Մեկնաբանություն

28.12.2015 00:05


Ի՞նչ արժե հայրենիքը

Ի՞նչ արժե հայրենիքը

Իշխող ուժի ներկայացուցիչները շատ են սիրում առևտրային տեսք տալ քաղաքականությանը։ Գներ են սահմանում։

Օրինակ՝ Սերժ Սարգսյանը «Ֆուտբոլային» դիվանագիտության բուռն շրջանում հայտարարեց, որ հայ–թուրքական հարաբերությունները գին ունեն, և ինքը պատրաստ է վճարել այդ գինը։

Նա, իհարկե, չբացեց փակագծերը և չասաց, թե ինչ գնի մասին է խոսքը, բայց դե, հետագա գործընթացներից պարզ դարձավ, որ այդ գինը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից փաստացի հրաժարումն է և Ղարաբաղի հարցում զիջումները՝ բաց սահմանների և դիվանագիտական հարաբերությունների հաստատման դիմաց։

Լավ էր՝ Էրդողանն ու Ալիևը ագահ և հիմար գտնվեցին, թե չէ ՀՀԿ ղեկավարին որ մնար, նա սարսափելի գին էր վճարելու «նախաձեռնողական» արկածախնդրության արդյունքում։ Ճիշտ է, նրան դա չէր հաջողվի, քանզի ավելի շուտ իշխանափոխություն կլիներ, քան նա կհասցներ վճարել, բայց, ամեն դեպքում, տհաճ նստվածքը մնաց։

Սարգսյանը գիտեր այն կարմիր գիծը, որն անցնելուց հետո չէր մնա աթոռին, և այդ իսկ պատճառով էլ հրաժարվեց վճարելուց։

«Վերջի բոլշևիկը», ըստ էության, ուզում էր վճարել իր իշխանության պահպանման գինը՝ դա ներկայացնելով որպես արտաքին ակտիվ քաղաքականություն։ Դրա հետևանքները դեռ շատ են զգացնել տալու։ Ինչևէ։

Հիմա էլ մեզ ասում են, որ սահմանին զոհվողները անկախության գինն են վճարում։

Այո՛, անկախության համար զոհվողները դա անում են հանուն անկախության ու հայրենիքի, բայց երբ այդ մասին խոսում են այն իշխանության ներկայացուցիչները, որոնց գործունեության արդյունքում Հայաստանը կորցնում է ՀՀ քաղաքացուն (վերջին յոթ տարվա ընթացքում շուրջ 300 հազար մարդ է արտագաղթել), և մեր երկիրը թուլանում է, ապա այստեղ հարցեր են առաջանում։

Սահմանին կանգնած զինվորը պահում է իր անվտանգությունը, արժանապատվությունը, ընտանիքը և, ի վերջո, հայրենիքը։ Բայց եթե մեզանում ձևավորվի մի մթնոլորտ, որի պայմաններում զինվորը մտածի, որ ինքը ոչ թե իրեն, իր ընտանիքն ու հայրենիքն է պաշտպանում թշնամուց, այլ հայրենիքում թալանով զբաղվող իշխանությունների սեփականությունն ու հավերժ թալանելու նրանց իրավունքը, ապա որևէ պարագայում չի կռվի։ Ա՛յ, սրանից պետք է խուսափել։

Մեր բանակը չպետք է դառնա «դասակարգային», այսինքն՝ սահմանում կռվողները չպետք է լինեն բացառապես սոցիալապես անապահովները, ովքեր պաշտպանում են Երևանում, ասենք, կարմիր ներկը փողոցում շաղ տալու միջոցով «օդից» փող հավաքողների իրավունքները։ Եթե այս զգացողությունը և կարծիքը դառնան համատարած, ապա մեր պետությունը լուրջ վտանգի առաջ կկանգնի։ Ու որպեսզի այդպիսի բան չլինի, անհրաժեշտ են քաղաքական լուրջ փոփոխություններ և մթնոլորտի կտրուկ փոփոխություն։

Դավաճան «ակտիվիստ» Վահան Մարտիրոսյանը Բաղրամյան 26–ի ձևավորած ծախու մթնոլորտի արդյունք է։ ԱԱԾ–ի կողմից հայտնաբերվածները, որոնք աշխատել են Թուրքիայի ու Ադրբեջանի օգտին, նույնպես ծախու մթնոլորտի հետևանք են։

Հետևաբար, մթնոլորտը պետք է փոխել, որպեսզի «դինոզավրերը» վերանան։

Գալիք տարում գլխավոր խնդիրը պետք է լինի նոր մթնոլորտի ձևավորումը։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը