Մեկնաբանություն

17.01.2016 12:45


«Ֆուտբոլային» հայրենասիրության առանձնահատկությունները

«Ֆուտբոլային» հայրենասիրության առանձնահատկությունները

Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հայտարարել է, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները չեն կարգավորվի, մինչև չլուծվի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը։

Թուրք նախարարի խոսքով՝ Հայաստանն «օկուպացրել» է Ադրբեջանի տարածքի 20%-ը։

«Առանց այդ խնդրի լուծման հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին խոսք անգամ լինել չի կարող։ Ադրբեջանի խնդիրն անմիջականորեն Թուրքիայի խնդիրն է»,- նշել է Չավուշօղլուն։

Ի պատասխան այս հայտարարության՝ ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը «tert.am»–ի հետ զրույցում անընդունելի է համարել Չավուշօղլուի ձևակերպումները։

«Թուրքիան Ղարաբաղի խնդրում անելիք չունի և չի կարող ունենալ»,– կայքին է փոխանցել Շարմազանովը։

Նա նաև անընդունելի է համարել այն, որ Թուրքիան խախտում է ստանձնած պարտավորությունները և շարունակում է նախապայմաններ դնել։ Ինչպես ասում են՝ ոսկե խոսքեր։

Շարմազանովն ամեն ինչ շատ ճիշտ է ասել, բայց այստեղ կա մի մեծ «Բայց»։

Բանն այն է, որ Չավուշօղլուն նորություն չի ասել։ Թուրքիան Ղարաբաղի ու Հայոց ցեղասպանության թեմաներով նախապայմանները ներկայացրել էր «Ֆուտբոլային» դիվանագիտության ամենասկզբում։

Ցեղասպանության մասով Սերժ Սարգսյանն «էն գլխից» էր «նախաձեռնողական» դարձել՝ հայտարարելով, որ եթե Գյուլն ընդունի իր հրավերն ու գա Երևան ֆուտբոլ դիտելու, ապա ինքը կհամաձայնի պատմաբանների հանձնաժողով ստեղծելու թուրքական առաջարկին։

Ինչ վերաբերում է Ղարաբաղի հարցին, ապա այս առումով էլ ՀՀԿ ղեկավարը «նախաձեռնողականություն» ցուցաբերեց և դրական գնահատեց Գյուլի առաջարկը՝ օժանդակել Ղարաբաղի խնդրի կարգավորմանը։

Մոռացողների համար հիշեցնենք, որ ի պատասխան այն օրերին հնչող քննադատությունների՝ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ պետք չէ Թուրքիայի առաջարկած օժանդակությունը շփոթել աջակցության հետ (ՀՀԿ–ի պաշտոնական կայքից Սարգսյանի այդ խոսքերը հեռացվել են, բայց դե մեզ մոտ այն պահպանվել է)։

«Միայն հիմար մարդը կհրաժարվի օժանդակությունից»,– իր ընդդիմախոսներին հակադարձում էր «Ֆուտբոլային» դիվանագիտության կնքահայրը։

Թե ինչ եղավ դրանից հետո և ինչ ստացավ Հայաստանը հայ–թուրքական տխրահռչակ արձանագրություններից՝ տեսանելի է բոլորին, այդ թվում՝ Սերժ Սարգսյանին ու իր թիմակիցներին։

Ու հիմա երբ Շարմազանովն ասում է, թե Թուրքիան Ղարաբաղի հարցում անելիք չունի և չի կարող ունենալ՝ դա Հայաստանի համար ճիշտ մոտեցում է, բայց մի փոքր անհարմար բան է ստացվում ներկուսակցական առումով։ Փաստորեն, նա հակադրվում է իր շեֆին, ով գտնում էր, որ Թուրքիան կարող է օժանդակել հայ–ադրբեջանական հակամարտության կարգավորմանը, այսինքն՝ անելիք ունենալ։

Իսկ եթե ՀՀԿ ղեկավարը հետին թվով հասկացել է, որ սխալվել է «Ֆուտբոլի» հարցում, ապա անհասկանալի է մնում, թե ինչու է պաշտոնական Երևանի ստորագրությունը մնում հայ–թուրքական մեռելածին արձանագրությունների տակ։ Այդ արձանագրությունները սուրբ մասո՞ւնք են Սարգսյանի համար, թե՞ այդ թղթերը նա չի կարողանում գրողի ծոցն ուղարկել զուտ հոգեբանական առումով։

Ամեն դեպքում «Ֆուտբոլային» հայրենասիրությունը լավ չի նայվում՝ երբ մի կողմից բոցաշունչ ելույթներ ես ունենում, իսկ մյուս կողմից՝ հավատարիմ մնում քիրվայական ստորագրությանը։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը