Մեկնաբանություն

25.01.2016 17:45


Իշխանությունների «թռի–վռին»

Իշխանությունների «թռի–վռին»

Չաշխատեցի՞ր ամռանը,

Ասա՛, ի՞նչն էր պատճառը:

Իշխանությունը ցայտնոտի մեջ է, ու նրա վարքագիծն այս օրերին հիշեցնում է Խնկո Ապոր հայտնի բանասեղծության ճպուռի վարքաքիծը.

Թռի-վռի մի ճպուռ,

Ողջ ամառը շուռ ու մուռ,

Երգեց, ճռռաց. ճռճռաց:

Մին էլ, ըհը՜, ձմեռը,

Փռեց իրա թևերը…

Հունվարի 25-ին ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ընթացքում քննարկվելու են Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» ու Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» զեկույցների հիման վրա պատրաստված երկու բանաձեւերի նախագծերը։

Զեկույցներում վտանգավոր ու վիճահարույց ձեւակերպումներ կան։

Հետտոնական օրերին իշխանության տարբեր ներկայացուցիչներ, դեմքին «հայրենիքի ճակատագրով մտահոգ» մարդու տառապանք նկարելով, սկսեցին հայտարարել, թե պետք է ամեն կերպ փրկել իրավիճակը եւ կանխել հակահայկական բանաձեւերի ընդունումը:

Կարելի էր կարծել, թե Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոնական բոլոր օրերին նրանք սեղանների շուրջ միայն այդ թեմայի մասին են խորհել:

Սիրո բարոխոս Ս. Սարգսի տոնը եկեղեցում եւ փողոցում վերածեցին ռազմահայրենասիրական միջացառման, իսկ հիմա իշխանությունը ստիպված է երկու օր տառապել, որպեսզի իմանա ԵԽԽՎ-ում հիշյալ բանաձեւերի քվեարկության արդյունքը:

Նորից հիշենք Խնկո Ապորը.

Զարմանում եմ, ջանիկս,

Չաշխատեցի՞ր ամռանը,

Ասա՛, ի՞նչն էր պատճառը:

Պատճառը պարզ էր. բոլորը լծված էին նոր Սահմանադրության քարոզով, ու ոչ ոքի չէին հետաքրքրում վերոնշյալ հակահայկական բանաձեւերը: Իսկ հիմա իրար են խառնվել: Նախապես ինչ-որ իշխանավորների են ուղարկում Սթրասբուրգ՝ օտարազգի պատգամավորների հետ բարեխոսելու նպատակով:

Համացանցում խումբ են ստեղծում, որը կոչ է անում բոլորին այսօր հավաքվել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան դիմաց՝ բրիտանացու եւ նրա գործընկերոջ ներկայացրած զեկույցների հիման վրա հակահայկական բանաձեւեր ընդունելու դեմ բողոքի ակցիային մասնակցելու համար։

«Հանուն օրենքի հասարակական շարժումը դատապարտում է Մեծ Բրիտանիայի, ինչպես նաև Բոսնիա և Հերցեգովինայի քաղաքականությունը ղարաբաղյան հակամարտութունը կարգավորելու հարցում»,- հայտարարում են կազմակերպիչները:

Շա՜տ զավեշտալի է:

Այն պողոտայում, որտեղ գտնվում է նշված դեսպանատունը, դրա կողքին է գտնվում նախագահական պալատը: Բան ունեք ասելու՝ ձեր ցույցն անցկացրեք Բաղրամյան 26-ի դիմաց, որը «բառադիների» ու «դարմայեդների» մի պատվիրակություն է ձեւավորել (ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը), եւ այդ պատվիրակությունը ժամանակին մատը մատին չի խփել հակահայկական բանաձեւերը չընդունելու եւ վեհաժողովի նստաշրջանում դրանց քննարկումը կանխելու համար:

Հայկական կողմի համար հիմա միակ «մխիթարությունը» ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունն է։

«Մենք հասկանում ենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) կարող է մոտ ապագայում ընդունել հակամարտությանը վերաբերող բանաձեւեր, եւ հիշեցնում ենք ԵԽԽՎ-ին, այլ տարածաշրջանային եւ միջազգային կազմակերպություններին, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է մնալ բանակցությունների միակ ընդունելի ձեւաչափը։ Մենք բարձր ենք գնահատում ԵԽԽՎ անդամների հետաքրքրությունը, սակայն մտահոգություն ենք հայտնում, որ հնարավոր է այդ ամենը բարդացնի բանակցությունների ընթացքը»,- մասնավորապես, ասված է համանախագահների հայտարարության մեջ:

Այսինքն՝ Մինսկի խումբն էլ, մտահոգություններով հանդերձ, հնարավոր է համարում այդ բանաձեւերի ընդունումը: Հե՛յ գիտի, սերժսարգսյանական «նախաձեռնողականություն»: Որքա՜ն ավերներ է գործել այն, եւ դեռ որքան ավերների ականատեսը կարող ենք լինել, եթե այդ մարդը շարունակի մնալ իր «գահին»:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը