Լրահոս

08.02.2011 09:14


Սկսեց գործել քաղծառայության կրտսեր պաշտոնների համալրման նոր կարգը

Փետրվարի 7-ին ավարտվեց հունվարի 21-ին մեկնարկած' քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոնների զբաղեցման հավաստագիր ստանալու թեստավորման այս տարվա առաջին փուլը: Դիմումներ էին ներկայացրել  ընդհանուր առմամբ 331 քաղաքացիներ, սակայն նրանցից թեստավորմանը մասնակցել է 306-ը: Թեստային առաջադրանքները հաջողութ­յամբ կատարել է  264 քաղաքացի, որոնք, սկսած փետրվարի 14-ից, ՀՀ ՔԾ Խորհրդից կստանան հավաստագեր:

Թեստավորումն անցկացվում է քաղծառայության կրտսեր թափուր պաշտոնների զբաղեցման համար: Այն նոր ընթացակարգ է, որը սահմանվել է «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում կա­տար­ված վերջին փոփոխություններով: Ըստ դրանց' յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ ՀՀ քաղաքա­ցիա­կան ծառայության խորհուրդն անցկացնում է թեստավորում, որը հաղթահարած քաղաքացիներին տրվում են մեկամյա վավերականության ժամկետ ունեցող հավաստագրեր: Մեկ տարվա ընթացքում այդ հա­վաս­տագրերով նրանք կարող են դիմել քաղծառայության համակարգում ընդգրկված ցանկացած մարմնի աշ­խա­տակազմում առաջացած կրտսեր թափուր պաշտոններում նշանակվելու համար:

Մինչև նոր կարգի ներդրումը, յուրաքանչյուր կրտսեր թափուր պաշտոնի համար անցկացվում էր առանձին մրցույթ: Որպես կանոն, դրանց դիմում էին մեծ թվով երիտասարդներ, ովքեր մասնացկում էին նման մի քանի մրցույթների: Հավաստագրման թեստավորման առաջնահերթ նպատակն էր' հնարավորություն տալ այդ քաղաքացիներին, անցնելով մրցութային ընդամենը մեկ գործընթաց, դիմելու քաղծառայության համակարգում ընդգրկված 46 պետական մարմիններում մեկ տարվա ընթացքում առաջացող թափուր պաշտոններում նշանակմանը:

Թեստավորումն անցկացնում է Խորհրդի կողմից ստեղծվող թեստավորման հանձնաժողովը: Վերջինս համակարգչում նախօրոք զետեղված հարցաշարերից պատահական ընտրությամբ կազմում է թեստ' բաղ­կացած 50 հարցից (20 հարց' ՀՀ Սահմանադրությունից և 30 հարց' քաղաքացիական ծառայության օրենս­դրությունից): Թեստը լրացնելու համար մասնակիցներին տրվում է 60 րոպե ժամանակ: Հավաստագիր ստանալու համար քաղաքացիները պետք է ճիշտ պատասխանեն առաջադրված հարցերի առնվազն 90 տոկոսին:

Այս խորագրի վերջին նյութերը