Տնտեսական

22.01.2016 12:17


Ռուսաստանն արգելել է Հայաստանից մի շարք գյուղմթերքների ներմուծումը

Ռուսաստանն արգելել է Հայաստանից մի շարք գյուղմթերքների ներմուծումը

ՌԴ–ն արգելել է Հայաստանից մի շարք գյուղմթերքների, այդ թվում՝ մսի, կաթնամթերքի ներմուծումը Ռուսաստան։

«Ազատություն»–ը նշում է, որ ռուսաստանյան ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ գյուղատնտեսական վերահսկողական ծառայության՝ «Ռոսսելխոզնադզորի» ժամանակավոր սահմանափակումը մտցվել է հունվարի 20-ից:

Այդ կառույցի ղեկավարի տեղակալ Եվգենի Նեպոկլոնովն ասել է, որ արգելքը պայմանավորված է Հայաստանում դաբաղ տիպի հիվանդության հետ կապված անկայուն իրավիճակով։ Նրա խոսքով՝ մեծ ռիսկեր կան, որ ներմուծվող գյուղմթերքների հետ այդ հիվանդությունը կարող է Ռուսաստան անցնել։

Ներմուծման արգելքը հիմնականում վերաբերում է անասնապահական ապրանքներին, կենդանիներին, որոնք կարող են վարակվել դաբաղով. արգելվում է խոզի, ոչխարի, այծի, ցուլի, գոմեշի, տավարի մսի, ինչպես նաև կաթից ստացված մթերքների ներմուծումը, որոնք դաբաղի վիրուսը ոչնչացնող բարձր աստիճանի ջերմային մշակում չեն անցել։

Ռուսաստանը արգելել է նաև Հայաստանից բրդի, կաշիների, մորթիների, խոզանակի մազի ներմուծումը, որոնք նույնպես վիրուսը ոչնչացնող երաշխավորված մշակումներ չեն անցել։

Ժամանակավոր արգելքը վերաբերում է ոչ միայն այդ ապրանքները ներմուծելուն, այլև «Ռոսսելխոզնադզորի» փաստաթղթում նշված է, որ այդ ապրանքները Ռուսաստանի տարածքով տարանցիկ տեղափոխելը ևս արգելվում է։

Դաբաղը ինֆեկցիոն հիվանդություն է, որով կարող են վարակվել խոշոր եղջերավոր անասունները, նաև՝ խոզերը, այծերը, ոչխարները և այլ կենդանիներ։

Մարդկանց վարակվելու հիմնական վտանգը հիվանդ կենդանիների կաթի և կաթնամթերքի օգտագործումն է, հիվանդությունը ոչ հաճախակի դեպքերում կարող է մարդուն անցնել նաև այդ կենդանիների միսը օգտագործելու միջոցով։

Հաղորդելով ներմուծման ժամանակավոր սահմանափակումների մասին՝ Ռուսաստանի համապատասխան ծառայությունները նաև հայտնում են, որ նոր պատվաստանյութ են արտադրելու Հայաստանի համար՝ պայքարելու դաբաղի դեմ։

Մանրամասները՝ «Ազատություն»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը