Հարցազրույց

15.01.2016 00:35


Վարդան Բոստանջյան. «Այս պահին վտանգն ակումուլացվում է»

Վարդան Բոստանջյան. «Այս պահին վտանգն ակումուլացվում է»

Հարցազրույց տնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջյանի հետ

–Նավթի համաշխարհային գների անկումը և ռուսական ռուբլու արժեզրկումն ի՞նչ ազդեցություն կունենան Հայաստանի վրա։

–Անշո՛ւշտ, վա՛տ ազդեցություն կունենան։ Միայն այն հանգամանքը, որ Հայաստանի տնտեսությունը, կոպիտ հաշվարկով, 85%–ով կապված է Ռուսաստանի հետ, այդ երկրին վերաբերող ցանկացած բացասական զարգացում համամասնորեն իր արտացոլումն է գտնում Հայաստանի վրա։ Առավել ևս, որ մեր երկրում ռազմավարական հումք գոյություն չունի, և, ըստ էության, մեր ապրելը, գոյատևելը (ես այդպես կբնութագրեի այսօրվա վիճակը) պայմանավորված է ՌԴ–ի հետ ունեցած շատ սերտ կապերով, մասնավորապես ու հատկապես՝ տրանսֆերտներով։ Նավթի գների անկման հետ Ռուսաստանը հայտնվեց շատ ծանր իրավիճակում. Դմիտրի Մեդվեդևն ասաց, որ պետք է վերանայեն բյուջեն, և, բնականաբար, Ռուսաստանի մասշտաբով մեծ ծրագրեր ու նախագծեր կկրճատվեն։ Իսկ դրանք, որպես այդպիսիք, սոցիալական բնույթի ծրագրեր են, որի տակ ուղղակի թե անուղղակի ձևով հայտնվում են նաև արտագնա աշխատանք իրականացնող մեր հայրենակիցները։ Արդեն իսկ ցուցանիշները կան, որ կտրուկ պակասում են տրանսֆերտները։ Այսինքն, նավթի գնանկումը Ռուսաստանի համար ստեղծել է դժվարություններ, ինչը մի փոքր տրանսֆորմացված ձևով արտացոլվում է Հայաստանի վրա։

–Հայաստանի իշխանությունների կանխարգելիչ կամ պատասխան գործողություններն ադեկվա՞տ եք համարում։

–Դուք մտածում եք՝ այդպիսի գործողություններ կա՞ն։ Որևէ գործողություն չկա։

–Ինչո՞ւ չեն իրականացնում։

–Համարել են, որ նման բարդ տարածաշրջանում Հայաստանի գտնվելու պարագայում հազիվ էլ մարդ կարողանա իր աթոռը պահպանել։ Ասենք, ո՞նց կարող են երկրի մասին մտածել։

–Իսկ այն, որ դրամը կայուն են պահում, ոչ մի կերպ չեն անցնում լողացող փոխարժեքի, իր տեսակի մեջ գործողություն չէ՞։

–Խոշոր առումով գործողություն է, այո՛։ Մեր դրամային իշխանությունները, էլի նորից հրահանգով, բայց, բոլոր դեպքերում, իրենց հնարավորությունները մաքսիմալ օգտագործում են։ Սակայն, արի ու տես, որ այդ հնարավորությունները չափազանց փոքր են ֆինանսական շուկայում ընդհանուր կայունություն պահպանելու համար։ Իհարկե, գործիքաշարը հիմա կիրառելով, մի քիչ ուժային մոտեցումներ ցուցաբերելով՝ մեր մոտ այդ վայրիվերումները, ինչպես Ադրբեջանում կամ այլուր ենք նկատում, չեն երևում։

–Բայց արդյոք դրամը կայուն պահելը հետագայում ավելի մեծ պայթյունի չի՞ հանգեցնի։

–Իհարկե, դա հղի է վտանգներով։ Այս պահին վտանգն ակումուլացվում է, այդպես չի շպրտվում հասարակության մեջ (գոնե այսօր), բայց դա հղի է բացասական հետևանքներով։ Որովհետև դրանից հետո առաջացող պայթյունը կարող է ունենալ սարսափելի հետևանքներ։

–Այսօրվա դրությամբ՝ ի՞նչ պետք է անեն իշխանությունները դա բացառելու համար, որ չեն անում։

–Իրական կուրսը մենք պետք է ապահովենք, իսկ այն ՀՀ–ի համար այս պարագայում 560–ից մինչև անգամ, չեմ խուսափում ասել, 600 դրամ պետք է լինի դոլարի նկատմամբ։ Իրերի վիճակը պետք է սկսենք արտացոլել մեր երկրում։ Այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք դեռևս գտնվում են հարցականի մեջ՝ աշխատել, թե չաշխատել, նման իրավիճակում գոնե արտահանողները կունենան ավելի մեծ եկամուտներ, դա ինչ–որ չափով կարող է նաև խթանող գործոն հանդիսանալ այս ստագնացիոն վիճակից դուրս գալու համար։ Բայց, անշուշտ, միայն դա չէ. բազմաթիվ ուրիշ քայլեր կան, որոնք համալիր, համակարգված պետք է կիրառել, որ այս ողորմելի, մղձավանջային վիճակից մենք կարողանանք փրկվել։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը