Մեկնաբանություն

31.03.2016 10:10


Աճեմօղլուի տեսությունն ու Սարգսյանի պրակտիկան

Աճեմօղլուի տեսությունն ու Սարգսյանի պրակտիկան

Սերժ Սարգսյանն, ըստ էության, տուրիստական այց է կատարել ԱՄՆ: Այդ այցի ընթացքում նա, այդուհանդերձ, ստիպված է մի քանի «պարտադիր-չդզող» հանդիպումների ու միջոցառումների մասնակցել, քանզի նա զբաղեցնում է ՀՀ նախագահի պաշտոնը և պետք է «գալոչկաներ» դնի:

Կարելի է միայն պատկերացնել, թե ինչպիսի դիսկոմֆորտի մեջ է հայտնվում հարսանիքների, ծնունդների, սեղանային այլ միջոցառումների և թղթախաղի սիրահար ու այլ արժեքների կրող ՀՀԿ ղեկավարը, ասենք, Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտում ելույթ ունենալիս: Ելույթ, որն ընթերցվում է ընթերցելու համար, և որը հայասատանյան իրականությունը ներկայացնում է գլխիվայր շուռ տված:

Ընդհանրապես Սարգսյանի ելույթները երկակի ընկալում են առաջացնում: Մի կողմից դրանք բովանդակային առումով քննարկելն անիմաստ է, քանզի ելույթ ունեցողի համար իր սեփական խոսքն արժեք չունի (փորձը բազմիցս հաստատել է այս պնդումը), իսկ մյուս կողմից էլ՝ ելույթը ցույց է տալիս, թե որքան է Հայաստանը մոտեցել նեոբոլշևիզմին ու համայնավարների սիրած դեմագոգիայի սահմանագծին, հետևաբար արժանի է ուշադրության ոչ թե արտաքին, այլ ներքին լսարանի համար:

«Շատ դժվար է իրականացնել որևէ բարեփոխում, եթե հասարակության մեջ սասանված է հավատը արդարության հանդեպ, եթե հասարակական ինստիտուտները չեն արտացոլում հասարակության իրական իղձերը: Շատ դժվար է պատկերացնել ինստիտուտներն այն պարագայում, երբ մարդիկ չեն հավատում դրանց արդյունավետությանը, իրավունքի գերակայությանը և օրենքի առջև բոլորի հավասարությանն՝ առանց որևէ խտրականության»,- հայտնի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուի տեսությունը հիշելուց ու նրան ոչ այնքան ճիշտ մեջբերելուց հետո հայտարարել է Ս. Սարգսյանը համալսարանականների հետ հանդիպման ժամանակ:

Սա դեմագոգիայի դասական օրինակ է: Փաստորեն, ստացվում է, որ բարեփոխումները չեն իրականացվում, քանզի հասարակությունն է մեղավոր: Պատճառահետևանքային կապերը լրիվ փոխված են տեղերով: Ոչ թե բարափոխումները դժվար է իրականացնել, որովհետև հասարակության մեջ սասանված է հավատը արդարության հանդեպ, այլ բարեփոխումների անվան տակ մսխվում են ՀՀ բյուջեն և տնտեսությունը, և դրա հետևանքով հասարակության մոտ սասանված է հավատը ոչ թե արդարության, այլ գործող համակարգի, հաստատված խաղի կանոնների և իշխանության վերին օղակի հանդեպ:

Սակայն եթե հավատալու լինենք Սերժ Սարգսյանին կից «անկախ» մամուլին («1in.am», «Lragir.am» և այլն), ապա ՀՀԿ ղեկավարն ու իր երիտշրջապատը բարի են և ուզում են «գյոզալական» բարեփոխումներ անել, բայց չար Շմայսը, Սարգսյանի կողմից մարզպետ վերանշանակված Լիսկան ու Թոխմախի Մհերը չեն թողնում: Ա՛յ, ա՛յ, ա՛յ...

Թե քանի չորքոտանի կհավատա այդ դեմագոգիային ու հեքիաթին, թողնենք թող Մասաչուսեթսի համալսարանի լաբարանտները պարզեն:

Դե, իսկ Աճեմօղլուին հղում անելը պարզապես ցինիզմ էր: Դա նույնն է, թե ԴԱԻՇ-ի գլխակերներն իրենց ելույթներում հղում անեն Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին:

Աճեմօղլուի տեսությունը խոր հակասության մեջ է «Մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցելու սարգսյանական պրակտիկայի հետ: Այնպես որ, պետք չէ «լապշա կախել» անտեղյակ ունկնդիրների ականջներից:

«Գեբելսյան» քարոզչամեքենայի տարածած այն թեզը, թե, իբր, մականունավորներն ու, այսպես կոչված, օլիգարխներն են մեղավոր, և եթե թույլ տան, ապա իրենք դրախտավայր կկառուցեն, բլեֆ է և բացահայտում է նեոբոլշևիկների կեղծ էությունը:

Սրանք թալանել և թալանում են Հայաստանն ամենախայտառակ ձևով, սակայն հանրությանն ուզում են ներկայանալ ժամանակակից և առաջադեմ տեսքով: Որոտանի կասկադը ձրի վերցրեցին, բենզինի շուկան իրենցով արեցին, լրատվամիջոցների մեծ մասը սեփականաշնորհեցին, հեռուստագովազդի դաշտը գրեթե մենաշնորհային դարձրեցին և այսպես շարունակ: Ու այսքանից հետո խոսել այն մասին, որ բարեփոխումներին խանգարում է հասարակության հավատի բացակայությունը, պարզապես ծիծաղելի է:

Սաշիկները, նեոբոլշևիկների համեմատ, բարության և մարդասիրության մարմնավորում են: Թոխմախների, լիսկաների ու շմայսների արածները սրանց արածների համեմատ մանր չարաճճիություններ են:

«Ֆուտբոլային» դիվանագիտությունը, Ղարաբաղի շուրջ անցանկալի զարգացումները, տնտեսական անկման ապահովումը, Հայաստանի պարտքի քառապատկումը, աղքատության մակարդակի ավելացումը, շուրջ 300 հազար մարդու փախուստը մեր երկրից, գաղջ մթնոլորի ձևավորումը սաշիկները, թոխմախները և շմայսները չեն իրականացրել: Դա արել են Սերժ Սարգսյանն ու իր նեղ շրջապատը: Մնացածը դեմագոգիա է: Հանրությունը, հետևաբար, չպետք է կեղծ ընտրություն կատարի շմայսների և երիտբոլշևիկների միջև, հատկապես որ վերջիններս գիշատչական ախորժակով խժռում են Հայաստանի հնարավորությունները, իսկ մականունավորներն ընդամենը սրանց ձեռքում գործիք են, որոնց օգտագործում են, «Գեբելսյան» քարոզչամեքենայով դարձնում «բոբո» և տակից իրականացնում տոտալ թալան:

Եվ ուրեմն, լիսկաների ու երիտբոլշևիկների միջև ընտրություն կատարելու հարցը չէ Հայաստանի օրակարգում: Այդ օրակարգում ստեղծված իրավիճակի փոփոխությունն է, մրցակցային տնտեսաքաղաքական համակարգի ձևավորումն ու համախմբման միջոցով արդար Հայաստանի ստեղծումը:

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը