Խմբագրական

08.04.2016 19:35


Ապահովո՞ւմ են արդյոք խաղաղություն խաղաղապահները

Ապահովո՞ւմ են արդյոք խաղաղություն խաղաղապահները

Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումներին զուգահեռ՝ կրկին շրջանառության մեջ է դրվել խաղաղապահների թեման։

Խոսվում է այն մասին, որ հակամարտության կարգավորման կարևոր բաղադրիչներից է խաղաղապահների տեղակայումը կողմերի միջև։ Հիմնավորումներ են ներկայացվում, թե այդպիսով հնարավոր կլինի խաղաղություն ապահովել։ Այդպե՞ս է արդյոք։

Նախ՝ հարկ է նշել, որ խաղաղապահները, որպես կանոն, խաղաղություն չեն ապահովում։ Միջազգային փորձը դա է ապացուցում։

Խաղաղապահների ներկայությունը հակամարտության գոտում և պատերազմող երկրների արանքում ավելի շուտ լարվածության աղբյուր է։ Իրավիճակի ցանկացած փոփոխություն կարող է խաղաղապահներին վերածել կողմերից մեկին պատժող գործիքի։ Բացի այդ՝ խաղաղությունը ոչ թե խաղաղապահների օգնությամբ է լինում, այլ ուժերի հաշվեկշռի։

Եթե հակամարտության խաղաղ կարգավորման փաթեթում կա խաղաղապահների բաղադրիչը, ապա դա նշանակում է, որ գործ ունենք շատ հարաբերական խաղաղության և փխրուն հրադադարի հետ։

Հիշենք ոչ վաղ անցյալի դեպքերը։ 2008–ին Աբխազիայում կային խաղաղապահներ, որոնք շատ արագ դարձան Վրաստանից Աբխազիայի «պոկման» լրջագույն գործիք։

Նախկին Հարավսլավիայում էլ կային խաղաղապահներ, որոնց ներկայությունը, սակայն, հնարավորություն չտվեց խուսափել մեծ արյունահեղությունից։

Այն հարցում, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորում է պետք, երկրորդ կարծիք չի կարող լինել։ Համենայնդեպս, Հայաստանի ու Ղարաբաղի քաղաքացիների ճնշող մեծամասնության ցանկությունն է դա։ Համոզված եմ, որ Ադրբեջանի ողջամիտ շրջանակներն էլ են նույն բանը ցանկանում։ Բայց մի բան է ցանկությունը, մեկ այլ բան՝ իրականությունը։

1994–ի հրադադարից հետո հակամարտող կողմերի միջև առկա ռազմաքաղաքական ու տնտեսական հաշվեկշիռն է կանխել լայնամասշտաբ բախումները։ Ապրիլյան այս թեժ մարտերն էլ, ի վերջո, հարաբերականորեն հանդարտվեցին մեր բանակի և ուժերի հաշվեկշռի, այլ ոչ թե միջնորդների օգնությամբ։

Վերջին տարիներին Հայաստանը թուլացել է, ինչն էլ պատճառ է դարձել Ադրբեջանի լկտի պահվածքի։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանում ու Ղարաբաղում պետք է համապատասխան հետևություններ արվեն, և հիմնարար փոփոխություններ կատարվեն։ Հակառակորդին պետք է պարտադրել խաղաղություն, այլ ոչ թե հույսը դնել գերտերությունների վրա, որոնց շահերը մի օր կարող են համընկնել, իսկ մեկ այլ օր՝ հակադրվել, ինչն էլ իր հերթին կարող է ապակայունացման աղբյուր դառնալ մեր տարածաշրջանում՝ այդտեղից բխող բոլոր անկանխատեսելի ու ողբերգական հետևանքներով։

Եթե Ղարաբաղը, Հայաստանն ու Ադրբեջանը մի ինչ–որ պահի (տեսանելի ապագայում դա չի նշմարվում) գան ընդհանուր հայտարարի, ապա այդ դեպքում հաստատ խաղաղապահների կարիք չի լինի։

Քանի՞ գրոշ արժե այն խաղաղ համաձայնագիրը, որի երաշխավորը պետք է դառնան խաղաղապահները։ Վերջիններիս առկայությունը նշանակում է, որ կողմերի միջև փոխվստահություն չկա, և չկա ուժերի այնպիսի հաշվեկշիռ, որը թույլ կտա վստահ լինել տևական խաղաղության հարցում։ Դե, իսկ եթե չկա այդ փոխվստահությունն ու հաշվեկշիռը, ապա անիմաստ են բոլոր խոսակցություններն ու մտավարժանքները։

Խաղաղապահների թեման պետք է փակել, քանզի այն բխում է գերտերություններից որևէ մեկի (կապ չունի, թե որ գերտերության) շահերից, բայց չի բխում հարավկովկասյան տարածաշրջանի որևէ պետության շահերից։ Քանզի չի կարելի թույլ տալ, որպեսզի մեզ մոտ տեղի ունենա գերտերությունների ռազմական մրցակցություն։ Սիրիայում տեղի ունեցողը ցույց է տալիս, որ գերտերությունների ռազմական մրցակցությունը երկիրը դարձնում է մի մեծ մարտադաշտ:

Ի դեպ, յուրօրինակ խաղաղապահի գործառույթ էր կատարում ԽՍՀՄ բանակը միութենական երկրների համար։ Եվ ի՞նչ։ Բոլորս էլ տեսանք, որ ԽՍՀՄ փլուզումը Ղարաբաղում հանգեցրեց աղետի։ Հիմա մենք նույն ջրի մեջ մտնելուց պետք է խուսափենք։

Թող գերտերությունները միմյանց հետ մրցակցեն մեր տարածաշրջանում տնտեսական առումով։ Իսկ խաղաղությունը Հայաստանն ու Ղարաբաղը պետք է ապահովեն արդյունավետ պետական կառավարման համակարգի ստեղծմամբ, ազատ տնտեսական մրցակցության, ժողովրդավարական հարաբերությունների հաստատման, արդար ընտրական համակարգի ներդրման, քաղաքական ազատությունների արմատավորման և ամենակարևորը՝ մարտունակ բանակի միջոցով։

Անդրանիկ Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը