Լրահոս

06.10.2010 12:38


Քննարկվել են սերմնաբուծության ծրագրի իրականացման ընթացիկ հարցեր

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել սերմնաբուծության ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ խորհրդակցություն, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Խորհրդակցությանը մասնակցում էին գյուղատնտեսության նախարարը, ՀՀ մարզպետները, պաշտոնատար այլ անձինք։ Ներկա էին նաև Ռուսաստանի Դաշնության «Սեմենա» ասոցիացիայի նախագահ Իվան Կուզմինը ու «Սեմենա Ստավրոպոլյա» ՍՊԸ-ի տնօրեն Գրիգորի Դոնցովը, ովքեր կարևոր դեր են ունեցել ՌԴ-ից սերմերի ներկրումը ժամանակին ապահովելու գործում։
Ողջունելով ներկաներին' վարչապետը նշել է, որ խորհրդակցության նպատակն է վերհանել առկա խնդիրները և հասկանալ մարզերում ստեղծված իրավիճակը' ինչպես է բաշխվել ՌԴ-ից ներմուծված սերմը։
Անդրադառնալով սերմնաբուծության ծրագրի իրականացմանն առնչվող հիմնական հարցադրումներին և խոսելով ՀՀ կառավարության հաստատած ռազմավարության առաջնահերթություններից' Տիգրան Սարգսյանը մասնավորապես նշել է. «Այս ծրագիրը գյուղատնտեսական ֆերմաներին օգնության ծրագիր չէ, այլ սերմնաբուծության վերականգնման ծրագիր, այսինքն' մենք պետք է գործ ունենանք այն տնտեսությունների հետ, որոնք երկարաժամկետ համագործակցելու են պետության հետ և մասնագիտանալու են սերմնաբուծության բնագավառում։ Սա նշանակում է' մարդիկ պետք է հետևեն հողի որակին, բոլոր տեխնիկական պահանջները կատարեն, իրենց մասնագիտական կարողություններն ավելացնեն ու մշտական վերահսկողության ներքո լինեն մեր սերմնաբուծական ֆերմաների կողմից։ Այդ համագործակցության շնորհիվ պետք է հասնենք ՀՀ պահանջարկը բավարարելու համար մեր կողմից մատնանշված տարեկան 30.000 տոննա սերմ արտադրելու թիրախային ցուցանիշին։»
Այնուհետև գյուղատնտեսության նախարարի և մարզպետների կողմից ներկայացվել են տվյալներ մարզերում սերմնացուի բաշխման ու պայմանագրի կնքման հայտ ներկայացրած ֆերմերների թվի վերաբերյալ։
Գյուղատնտեսության նախարարը տեղեկացրել է, որ ՌԴ-ից ժամանած հյուրերն այսօր Հայաստանի պետական ագրարային համալսարանում անցկացնելու են սեմինար ֆերմերների և սերմնաբուծարանների աշխատակացիների համար' նվիրված ՌԴ-ից ներկրված սերմի տեխնոլոգիական ճիշտ օգտագործմանը։ Այդ համատեքստում վարչապետը կարևորել է նման սեմինարների կազմակերպումը' նպատակաուղղված ֆերմերներին համապատասխան տեղեկատվության տրամադրմանը։
Խորհրդակցության ժամանակ քննարկվել են նաև տեղական օրգանիկ պարարտանյութերի փորձարկման պիլոտային ծրագրի մանրամասներ։ Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ դա կնպաստի տեղական արտադրանքի պահանջարկի մեծացմանը և հանձնարարել է մարզպետներին անձնական հսկողություն սահմանել ծրագրի նկատմամբ։

Այս խորագրի վերջին նյութերը