Մեկնաբանություն

18.04.2016 18:10


Ընտրակեղծարարության նախապատրաստում՝ «ներազգային համախմբման» կոչերի ներքո

Ընտրակեղծարարության նախապատրաստում՝ «ներազգային համախմբման» կոչերի ներքո

Ինչպես հայտնի է, Լևոն Տեր–Պետրոսյաննառաջարկում է ներքին հարցերը մի կողմ դնել ու համախմբվել Սերժ Սարգսյանի շուրջը, որպեսզի վերջինս Ղարաբաղի հարցով ուժեղի դիրքերից բանակցի։

Առաջին հայացքից ռազմահայրենասիրական գաղափար է, բայց իրականում՝ շարքային հաճախորդություն։

«Համախմբման» այդ կոչը ներքաղաքական ենթատեքստ ունի։ Ղարաբաղը միայն պատրվակ է։ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողին էլ է պարզ, որ Ղարաբաղի հարցում բանակցությունները կարող են վերսկսվել առաջիկայում, բայց ավարտվել տարիներ կամ անգամ տասնամյակներ հետո։ Պարզ է, որ որևէ համապարփակ համաձայնագրի ստորագրում ղարաբաղյան հակամարտության թեմայով մոտ ապագայում չի սպասվում։ Իսկ դա նշանակում է, որ եթե հայտարարվում է, թե եկեք համախմբվենք, որպեսզի Սարգսյանը լավ բանակցի, ապա դա կայացած գործարքի քողածածկման նպատակ է հետապնդում։ Գործարքն այդ վերաբերում է ներքաղաքական զարգացումներին։

Փորձը ցույց է տվել, որ ՀՀԿ ղեկավարին սեփական աթոռից բացի այլ բան չի հետաքրքրում։ Ու եթե նա համաձայնել է գնալ ՀԱԿ առաջնորդի տուն, ապա բացառապես սեփական խնդիրների լուծման, այլ ոչ թե մեր երկրի պաշտպանունակությանը վերաբերող հարցերի համար։ Տեր–Պետրոսյանն էլ է ապացուցել, որ բացառապես սեփական խնդիրների լուծման մասին է մտածում։

Սարգսյան–Տեր–Պետրոսյան հանդիպմանը հաջորդող իրադարձությունները ցույց տվեցին, որ կա հստակ դերաբաժանում. Սարգսյանն իր վերարտադրությանը միտված խնդիրն է լուծում, իսկ Տեր–Պետրոսյանը «ներազգային համախմբման» դեմագոգիկ կոչի ներքո պայքարում է ՀՀԿ ղեկավարի ընդդիմախոսների դեմ։ Թե ինչ է ուզում շահել այս գործարքից ՀՀԿ ղեկավարը, ակնհայտ է։ Իսկ թե ինչ է շահում դրանից հանրությունն ու ՀԱԿ–ը որպես կառույց, անհայտ է։ Կարող է անհատապես շահել ՀԱԿ առաջնորդը, բայց դե տվյալ դեպքում մենք քննարկում ենք հանդիպման քաղաքական, այլ ոչ թե ֆինանսատնտեսական կողմը։

Իսկ այն, որ Սարգսյանի վարքագծի ու կառավարման ոճի վրա որևէ ազդեցություն չի թողել չորսօրյա արյունալի պատերազմը և նա մտադիր չէ բարեփոխումներ անել ու զբաղված է բացառապես վերարտադրության խնդիրներով, երևում են նրա քայլերից։

Հրազդանի քաղաքապետի ընտրությունները ցույց տվեցին, որ կարմիր կովն իր կաշին չի փոխելու։ Եթե առաջնորդվենք լևոնական տրամաբանությամբ, ապա չպետք է քննադատենք ընտրակեղծարարներին, որպեսզի ներքաղաքական անկայունություն չլինի, և որպեսզի Սարգսյանը լավ բանակցի Ղարաբաղի հարցում։ Բայց դե ...

Ի դեպ, ուշագրավ է, որ իշխանությունները, օգտվելով պատերազմական թոհուբոհից, համազգային սգից, թաղումներից ու հաճախորդների առաջացրած աղմուկից, տապալեցին «4+4+4» ձևաչափով Ընտրական նոր օրենսգրքի քննարկումները։

Տապալեցին այն առումով, որ չընդունեցին իշխանական կոլաիցիայի մաս չկազմող ԱԺ խմբակցությունների ու քաղաքացիական հասարակության համատեղ հինգ պահանջները։Այդպիսով Սերժ Սարգսյանը ցույց տվեց, որ որևէ զիջում հանրությանը չի պատրաստվում անել։ Նա հանրությանը վերապահել է միայն բանակին զինվոր տալու, իսկ զինվորին վերապահել է սեփական ոգին ու մարմինը թշնամուն դեմ տալու ֆունկցիան։

Բայց ինչքան էլ «էջմիածնական միաբանները» «ներքաղաքական կայունության» ու «ներազգային համախմբման» շրջանակներում սատարեն Սերժ Սարգսյանին, միևնույն է խնդիրները մնում են։

Ընտրական նոր օրենսգրքի հետ կապված այն հինգ պահանջները, որոնց շուրջ քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության միջև կոնսենսուս էր կայացել, անտեսվել են Սերժ Սարգսյանի կողմից։

Այդ պահանջներին պետք է տեր կանգնել անկախ ամեն ինչից։ Հինգ պահանջները հանրային պահանջներ են ու կապ չունի, թե որ քաղաքական ուժը Սերժ Սարգսյանի հետ ինչպիսի հարաբերությունների մեջ է մտել։

Բ26–ը փորձ է անում սահմանում զոհվածների հետ կապված ողբի ներքո «սղացնել» այս արատավոր համակարգն է՛լ ավելի արատավոր դարձնող և առկա խնդիրներն է՛լ ավելի խորացնող Ընտրական նոր օրենսգիրքը, բայց դա պետք է տորպեդահարել։ Մենք սահմանին էլի զոհեր կունենանք ու շատ ավելի մեծ աղետի կհանդիպենք, եթե թիկունքում չկարողանանք հաղթել։ Եվ ուրեմն, պետք է կռիվ տալ բոլոր հարթություններում։ Ամենակարևորներից մեկն այս պահին ԸՆտրական նոր օրենսգիրքն է։

Հայտարարվեց, որ կոնսենսուս չի կայացել ու քննարկումներն ավարտվեցին։ Բայց եթե «4+4+4»ձևաչափը արդյունք չի տվել, ապա դա չի նշանակում, որ հինգ պահանջները հասարակական–քաղաքական օրակարգից դուրս են գալիս։ Հակառակը՝ օրակարգում այդ պահանջները դառնում են հիմնականը և կարիք է առաջանում նոր ձևաչափի։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը