել, իսկ իշխանական «քարոզչամեքենան» լծվել է «քննադատության» գործին փողոցային ամենավերջին բառապաշարով:
Հասկանալի է, որ գործող իշխանությունը չի կարող քաղաքական մեթոդներով մրցակցել ՀԱՄԱԽՄԲՄԱՆ հետ (չենք մոռանում, որ, ըստ Սահմանադրության, մենք ժողովրդավար երկիր ենք համարվում, և իշխանությունը ձևավորվում է քաղաքական պայքարի միջոցով և այլն), այդ իսկ պատճառով անձնական վիրավորանքներ է տեղում՝ ցուցադրելով սեփական քաղաքական մերկությունը:
Քննադատել առկա փուլում ՀԱՄԱԽՄԲՄԱՆԸ, որը դեռ չի ներկայացել իր ծրագրերով, առավել ևս՝ դեռ ներկայացված չէ նաև խորհրդարանում (բայց հույս ունենանք, որ արդեն մյուս տարի ժողովրդի քվեն կապահովի կուսակցության ներկայացվածությունը խորհրդարանում), նշանակում է, որ գործող իշխանությունը լուրջ մտահոգված է և պոտենցիալ վտանգ է զգում: Իսկ դա նշանակում է, որ ՀԱՄԱԽՄԲՈւՄ-ը հենց այն ուժն է, որի շուրջ կարելի է համախմբվել հիմա, իսկ ծրագիրը ներկայացնելուց հետո պետք է ու պարտադիր է համախմբվել հետո:
Ավելի քան վստահ եմ, որ ՀԱՄԱԽՄԲՄԱՆ նախաձեռնող խմբի անդամները նոր որակ կապահովեն հայաստանյան քաղաքական փոխհարաբերությունների դաշտում, և երկրի զարգացման որակյալ ու նոր մոտեցումներով հանդես կգան:
Միայն քաղաքական պայքարի շնորհիվ Հայաստանն ունակ կլինի լուծել իր առաջ դրված մարտահրավերները: Իսկ իշխանությունները թող չկասկածեն, որ ՀԱՄԱԽՄԲՈւՄ-ը կապահովի այդ պայքարը քաղաքական դաշտում, որի արդունքում պարզ կդառնա՝ ով ով է:

Հակոբ Տեր–Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը