Մեկնաբանություն

25.01.2016 00:05


Սերժ Սարգսյանն ուզում է մտնել «սպիտակ» իմիջի մեջ

Սերժ Սարգսյանն ուզում է մտնել «սպիտակ» իմիջի մեջ

«Անկախ» թերթերից մեկը գրեց, իսկ քույր կազմակերպություններն էլ մեկ կենտրոնից եկած հրահանգով տարածեցին, թե բա՝ էսպես–էսպես, նախորդ տարվա վերջում Սերժ Սարգսյանը հանդիպել է բանակի ղեկավարությանը և ջղայնացել գեներալիտետի վրա՝ հայտարարելով, թե ուտելու չափն անցել են։

Փաստորեն, Բաղրամյան 26–ն իր մամուլի միջոցներով պետական գաղտնիք է բացահայտել։ Պարզվում է, որ բանակում կարող են «ուտել», բայց՝ չափի մեջ։ Նշանակում է՝ չափ է սահմանված, ու երբ չափն անցնում են, ապա դա զայրացնում է չափի ու համեստ ապրելակերպի քայլող մարմնավորում հանդիսացող Սերժ Սարգսյանին։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ ...

Դատելով ամենից՝ ՀՀԿ ղեկավարը փորձում է իր համար պոզիտիվ իմիջ ձևավորել, բայց նկատենք, որ նա որևէ շանս չունի. գնացքը վաղուց գնացել է՝ իր հետ տանելով շուրջ 300 հազար արտագաղթողի։

Մինչև փետրվարյան հայտնի իրադարձությունները ՀՀԿ ղեկավարն իր մամուլի միջոցներին հրահանգել էր հայհոյել բոլորին ու սևացնել, այդ թվում՝ իրեն։

Սարգսյանը հասկանում էր, որ առանց իրեն քննադատելու՝ «անկախ» լրատվամիջոցները չեն կարողանա հանրությանն ապակողմնորոշել ու կռիվ տալ իր ընդդիմախոսների դեմ։ Այլ կերպ ասած՝ Սարգսյանին պետք էր գաղջ մթնոլորտ, որպեսզի իր բացասական իմիջը տարրալուծվի՝ «Սերժը լավը չէ, բայց մյուսներն էլ մի բարի պտուղ չեն» տարբերակով։

Հիմա, երբ դեռ իրական ընդդիմախոս ուժ չի ձևավորվել, իսկ մյուսները հաճախորդացված են կամ մարգինալցված, Սարգսյանը որոշել է, այսպես կոչված, սև տիրույթից տեղափոխվել սպիտակ տիրույթ՝ «Սերժ Սարգսյանը լավ բաներ է ուզում անել, բայց նրա սրիկա ենթակաները, կուսակիցներն ու կաշառակեր չինովնիկները չեն թողնում» դեմագոգիկ լոզունգի ներքո։

Այդ դեմագոգիայի շարքից է նաև գեներալների «ուտելիքի» չափ սահմանելը։ Բայց դե, քանի՞ «կենդանի» կա, որ կհավատա, թե Սերժ Սարգսյանը պայքարում է «ուտելու» դեմ, երբ գրեթե բոլոր ոլորտներում իր ու իր նեղ շրջապատի թաթն է դրած։ Նրանք «ուտում» են անընդհատ ու անդադար՝ փող հավաքելով ասֆալտից մինչև օդ։ Այնպես որ, էժանագին «փիառ» ակցիաներով սպիտակ իմիջ չի ձևավորվի։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը