Մեկնաբանություն

07.01.2016 11:02


Բաքվում հիստերիայի մեջ են. Երևանում Բաքվին ձայնակցողներ կան

Բաքվում հիստերիայի մեջ են. Երևանում Բաքվին ձայնակցողներ կան

Ինչպես հայտնի է, ՌԴ պետդումայի պատգամավոր Միրոնովը ներկայացրել է օրինագիծ, որով նախատեսվում է քրեական պատիժ Հայոց ցեղասպանության փաստի ժխտման դեպքում։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Թուրքիան Սիրիայի տարածքում խփեց ռուսական ինքնաթիռը։

Թուրքից ավելի թուրք խաղացող ադրբեջանցիները փորձում են խոչընդոտել այդ օրինագծի ընդունմանը, սակայն Ռուսաստանում գործող ադրբեջանական համայնքի ղեկավարությանը Կրեմլից «կուլտուրական» ձևով հասկացրել են, որ եթե նրանք շատ ոգևորվեն, ապա ամեն ինչ շատ վատ կվերջանա իրենց համար։ Արդյունքում՝ Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսի ղեկավարությունը չի միացել ՌԴ պետդումայի ղեկավար Նարիշկինին ուղղված Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի դեմ գրված դիմումին։

Բաքվում սույն փաստի կապակցությամբ իսկական հիստերիա է բարձրացել։ Ալիևի վարչակազմին կցված լրատվամիջոցները հայհոյում են ՌԴ–ում գործող ադրբեջանական համայնքը ներկայացնող կառույցի ղեկավարներին, ինչպես նաև դավաճան համարում ՌԴ–ում բնակվող ադրբեջանցի միլիարդատերերին, որոնք որևէ կերպ չեն աշխատում Ադրբեջանի ու իրենց եղբայրական Թուրքիայի օգտին։

Ադրբեջանական լրատվամիջոցները ցավով են նկատում, որ Ռուսաստանի հայերի միությունն ու դրա ղեկավար Արա Աբրահամյանը և ՌԴ–ում գործունեություն իրականացնող մյուս ազդեցիկ հայերը մշտապես զբաղված են պրոհայկական լոբբինգով և չեն մոռանում իրենց հայրենիքի մասին, իսկ ահա համանման ադրբեջանական կառույցները և խոշոր գործարար ադրբեջանցիները բացառապես իրենց անձնական շահն են հետապնդում։

Այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ Բաքվում քննադատում են ադրբեջանցի հասարակական գործիչներին և նրանց համար որպես օրինակ ցույց տալիս Ռուսաստանի հայերի միությանը։ Բաքվում լավ չեն գնահատում այն, որ Արա Աբրահամյանի գլխավորած կառույցը զբաղված է պրոհայկական լոբբինգով, և կոչ են անում ադրբեջանցիներին աշխատել ՌՀՄ–ի պես, իսկ ահա հայաստանյան իշխանությունները և նրանց կցված «անկախ» շրջանակները հարձակվել են նույն ՌՀՄ–ի վրա այն բանի համար, որ Աբրահամյանը չի բացառել իր մասնակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններում։ Այսինքն՝ ստացվում է, որ Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների թիրախը նույնն է՝ Ռուսաստանի հայերի միությունը։

Ճիշտ է, Արա Աբրահամյանի դեմ հարձակման ենթատեքստերը Երևանում ու Բաքվում տարբերվում են, բայց դրանից, մեծ հաշվով, բան չի փոխվում։

Ահա այսպիսի բաներ։

Վլադիմիր Իվանյան

Այս խորագրի վերջին նյութերը