Տնտեսական

20.01.2016 12:58


Երեխայի ծննդյան միանվագ նպաստը կվճարվի բացառապես անկանխիկ եղանակով

Երեխայի ծննդյան միանվագ նպաստը կվճարվի բացառապես անկանխիկ եղանակով

ՀՀ կառավարությունն այսօր փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Այսպիսով, սահմանվել է, որ կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստի, ինչպես նաև կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի, պատվովճարի, ամենամսյա պարգևավճարի, ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի և սոցիալական ապահովության այլ ծրագրերով նախատեսված դրամական վճարների գումարները կարող են վճարվել շահառուի` տարածքային բաժին ներկայացված փաստաթղթերի հիման վրա բանկում նրա անվամբ անվճար բացված բանկային հաշվին փոխանցելու միջոցով: Ներկայումս վերոնշյալ գումարները գրեթե 95 տոկոսով վճարվում են կանխիկ եղանակով, ինչի համար պետբյուջեից վճարվում է 1 տոկոս միջնորդավճար (ծառայությունների վճար):

Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ սահմանվել է, որ երեխայի ծննդյան միանվագ նպաստի՝ ուղղակի վճարվող գումարը վճարվում է բացառապես անկանխիկ եղանակով: Որոշմամբ սահմանվել է նաև, որ ընտանեկան դրամագլխի գումարը կարող է տնօրինվել նաև նոր ծնված երեխայի մեկ տարին լրանալուց հետո՝ ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով պարբերական վճարումներ կատարելով, բայց ոչ ավելի, քան ամսական 25000 դրամը: Ընդ որում, ընտանեկան դրամագլխի գումարը ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով տնօրինելու ժամկետը սահմանվում է մինչև 2016թ. դեկտեմբերի 31-ը:

Ընդունված որոշման արդյունքում շուրջ 13500 ընտանիք իրավունք կստանա 2016թ. ընթացքում տնօրինել ընտանեկան դրամագլուխը՝ ամսական 25 000 դրամի չափով:

Կառավարության այսօրվա նիստում ընդունվել է նաև մայրության նպաստը բացառապես անկանխիկ եղանակով վճարելու վերաբերյալ որոշում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը