Խմբագրական

07.04.2016 11:15


Ալիևը փորձում է խմբագրել 1994-ի արդյունքները. Սարգսյանը դեմ չէ

Ալիևը փորձում է խմբագրել 1994-ի արդյունքները. Սարգսյանը դեմ չէ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ Մոսկվայում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի Գլխավոր շտաբի պետերը և ձեռք բերել կրակի դադարեցման մասին պայմանավորվածություն:

Նկատենք, որ սա 2008-ից սկիզբ առած «նախաձեռնողական» քաղաքականության հերթական դրսևորումներից է:

Սարգսյանի ներքին ու արտաքին «նախաձեռնողականության» շնորհիվ Ալիևը փորձում է խմբագրել 1994-ի արդյունքները: Դատելով ամենից՝ ՀՀԿ ղեկավարը դեմ չէ:

Դեմ չէ, քանզի համարում է, որ Ղարաբաղի հյուսիսարևելյան և հարավարևելյան հատվածներում դիրքային կորուստներն ընդամենը 200-300 մետր են, և անհանգստանալու կարիք չկա: Մեզ մնում է այս դեպքում արձանագրել, որ Սարգսյանի գլխավորած իշխանությունը տարածք է հանձնել (կապ չունի, թե դա երկու մետր է, թե երկու հարյուր. ցավոք, իրականությունը շատ ավելի վատն է, բայց մեզ փորձում են համոզել, թե այդքան էլ կարևոր կետեր չեն հանձնվել (իյա՜, իրո՞ք))՝ անպաշտպան թողնելով Թալիշի բնակիչներին, որոնք վայրագությունների զոհ դարձան, ու դիրքերում, ինչպես Գերմանիայում հայտարարվեց, 80-ականների զենքերով կռվող մեր տղերքին:

Մերոնք թշնամուն հակահարված են տվել իրենց կյանքի գնով ու պայքարել են անօդաչու սարքերի դեմ գրեթե «մերկ ձեռքերով»: Մեր զինվորների ոգին ու մոտիվացիան բարձր է, բայց արկի, ժամանակակից տեխնիկայի ու անօդաչու սարքի դեմ միայն ոգին հերիք չէ: Հետևումդ պետք է լինեն արդյունավետ պետական կառավարում, ազատ ու մրցակցային տնտեսություն, ժամանակակից քաղաքական համակարգ, արդար դատական համակարգ և այլն: Այս ամենը մենք չունենք: Ավելին՝ իշխանությունները կեղծ թեզ են առաջ քաշել, թե, իբր, անվտանգությունն ու ժողովրդավարությունն իրար հակասում են:

Բա ասում էիք, թե գերժամանակակից զենքեր եք գնե՜լ, և թալանն ու ընտրակեղծիքներն էլ արդարացնում էիք՝ «Ինչ անում ենք՝ ճակատի համար ենք անում» դեմագոգիկ ձևակերպմամբ:

Բա ասում էիք, թե շատ բաներ ունե՜նք, պարզապես ցույց չենք տալիս, որ Ադրբեջանը չիմանա, բայց պարզվեց, որ անօդաչու սարքերով մերոնց գլխին կրակ են թափում, ու, մեծ հաշվով, դրա դեմն առնող չեղավ: Անգամ պաշտոնյա գեներալը չկարողացավ խուսափել անօդաչուի գործունեությունից (նրա անունը չեմ տալիս, բայց շուտով բոլորը կիմանան, թե ում մասին է խոսքը, քանզի թաքցնել հնարավոր չէ. բարեբախտաբար, գենարալն այդ ոչ թե սպանվել է, ինչպես ադրբեջանական լրատվամիջոցներն են գրում, այլ թեթև վիրավորվել): Ինչևէ:

Ս. Սարգսյանը, փաստորեն, դեմ չէ նաև ղարաբաղյան խնդրի կարգավորման Ալիևի պատկերացրած ձևաչափին, ըստ որի՝ հակամարտող կողմեր են հանդիսանում Հայաստանն ու Ադրբեջանը՝ առանց Ղարաբաղի:

Եթե Սերժ Սարգսյանը դեմ լիներ ալիևյան այդ տարբերակին, ապա մենք 2008-ին չէինք ունենա մայնդորֆյան հռչակագիրը, որտեղ բացակայում է Ղարաբաղի ստորագրությունը:

Չէինք ունենա նաև օրերս Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի Գլխավոր շտաբի պետերի միջև կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը, որը կրկին առանց Ղարաբաղի ներկայացուցչի մասնակցության է ձեռք բերվել: Մինչդեռ 1994-ին հրադադարի համաձայնությունը կայացվել է Հայաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ղեկավարի ստորագրությամբ (Հայաստանի կողմից ստորագրել է Սերժ Սարգսյանը, Ադրբեջանից՝ Մուհամեդռաֆի Մամեդովը, Լեռնային Ղարաբաղից՝ Սամվել Բաբայանը):

Ստորև ձեզ ենք նարկայացնում այդ փաստաթուղթը:

Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ուժային կառույցների ղեկավարների ստորագրությամբ հաստատված այդ փաստաթղթի ծննդին նախորդել էր բիշքեկյան գործընթացը:

Բիշքեկում փաստաթուղթ է ստորագրվել Հայաստանի, Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի խորհրդարանների ղեկավարների մասնակցությամբ (Հայաստանի կողմից ստորագրել է Բ. Արարքցյանը, Ադրբեջանից՝ Ա. Ջալիլովը (ստորագրությունը Ռ. Գուլիևինն է), Լեռնային Ղարաբաղից՝ Կ. Բաբուրյանը):

Իսկ մինչ այդ՝ 1993-ին, այսինքն՝ ռազմական գործողությունների ակտիվ փուլում, հայկական զորամիավորումների հաղթարշավը ստիպել է Ադրբեջանին երկու անգամ ուղիղ դիմել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանին կրակի դադարեցման խնդրանքով: Ասել է թե՝ մերոնք ստիպել են Ադրբեջանին ճանաչել ԼՂՀ սուբյեկտայնությունը և խնդրողի դերում հանդես գալ (տե՛ս կից ներկայացված նամակները):

Եվ այսպես, Ադրբեջանը ստիպված է եղել հաշվի նստել ղարաբաղյան գործոնի հետ և երկու անգամ դիմել Սամվել Բաբայանին, ընդ որում՝ օգտագործելով «Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարություն, բանակի հրամանատարին» դիմելաձևը:

Այդ հիմա է, որ Իլհամ Ալիևն իրեն թույլ է տալիս Լեռնային Ղարաբաղի Զինված ուժերին անվանել ապօրինի բանդա: Սա Սերժ Սարգսյանի վարած «նախաձեռնողական» քաղաքականության ուղղակի հետևանքն է, և չորս օրվա ընթացքում մեր ունեցած տասնյակ զոհերն էլ նրա կառավարման ուղղակի հետևանքն են: Ու պետք չէ մեղադրել մյուսներին:

ՀՀ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովին կամ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին օրերս Մոսկվայում տեղի ունեցածի համար մեղադրելը նույնն է, թե «Ֆուտբոլային» դիվանագիտության համար քննադատես Էդվարդ Նալբանդյանին («Նախագա՛հ, մի՛ զիջիր»), կամ Հայաստանում տեղի ունեցող թալանի համար մեղադրես բոլորին, բացի ՀՀ թիվ մեկ օլիգարխից:

Այս վիճակը փոխելու համար ներքին լրջագույն փոփոխություններ են պետք:

ՀՀԿ ղեկավարն ապացուցել է, որ իր մասնավոր շահերը խոր հակասության մեջ են ՀՀ և ԼՂՀ շահերի հետ: Եվ ուրեմն, այսպես շարունակվելու դեպքում շատ կանխատեսելի և աղետալի արդյունքներ են լինելու: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, հետևաբար, պետք է իր որոշումը կայացնի:

Ղարաբաղում հնարավոր է հաղթել ու պաշտպանել ՀՀ քաղաքացու անվտանգությունը միայն Հայաստանում քաղաքական պատկերը փոխելով: Հակառակ դեպքում չորսօրյա պատերազմը թեթև զորավարժություն կհիշեցնի սպասվող իրադարձությունների համեմատ:

Անդրանիկ Թևանյան

Հ.Գ.: 2008-ից հետո Սերժ Սարգսյանն իրեն դիրքավորեց որպես «Խաղաղության կուսակցության» ներկայացուցիչ և այդ հանգամանքով բացատրեց «նախաձեռնողական» քաղաքականությունը:

Կյանքը, սակայն, հերթական անգամ ապացուցեց, որ «Խաղաղության կուսակցությունը» տանում է մեզ դեպի պատերազմ, ընդ որում՝ անպատրաստ վիճակում:

«Խաղաղության կուսակցությունը» միայն հայտարարելով չէ: «Խաղաղության կուսակցությունն» իրականում այն կուսակցությունն է, որը երկիրը չի թուլացնում, տնտեսությունը հետ չի շպրտում, թալանը պետական կառավարման միակ նպատակ չի դիտարկում, արտագաղթին չի նպաստում և այլն:

«Խաղաղության կուսակցությունը» ներքին լեգիտիմության սուր դեֆիցիտը լրացնելու համար արտաքին «նախաձեռնողականություն» չի ցուցաբերում՝ դրսի բոլոր սուբյեկտներին «այո» ասելով, իսկ Հայաստանի հանրությանը՝ «ոչ»:

Այս խորագրի վերջին նյութերը