Մեկնաբանություն

22.03.2016 10:59


Սերժ Սարգսյանի «խոսկան» և «չխոսկան» շրջապատը

Սերժ Սարգսյանի «խոսկան» և «չխոսկան» շրջապատը

2008-ի նախագահական ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը մի քարոզչական մարտավարություն ընտրեց, ըստ որի՝ ինքը ոչ թե «հայերեն վատ խոսող» մականունավորների ներկայացուցիչն է, այլ ուսյալ-կրթյալների առաջնորդը, ով կապ չունի քրեաօլիգարխիայի հետ:

Այդ մարտավարության շրջանակներում շմայսներին ու մանվելներին արգելվեց հրապարակայնորեն խոսելը և հեռուստախցիկների առաջ երևալը: Առաջ մղվեցին Տիգրան Սարգսյանը, Ներսես Երիցյանը և նմանատիպ դեմքերը:

Հաշվարկն այն էր, որ հայ քաղքենու և անտեղյակի վրա պետք է տպավորություն թողնեին նախկին վարչապետի տերտերական առոգանությամբ մատուցվող ելույթները, էկոնոմիկայի նախկին նախարարի նյուվասյուկիստական ծրագրերը և Սերժ Սարգսյանի մասշտաբային խոստումները (որոնցից որևէ մեկը չիրականացավ):

Բացի այդ՝ ՀՀԿ ղեկավարն իր վրա էր վերցրել «դարի առաքելությունը»՝ «ֆուտբոլային» դիվանագիտության միջոցով:

Այս ամենը սկզբում միգուցե որոշակի տպավորություն թողեց և բանից անտեղյակների վրա ազդեց, սակայն շատ չանցած բոլորը տեսան, որ այսպես կոչված ուսյալ-կրթյալները դիլետանտներ են, ցինիկներ և գանձագողության հարցում հավասարը չունեցողներ:

Արձանագրվեցին այնպիսի խայտառակ մակրոտնտեսական ցուցանիշներ և այնպիսի ֆիասկոներ արտաքին քաղաքական ոլորտում, որ հանրության լայն շրջանակների համար տեսանելի դարձավ, թե ովքեր են իրականում Սերժ Սարգսյանն ու իր «ուսյալ-կրթյալ» թիմակիցները: Քարոզչափուչիկը պայթեց:

Պայթյունից հետո եկավ նոր մարտավարություն ընտրելու փուլը:

Հանրությունից պահվող «հայերեն վատ խոսողներին» սկսեցին առաջ նետել և դարձնել համացանցի աստղ:

«Չխոսկաններին» խոսկան դարձնելու նպատակն այն է, որ հանրային գիտակցության մեջ մի կեղծ տեսակետ ամրագրեն, թե իբր Հայաստանի խնդիրները հայերեն վատ խոսող մականունավորներն են և եթե նրանցից ազատվենք, ապա ամեն ինչ լավ կլինի և Սերժ Սարգսյանի համար հնարավորություն կստեղծվի բարեփոխումներ անել:

Այս մարտավարության շրջանակներում հրահանգված է հետ քաշվել տառաճանաչներին և առաջին պլանում թողնել շմայսներին, մանվելներին, լիսկաներին ու մյուսներին, որպեսզի բազմաչարչար հայ ժողովուրդը լսի սրանց զզվանք առաջացնող ելույթները, անիմաստ խոսքը և զբաղվի այդ թամաշայով՝ ուտելով այն կուտը, թե իբր սրանք են ամեն ինչի մեղավորը:

Նկատենք, որ մականունավորները ոչ թե Հայաստանում առկա խնդիրների պատճառն են, այլ հետևանքը: Խնդիրն «ուսյալ-կրթյալ» անգրագետների և անհայրենիք նեոբոլշևիկների վարած քաղաքականությունն է: Քաղաքականություն, որը հայտարարվում է արևմտամետ ու ժամանակակից, սակայն իրականում արևելյան տիպի հետադիմական է:

«Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցումը չի կարող ժամանակակից համարվել, ինչպիսի «հակաօլիգարխիկ» փաթեթավորում էլ ստանա:

Հայաստանին իրական բարեփոխումներ են պետք: Եթե մրցակցային տնտեսաքաղաքական համակարգ լինի, ապա օդիոզ դեմքերն ավտոմատ կանհետանան պետական կառավարման համակարգից և կզբաղեցնեն իրենց իրական տեղը:

Իշխանության և բիզնեսի սերտաճում ապահովելն ու զուգահեռաբար ազատ տնտեսության մասին ճամարտակելը դեմագոգիայի ոլորտից է:

Բենզինի, հեռուստագովազդի, արագաչափերի, կարմիր կետագծերի և այլ ոլորտների մենաշնորհայնացումը հաստատ մականունավորները չեն իրականացրել: Դա արել են Սերժ Սարգսյանի իրական թիմակիցներ հանդիսացող «ուսյալ-կրթյալ» երիտբոլշևիկները:

Որոտանի միլիարդանոց կասկադը մականունավորները չեն կոպեկներով սեփականաշնորհել և թալանում հայ ժողովրդին:

«Ֆուտբոլային» դիվանագիտությունը «ուսյալ-կրթյալներն«» էին քարոզում և պատրաստ էին մեր օրերի «Ղուկաս Ղուկասյան» դառնալ:

Ոչ մի մականունավորի մտքով չէր անցնի չաշխատող բիոզուգարանները մի քանի հարյուր հազար դոլարով «նաղդել» պետության վրա:

Մեր պետության արտաքին պարտքի չափը մականունավորները չեն եռապատկել:

Ոչ մի մականանավոր կովի պտուկները գոլ ջրով լվանալու միջոցով 17 միլիոն դոլար դուրս չէր գրի ու չէր փոշիացնի:

Եվ ամենակարևորը՝ ոչ մի մականունավոր չէր կարող այսպիսի գաղջ մթնոլորտ ձևավորել և նպաստել 300 հազարի հասնող արտագաղթին:

Այս բոլոր բացասական արդյունքներն ապահովել են, իբր, դրսերում կրթություն ստացածները և «բարեփոխիչները»: Խնդիրը, հետևաբար, դիպլոմը չէ: Հատկապես որ որոշները դիպլոմավոր սրիկաներ ու թալանչիներ են:

Ասել է թե՝ բլեֆ են այն խոսակցությունները, թե իբր իշխանության երիտթևին շանս չեն տալիս, որպեսզի բարեփոխում անի: Այդ շանսը լավ էլ տրված է և կյանքը ցույց է տալիս, որ տեղի է ունենում տոտալ թալան: Սա, իհարկե, չի նշանակում, որ պետք է նախապատվությունը տալ մականունավորներին: Մենք ասում ենք, որ դա կեղծ ընտրություն է և կեղծ օրակարգ:

Մի խոսքով, «խոսկան» և «չխոսկան» դեմքերի միջև ընտրություն կատարելու հարցը Հայաստանի շահերին չի առնչվում: Անշո՛ւշտ, պետք է սերնդափոխություն լինի, բայց ոչ թե վատն ավելի վատով, այլ վատը լավով փոխելու տարբերակով:

Եթե լինի ազատ մրցակցություն, ապա ամեն ինչ իր տեղը կընկնի:

Ընտրությունը գաղափարների, մտածողության ու թիմերի միջև է:

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը