Աշխարհ

22.03.2016 14:05


Նադյա Մուրադ. «Հազարավոր կանայք և երեխաներ Սիրիայում և Իրաքում վարձով են տրվում»

Նադյա Մուրադ. «Հազարավոր կանայք և երեխաներ Սիրիայում և Իրաքում վարձով են տրվում»

Եզդի իրավապաշտպան Նադյա Մուրադ Բասի Թահան, ում հաջողվել է փախչելով ազատվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման սեռական ստրկությունից և ՄԱԿ-ի ամբիոնից պատմել ԻՊ կողմից եզդիների հանդեպ կատարվող հանցագործությունների մասին, ինչի համար Նադյան 2016թ. հունվարին ստացել է Նոբելյան մրցանակ, «RT»-ին տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր գերության և փախուստին հաջորդած կյանքի մասին:

Պատասխանելով հաղորդավար Սոֆիկո Շևարնաձեի այն հարցին՝ արդյոք չի՞ վախենում ահաբեկիչների հալածանքներից՝ Նադյան խոստովանել է, որ այն ամենից հետո, ինչ տեղի է ունեցել իր հետ, նրա կյանքն այլևս որևէ նշանակություն չունի իր համար:

«Ես այլևս կորցնելու բան չունեմ: Ունեի ընտանիք, սակայն կորցրեցի այն: Ես ապրում էի հասարակության մեջ, սակայն այն հոշոտված է և այլևս միասնական չէ: Մինչ օրս 3400 եզդի կանայք և երեխաներ Սիրիայում և Իրաքում վաճառվում են, տրվում վարձով, հանդիսանում են փոխանակման առարկա: Ոչ ոք չի օգնում եզդիներին: Այդ իսկ պատճռով ես այլևս չեմ վախենում ինձ համար: Ես այլևս կորցնելու բան չունեմ: Ես կորցրեցի ամեն ինչ՝ պատիվն ու արժանապատվությունը, ընտանիքը և հասարակությունը, որում ապրում էի», - պատմել է Նադյան:

Մեկնաբանելով Նոբելյան մրցանակ ստանալու փաստը՝ իրավապաշտպանն ասել է, որ դեռ մեծ գործ և շատ կարևոր առաքելություն ունի:

«Դրանք ցանկացած մրցանակից կարևոր են: Մի ամբողջ ազգ, իմ ազգը՝ կես միլիոն եզդի, վտարվել է իր հայրենիքից։ Հազարավորները սպանվել են: Մինչ այժմ ոչ մի կառույց չի օգնել ազատել աղջիկներին: Մինչ այժմ ոչ ոք ոչ մի երկրից չի եկել Սինջար՝ տեսնելու մեր գերեզմանները: Սինջարի հողը պատված է մեր ժողովրդի սպանված որդիներով և դուստրերով: Այո՛, ինձ առաջադրել են իբրև Նոբելյան մրցանակի թեկնածու, սակայն թող այդ մրցանակը լինի իմ ժողովրդի համար, բոլոր փոքրամասնությունների և ժողովուրդների համար, որոնց վտանգ է սպառնում, խոշտանգումներից տառապող ամեն մի երեխայի և կնոջ համար: Ինձ համար դա լինելու է ամբողջ աշխարհի կողմից հարգված սրբազան մրցանակ: Ես մեծ գործ ունեմ, մի ամբողջ ազգ ունեմ, որը ենթարկվել է ցեղասպանության: Եվ մինչ այժմ այդ ցեղասպանությունը եզդիների նկատմամբ շարունակվում է», - ասել է Նադյան:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը