Տնտեսական

06.10.2010 15:36


Վահան Հովհաննիսյան. «Ձեզ էլ են հասնելու»

Վահան Հովհաննիսյան. «Ձեզ էլ են հասնելու»

«Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կառավարության ներկայացրած օրինագծի վերաբերյալ իր ելույթում ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ասել է, որ իր կարծիքով նման օրինագիծ կարող էր առաջանալ միայն երկու դեպքում. առաջին՝ եթե խոշոր ներկրողները, որոնք բավական հզոր են մեր երկրում ինչ-որ անհայտ ձևով այնպես են շահագրգռել Կառավարությանը, որ նա հանդես է եկել նման օրինագծով և երկրորդ՝ Հայաստանին իսկապես ենթարկում են ճնշումների դրսից, ընդ որում ոչ թե միջազգային ֆինանսական կազմակերպությունները, այլ կոնկրետ երկրները, որոնք համարվում են Հայաստանի ամենամտերիմ բարեկամը և տարբեր տեսակի ներկայացվածություն ունեն Հայաստանում:

Նա նշել է, որ նախկին վարչակազմի արտգործնախարարն ասում էր, որ 100 տարի էլ կդիմանանք շրջափակման մեջ, սակայն ինչպես է հնարավոր դիմանալ, եթե Ադրբեջանը, որը շրջափակման մեջ չէ, ամբողջ աշխարհին համոզել է, որ ԼՂ պատերազմի պատճառով արժանի է տարբեր արտոնությունների և այլն: Նրան հետաքրքրել է, թե ինչու հայ դիվանագետները չեն կարողանում իրենց գործընկերներին համոզել, որ Հայաստանը գտնվում է շրջափակման մեջ և չավարտված պատերազմի պայմաններում  չի կարող բոլորի հետ հավասար պայմաններով խաղալ և այսպիսի իրավիճակում պետք  չէ Հայաստանի վզին նման տնտեսական պայմաններ փաթաթել: Նրա կարծիքով, եթե իշխանությունները նման քաղաքականություն վարեին, դժվար թե Հայաստանին չհասկանային և ընդառաջ չգնային:

-Դա անել՝ նշանակում է հարվածել մեր տեղական բիզնեսմենների շահերին: Սա անթույլատրելի է: Ավելի լավ է կործանվի պետությունը, ժողովուրդը, բայց հայ բիզնեսմեններն անձեռնմխելի են, սրբազան կով են, նրանց ձեռք տալ չի կարելի: Տրամաբանությունը, որ դրված է այս օրինագծի մեջ բացարձակապես անընդունելի է: Ո՞ւմ է այն վերաբերում: Այստեղ նստած են մեր սիրելի բարեկամները, տեղական արտադրողներ, ինձ համար շատ հարգելի, անկախ նրանց քաղաքական հայացքներից։ Կոալիցիոն արտադրողնե՛ր, այսօր լուռ նստած եք, կարծես հարցը Ձեզ չի վերաբերում: Բայց երեկ ասացին չէ՞, որ Ձեզ էլ են հասնելու: Միայն այդ ժամանակ եք չէ՞ ձայն հանելու: Լավ, տեղական արտադրողներ, եթե ինքնուրույն պաշտպանվելու հույսը կորցրել եք, ինչի՞ վրա եք հույս դրել,- ասել է Վահան Հովհաննիսյանը:

Նա հիշեցրել է նաև, որ մի քանի օրից ԱԺ-ում քննարկվելու է ՀՀ բյուջեն, որի ընթացքում քննարկվելու են ԼՂՀ ազատագրված տարածքների վերաբնակեցման համար հատկացվող գումարների հարցը:

-Հիա ես մտածում եմ, որ Ձեզ այդ թեման միգուցե հետաքրքիր չէ, որովհետև ումո՞վ պետք է վերաբնակեցնեք: Այն թութունագործներով, ովքեր թողնելու են գնա՞ն այս երկրից: Այն գինեգործներով կամ խաղող արտադրողներով, ովքեր կկորցնեն իրենց աշխատանքն ու կթողնեն կգնա՞ն այս երկրից: Ո՞վ է այդ վերաբնակեցման գումարը տալու: Այն բիզնեսմենը, ով սարսափած այս տեսակի օրինագծերից' հանրապետական, դաշնակցական կամ ԲՀԿ-ական, ոչ մի նշանակություն չունի, տեղափոխելու է իր բիզնեսն արտասահմա՞ն,- ասել է նա և ընդգծել, որ եթե այսպիսի չհաշվարկված և չկշռադատված քաղաքականությունը շարունակվի, Հայաստանն անընդհատ թուլանալու է:

Նա համոզված է, որ անգամ այս պայմաններում հայտնվելու են մարդիկ, ովքեր օգտվելու են ստեղծված իրավիճակից և պատահական չի, որ օղու և ծխախոտի վաճառքի ներքին շեմն ընդհանրապես  հանելու մասին շահարկություններ են սկսել շրջանառվել:

Վահան Հովհաննիսյանն առաջարկել է անհապաղ ընդունել մի համակարգ և տեղական արտադրանքի և ներմուծվող ապրանքի համար ֆիքսել ներքին վաճառքի շեմեր, քանի որ իր կարծիքով, արտասահմանից ներմուծված ծխախոտի վրա էլ պետք է շեմ դրվի, այլապես, հակառակ դեպքում հավասար պայմաններում տեղական արտադրանքը զիջելու է:

-Պետք է հստակ ամրագրվի ներմուծված օղու համար ներքին շեմը' 1200 դրամ, տեղական արտադրանքի շեմն էլ մնա անփոփոխ: Նույնը պետք է արվի նաև ծխախոտի համար: Եթե մենք ցանկանում ենք պաշտպանել տեղական արտադրողին, ուրեմն նաև տեղական աշխատողին, տեղական բնակչությանը, պետբյուջեն ու բանակը, պետք է թեթև աչքով չնայենք այս տեսակ օրինագծերին,- ընդգծել է Վահան Հովհաննիսյանը և հավելել, որ ՀՅԴ-ն այս կապակցությամբ արդեն իսկ ներկայացրել է իր առաջարկները, բայց քանի որ ինքը համոզված է, որ դրանք ամենայն հավանականությամբ չեն ընդունվելու, ուրեմն ՀՅԴ խմբակցությունը դեմ է քվերակելու օրինագծին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը