Աշխարհ

21.01.2016 18:50


«Amnesty International». թուրքերի հարձակումները սպառնում են հազարավոր քրդերի գոյությանը

«Amnesty International». թուրքերի հարձակումները սպառնում են հազարավոր քրդերի գոյությանը

Թուրքական կառավարական ուժերի հարձակումները քրդերով բնակեցված քաղաքներում ու թաղամասերում անմիջական սպառնալիք են ներկայացնում շուրջ 200 հազ մարդու գոյությանը և կարող են դիտարկվել իբրև «կոլեկտիվ հաշվեհարդար», որն արգելվում է 1949թ. Ժնևյան կոնվենցիայով։ Այս մասին, ՏԱՍՍ–ի փոխանցմամբ, ասվում է «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպության զեկույցում։

Նշվում է, որ քրդերով բնակեցված մի շարք շրջաններում շուրջօրյա պարետային ժամ է հայտարարվում, կամ էլ սոցիալական բոլոր ծառայությունների աշխատանքն է դադարեցվում։ Սննդի, ջրի, բժշկական անհետաձգելի օգնության կարիք ունեցող բնակիչներից շատերն արդեն ամսից ավելի է՝ չեն կարողանում դուրս գալ տներից։

Բացի այդ ամենից՝ «Amnesty International»–ը հաղորդում է նաև քրդաբնակ շրջաններում թուրքական ոստիկանության՝ ծանր սպառազինություն և դիպուկազարկ հրացաններ կիրառելու մասին, որի հետևանքով շատ հաճախ զոհ են դառնում իշխանությունների հետ բախումներին չմասնակցող խաղաղ բնակիչներ, կանայք ու երեխաներ։

Իրավապաշտպանների համոզմամբ՝ թուրք զինվորականների դաժանությունները մշտական սպառնալիք են դարձել սովորական մարդկանց համար, որոնք ամենևին էլ վտանգավոր չեն թուրքական կառավարության համար։ Իսկ ամենասարսափելին էլ այն է, որ միջազգային հանրությունը որևէ կերպ չի արձագանքում այդ ամենին։

«Թուրքիայի հետ ռազմավարական համագործակցությունը՝ Սիրիայի հակամարտության կարգավորման և ներգաղթյալների հոսքը դեպի Եվրոպա սահմանափակելու հարցերով, չպետք է երկրորդ պլան մղի մարդու իրավունքների զանգվածային խախտումներն այդ երկրում... Միջազգային հանրությունը չպետք է թաքցնի իր աչքերը»,–ասվում է զեկույցում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը