Խմբագրական

02.06.2016 14:38


Ինչ է առաջարկում Սամվել Բաբայանը

Ինչ է առաջարկում Սամվել Բաբայանը

Ինչպեսև սպասվում էր, ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի՝ ապրիլյան մարտերին վերաբերող գնահատականներին, առաջարկներին լուրջ ընդդիմախոսություն չեղավ։ Չէր էլ կարող լինել, քանզի մի բան է, երբ գնահատական է տալիս ինչ–որ մեկը, և այլ բան, երբ գնահատական տվողը գործի մասնագետն է։

Պարզվեց՝ իշխանություններին ոչ թե առաջարկներ ու անկեղծ գնահատականներ են պետք, այլ «ներազգային միասնության» իմիտացիա և ծածկադմփոց։

Բ26–ին հիմա այլ բան չի մնում, քան ֆեյքերի և «ռազմահայրենասերների» հետևում թաքնվելն ու նրանց միջոցով պատերի տակի խոսակցություն ծավալելը։ Դրանց, բնականաբար, իմաստ չկա անդրադառնալ։ Փոխարենը՝ արժե մանրամասնել, թե ինչ առաջարկ է ներկայացնում Բաբայանը։ Մեր հանրությանը հենց դա է հետաքրքրում։

Ինչպես ցույց տվեցին ապրիլյան մարտերը, և ինչպես ճիշտ նկատեց Բաբայանն իր հարցազրույցում, ակնհայտ է, որ Ադրբեջանի մարտավարությունը հարձակողական է։ Իսկ դա նշանակում է, որ մենք ոչ թե պետք է մրցավազքի մեջ մտնենք ու փորձենք նույն զինատեսակներն ունենալ, ինչ Ադրբեջանը, այլ պաշտպանական զենքեր ունենանք ու հակահարձակման մարտավարություն ընտրենք։ Մեզ որևէ մեկը չի կարող արգելել պաշտպանական զենք ունենալու հարցում, ռուսներն էլ ստիպված չեն լինի Ադրբեջանին չնեղացնելու համար Հայաստանին մերժել:

Ընդ որում՝ չպետք է մոռանալ, որ մեր պաշտպանական համակարգը պետք է ներառի մեր զույգ պետությունները։ Մինչև Երևանը պաշտպանված չլինի, անհեթեթություն է Բաքուն խփելու մասին խոսելը։ Նախիջևանում հրթիռային համակարգեր են տեղակայված, որոնց նշանակետը Երևանն է։ Մեր ժողովուրդը և ռազմական ղեկավարությունը տեղյա՞կ են այդ մասին, պատրա՞ստ ենք հարձակմանը։ Եթե Բաքուն ուզում ենք ջնջել, ապա պատրա՞ստ ենք Երևանն էլ ավերակների վերածել...

Բաբայանի առաջակը հիմնված է չորս հենասյուների վրա՝

1. Ապահովել Հայաստանի ու Ղարաբաղի օդային անվտանգությունը, այսինքն՝ ունենալ զինատեսակներ, որոնք արդյունավետ ձևով կփակեն օդը և թույլ չեն տա հակառակորդին վերևից մեզ սպառնալ, լինի դա անօդաչու սարք, հրթիռ, ինքնաթիռ և այլն։

2. Ունենալ այնպիսի պաշտպանական միջոցներ, որոնք շարքից կհանեն հակառակորդի հրետանին իր իսկ տարածքում։ Դա մեզ թույլ կտա մարդկային կյանքեր խնայել, ինչպես նաև հակահարձակման հնարավորություն ստանալ։ Բաբայանը սխալ է համարում «ՏՕՍ»–ի դեմ «ՏՕՍ» առնելու կամ «Սմերչի» դեմ «Սմերչ» առնելու մեր այժմյան մոտեցումը։

Ինչպես նկատել է Բաբայանը, Ադրբեջանի հետ այս հարցում անիմաստ է մրցավազքի մեջ մտնելը. ոչ այդքան փող ունենք, ոչ էլ այդքան մարդկային ռեսուրս, որ կորուստներ տանք ու հետո ասենք՝ դե, կռիվ է, զոհեր էլ են լինում, գնացեք զոհվեք հանուն հայրենիքի: Մեր ամեն մի զինվորի կյանքը թանկ է մեզ համար: Մենք Ադրբեջանը չենք, որը թքած ունի իր զինվորի կյանքի վրա:

3. Երբ մեր օդը փակ է, և հակառակորդի հրետանին՝ շարքից դուրս եկած, ապա կարելի է վստահ լինել, որ այնտեղ կսսկվեն, խուճապի կմատնվեն ու փախուստի կդիմեն։ Իսկ եթե հանկարծ խելագարություն անեն ու որոշեն հետևակի միջոցով գրոհել, ապա, ըստ Բաբայանի, մենք այդ դեպքերի համար պետք է ունենանք համապատասխան զինատեսակներ, որպեսզի դիմավորենք նրանց ու ճանապարհենք շատ հեռու։

Իսկ թե ինչ զինատեսակներ են պետք, և ինչ մարտավարություն պետք է կիրառել, Բաբայանը ներկայացրել էր 2013–ին Սերժ Սարգսյանին ուղարկած նամակում (նամակի այդ հատվածը «7 օրը», հասկանալի պատճառներով, չի հրապարակել)։

Ինչ մնում է Բաբայանի առաջարկած նոր ռազմավարության 4–րդ կետին, ապա դա վերաբերում է ընթացիկ իրավիճակին։

Որպեսզի ամեն օր սահմանի վրա մեկ–երկու զոհ չտանք, պետք է վերադասավորել առաջնագիծը, հակառակորդին պահել անհրաժեշտ հեռավորության վրա և փոխել դիրքապահների խտությունը։

Ամենագլխավորն այն է, որ Բաբայանն իր ռազմավարության հիմքում դնում է մեր զինվորի կյանքը, ապա նոր միայն՝ հակառակորդին ոչնչացնելու և նրան անդառնալի կորուստներ պատճառելու խնդիրը:

Սրա մասին է խոսում Բաբայանը։ Մնացածը երկրորդական է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը