Տնտեսական

15.01.2016 14:59


Թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի տրամադրման կարգը

Թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի տրամադրման կարգը

DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից կտրամադրվեն այն ընտանիքներին, ովքեր 2015 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ 34.6 և ավելի անապահովության միավորով հաշվառված են անապահովության գնահատ­ման համակարգում, թվով՝ 46494 ընտանիք:



Օգնությունը հատկացվում է անվճար և բաշխվելու է սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների և բաժինների (նախկինում` «Փարոս») կողմից` նախօրոք նրանց տրամադրված` ըստ տարածքային մարմինների և ըստ հասցեների ձևավորված օգնության բաշխման ցուցակների միջոցով:

Օգնությունը կարող է ստանալ ցուցակի մեջ ընդգրկված անձը կամ նրա ընտանիքի սոցիալական անձնագրում հաշվառված չափահաս անդամներից մեկը` տարածքային գործակալության կամ բաժնի համապատասխան աշխա­տողին ներկայացնելով ընտանիքի սոցիալական անձնագիրը և իր անձնագիրը:



Անձի կողմից օգնության ստացման անհաղթահարելի դժվարության (հիվան­դության, ծերության, հաշմանդամության, անշարժունակության) դեպքում, տվյալ տարածքը սպասարկող գործակալության կամ բաժնի իմացությամբ, օգնություն կարող է ստանալ շահառուի հետ ազգակցական կապ ունեցող այն քաղաքացին, ով գործակալություն կամ բաժին կներկայացնի իր և շահառուի անձնագրերը, շահառուի ընտանիքի սոցիալական անձնագիրը, ինչպես նաև նրա կողմից գրված օգնության ստացման մասին լիազորագիրը (առանց նոտարական վավերացման):


Օգնության բաշխման ժամանակահատվածում իր մշտական բնակության վայրից բացակայող ընտանիքը չի կարող ստանալ օգնությունը:


Ցուցակներում ընդգրկված ընտանիքների օգնության բաշխման ժամկետների և պայմանների մասին իրազեկումը կիրականացնեն տարածքային գործակալությունները և բաժինները` օգտագործելով տեղեկատվական բոլոր հնարավոր միջոցները:


Հիշեցնենք, որ 2015 թվականի դեկտեմբերի 24-ին ընդունված N 1532-Ն որոշմամբ ՀՀ կառավարությունը սահմանել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սոցիալապես անապահով ընտանիքներին որպես սոցիալական աջակցություն հատկացված DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի բաշխման կարգը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը