Տնտեսական

30.12.2015 16:01


2015 թ. դեկտեմբերի 22-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ

2015 թ. դեկտեմբերի 22-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ
2015 թ. դեկտեմբերի 22-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, խորհրդի անդամներ Աշոտ Մկրտչյանը, Արթուր Ստեփանյանը, Արմենակ Դարբինյանը, Օլեգ Աղասյանը, Վախթանգ Աբրահամյանը:
Խորհրդի նիստը սկսվեց դեկտեմբերի 22-ի դրությամբ Իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ: Քննարկվեցին գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների զարգացումները:
2015 թ. նոյեմբերին արձանագրվել է 0.6% գնաճ` պայմանավորված բացառապես պարենային ապրանքների գների աճով (նպաստումը ընդհանուր գնաճին՝ 0.7 տոկոսային կետ): Վերջինիս կառուցվածքում հիմնականում աճել են «Բանջարեղեն և կարտոֆիլ» ապրանքախմբի և ձվի գները՝ համապատասխանաբար 27.5% և 2.8%-ով (նպաստումը ընդհանուր գնաճին՝ 1.54 և 0.04 տոկոսային կետ): Հատկանշական է, որ նոյեմբերին ոչ յուրահատուկ նվազում է դիտվել «Միրգ» ապրանքախմբի գներում՝ 5.1%, որը նվազեցրել է ամսվա գնաճի ցուցանիշը շուրջ 0.2 տոկոսային կետով: Ամսվա ընթացքում նվազում է դիտվել «Մսամթերք» ապրանքախմբի և բենզինի գներում՝ համապատասխանաբար 1.2% և 2.1%: Արդյունքում, 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել և նոյեմբերի վերջին կազմել 1.2%, իսկ սեզոնային ապրանքներից զտված գնաճը կազմել է մոտ 3.1%:
2015 թ. հունվար-նոյեմբեր ժամանակահատվածի արդյունքներով ՀՀ-ում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 2.9%, որը հիմնականում պայմանավորվել է գյուղատնտեսության և արդյունաբերության ճյուղերի աճերով՝ համապատասխանաբար 11.6% և 4.6%: Ի տարբերություն առաջարկի, համախառն ներքին պահանջարկը շարունակում է մնալ թույլ, ինչն արտահայտվել է մասնավոր սպառման և մասնավոր ներդրումների դեռևս նվազող վարքագծով: Նշենք, որ չորրորդ եռամսյակում իրականացված հարկաբյուջետային քաղաքականությունը համախառն պահանջարկի վրա ունեցել է նախատեսվածից ավելի ընդլայնող ազդեցություն. հարկաբյուջետային ազդակը գնահատվում է 1.2 ընդլայնող՝ կանխատեսված 0.4-ի դիմաց:
2015 թ. հունվար-նոյեմբեր ժամանակահատվածի արդյունքներով արտահանումը (ըստ առևտրի վիճակագրության՝ ՖՕԲ)՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 4.7%-ով, իսկ ներմուծումը (ըստ առևտրի վիճակագրության` ՍԻՖ)՝ 26.2%-ով: Բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց ոչ առևտրային բնույթի փոխանցումների զուտ ներհոսքը նույն ժամանակահատվածում նվազել է տ/տ 37.3%-ով:
Խորհուրդը քննարկեց նաև ֆինանսական շուկայի զարգացումները. նոյեմբերի 11-ից դեկտեմբերի 18-ն ընկած ժամանակահատվածում ֆինանսական շուկայում հիմնականում շարունակվել է տոկոսադրույքների նվազման միտումը: Այսպես, ԿԲ ռեպո միջին տոկոսադրույքը նշված ժամանակահատվածում՝ սեպտեմբերի 23-ից նոյեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 0.55 տոկոսային կետով՝ կազմելով 9.9%, միջբանկային ռեպո տոկոսադրույքը նվազել է 0.3 տոկոսային կետով՝ կազմելով 9.95%, իսկ մինչև 1 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի առաջնային շուկայում միջին տոկոսադրույքը աճել է 0.2 տոկոսային կետով՝ կազմելով 12.2%:
ՀՀ արտարժույթի շուկայում նոյեմբերի 11-ից դեկտեմբերի 18-ն ընկած ժամանակահատվածում՝ սեպտեմբերի 23-ից նոյեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածի համեմատ դիտվել են հետևյալ միտումները. ՀՀ դրամի միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 1.8%-ով` կազմելով 482.8 դրամ, եվրոյի և ՌԴ ռուբլու նկատմամբ արձանագրվել է արժևորում՝ համապատասխանաբար 1.8% և 3.8%-ով՝ կազմելով 519.2 և 7.2 դրամ:
2015 թ-ի չորրորդ եռամսյակում ևս պահպանվել են համաշխարհային տնտեսության աճի դանդաղ տեմպերը, ինչի պարագայում հիմնական հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում շարունակվել են գնանկումային զարգացումները: Այսպես, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից ս.թ. դեկտեմբերի 3-ին հրապարակված պարենի գների ինդեքսը նոյեմբերին` նախորդ ամսվա նկատմամբ նվազել է 1.6%-ով (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ինդեքսը նվազել է 18.0%-ով): ԿԲ գնահատումների համաձայն, ԱՄՆ Գյուղդեպարտամենտի կոշտ կարմրահատ ցորենի արտահանմանգինը կնվազի եռ/եռ 9.8%-ով (տ/տ 26.9% նվազում): Բացառություն է կազմել «New York Board-Intercontinental Exchange» (NYB-ICE) բորսայում գնանշվող անմշակ շաքարավազի գինը, որի մասով կանխատեսվում է եռ/եռ 25.5% աճ (տ/տ 2.0% նվազում):
Ըստ ԿԲ գնահատումների, չորրորդ եռամսյակում «Intercontinental Exchange» (ICE) բորսայում գնանշվող Brent տեսակի հում նավթի մեկ բարելի միջին գնի նվազումը նախորդ եռամսյակի նկատմամբ կկազմի 5.6% (տ/տ 41.0% նվազում), իսկ Լոնդոնի մետաղների բորսայում գնանշվող պղնձի գինը կնվազի եռ/եռ 6.3%-ով (տ/տ 25.6% նվազում):
2015 թ. չորրորդ եռամսյակում եվրոն ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 1.5%-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ` 12.3%-ով:
Իրավիճակային հաշվետվության քննարկումից հետո խորհուրդը սկսեց քննարկումներն արտաքին և ներքին մակրոտնտեսական զարգացումների, դրամավարկային քաղաքականության ուղղությունների վերաբերյալ:
Արտաքին հատվածում պահպանվել են համաշխարհային տնտեսության դանդաղ աճի և միջազգային ապրանքային շուկաներում գների շարունակական նվազման միտումները: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ այդ զարգացումները նպաստել են գնաճի նվազմանը, ինչը կպահպանվի նաև մոտակա ամիսներին` ներքին գների վրա փոխանցելով արտաքին գնանկումային ազդեցությունը:
Խորհուրդն արձանագրում է, որ հունվար-նոյեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 2.9%, որին հիմնականում նպաստել են գյուղատնտեսության և հանքարդյունաբերության ճյուղերում գրանցված աճերը: Չնայած 2015 թ-ի հարկաբյուջետային քաղաքականության խթանող ազդեցությանը, ներքին պահանջարկը շարունակում է պահպանվել ցածր մակարդակում: Այս պարագայում ձևավորված ցածր գնաճը նպաստել է գնաճային սպասումների նվազմանը, որը, թույլ ներքին պահանջարկի և արտաքին գնանկումային միտումների ազդեցությամբ, հետագայում ևս կպահպանի ցածր գնաճային միջավայր: ԿԲ Խորհուրդը կարծում է, որ այսօր արդեն իսկ հիմնականում հաղթահարված են նախորդ տարեվերջից առաջացած գնաճային ռիսկերը, և դրամավարկային պայմանների` վերջին ամիսներին ու ներկայիս կտրուկ թուլացման արդյունքում վերադարձ է կատարվում մինչև 2014 թ-ի նոյեմբերը առկա բնականոն իրավիճակին:
ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին գնաճը կպահպանվի ցածր մակարդակում, այնուհետև, ԿԲ նշված քաղաքականության արդյունքում դանդաղ կընդլայնվի՝ կանխատեսվող հորիզոնում կայունանալով նպատակային ցուցանիշի շուրջ:
Գնաճային սպասումների խարսխման, արտաքին և ներքին լրացուցիչ ռիսկերի բացակայության դեպքում ԿԲ խորհուրդը հետագայում նույնպես կշարունակի դրամավարկային պայմանների թուլացումը:
2015 թ-ի դեկտեմբերի 22-ի նիստում ԿԲ խորհուրդն իջեցրել է ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.0 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.75%: ԿԲ լոմբարդային ռեպոյի և ԿԲ կողմից ներգրավված միջոցների տոկոսադրույքները սահմանվում են համապատասխանաբար 10.25% և 7.25%:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը