Հարցազրույց

25.12.2015 22:45


Արամ Հարությունյան. «Այս իշխանություններն ամենաշատը վախենում են Ռոբերտ Քոչարյանից»

Արամ Հարությունյան. «Այս իշխանություններն ամենաշատը վախենում են Ռոբերտ Քոչարյանից»

Հարցազրույց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի հետ

–Ինչպե՞ս կգնահատեք անցնող քաղաքական տարին։

–2015–ը կորուստների տարի էր։ Այն սկսվեց Ավետիսյանների ընտանիքի ողբերգությամբ։ Բացի այդ, իշխանությունը սարսափեց, որ փետրվարին համաժողովրդական հզոր շարժումը սկսվելու է, ժողովուրդը փողոց է դուրս գալու, և եղավ Սերժ Սարգսյանի հակասահմանադրական հայտնի ելույթը։ Այդ ճնշումների արդյունքում Գագիկ Ծառուկյանը թողեց քաղաքականությունը, իսկ համաժողովրդական շարժմանը մաս կազմող հիմնական ուժերը հետևողական չեղան և կարծես գնացին արձակուրդ։ Լուրջ դիմադրության բացակայությունն էլ Սերժ Սարգսյանին հնարավորություն տվեց իրագործել իր թիվ մեկ նպատակը՝ վերարտադրվելու համար մեջտեղ բերել սահմանադրական փոփոխությունների նախագիծը։ Ասում են՝ «այո»–ն իրականում 5% էլ չի հավաքել, բայց իշխանություններին, փաստորեն, հաջողվեց կյանքի կոչել սահմանադրական հանրաքվեն։ Այստեղ մեծ դերակատարություն խաղաց նաև այն, որ «ոչ»–ի ճակատը երբ սեպտեմբերի 12–ին ձևավորվեց, թվում էր, թե համախմբվել է, բայց պարզվեց, որ որոշ քաղաքական ուժեր ավելի շատ խնդիր էին դրել ընդդիմության տիտղոսը վերցնելու և չէին նպաստում համախմբմանը։ Սեպտեմբերի 12–ից հետո ոչ մի անգամ «ոչ»–ի ճակատի նիստ չեղավ, և առանձին–առանձին փոքր ճակատներ ստեղծվեցին։ Իսկ ժողովուրդը երբ տեսնում է, որ համախմբում չկա (ու թեև դեկտեմբերի 6–ին իր «ոչ»–ն ասաց), միևնույն է, հրապարակ չի գա։ Գագիկ Ծառուկյանի գլխավորած համաժողովրդական շարժման առավելությունն այն էր, որ նախկինում անգամ, եթե ունեցել էին հակասություններ, հրապարակում իրար կողքի էին կանգնել։ Իսկ «ոչ»–ի ճակատի դեպքում նույնիսկ նախօրոք որոշում էին, թե հանրահավաքներում ով պիտի ելույթ ունենա, ով՝ ոչ։ Սա՛ է խնդիրը։

–Այդ համատեքստում ի՞նչ է սպասվում 2016–ին։

–Գիտեք, իշխանությանը թեև հաջողվեց անցկացնել «այո»–ն, բայց, մյուս կողմից, Սերժ Սարգսյանն ամբողջը դրել է մեկ զամբյուղի մեջ. նա այն խարիզմատիկ լիդերը չէ, որի հետ լծակ չունենալու դեպքում կրկին հաշվի նստեն։ Սերժ Սարգսյանը հասկանում է, որ եթե որևէ պաշտոն, լծակ չունենա, ապա իրեն կարող է՝ ՀՀԿ–ի գրասենյակ չթողնեն, և պատահական չէր, որ վերջին հարցազրույցի ժամանակ նա հետաձգեց վարչապետ կամ ԱԺ նախագահ դառնալ հավակնելուն վերաբերող հարցի պատասխանը։ Այժմ իր թիմակիցները տեսան, որ Սերժ Սարգսյանը միշտ պատրաստ է դրժել իր խոստումը, և բոլորը համոզվել են՝ իրենցից ոչ ոք ապահովագրված չէ Սերժ Սարգսյանի կողմից «քցվելուց»։ Սա էլ նշանակում է, որ իշխանության՝ Հանրապետականի ներսում, գնում է պայքար, որը կարող է բերել հարցերի՝ հենց ներսում ավելի շուտ լուծվելուն։ Բայց չեմ կարծում, որ ներսում իշխանափոխությունը մեր ժողովրդին կամ պետությանն օգուտ կտա։

–Այդ դեպքում ի՞նչ է անհրաժեշտ երկրում համակարգային փոփոխություններ իրականացնելու համար։

–Այստեղ շատ կարևոր է նոր ուժի ի հայտ գալը։ Այն ուժի, որը կհամախմբի, ժողովրդի մոտ վստահություն կառաջացնի, որը կարող է համախմբելուց բացի՝ նաև հաղթանակի հավակնել։ Ի վերջո, մենք ունենք հրաշալի ժողովուրդ. դեկտեմբերի 6–ին նա իրենից կախված քայլն արեց, բայց որ հրապարակ չի գալիս կամ ակտիվ չէ, պատճառը քաղաքական ուժերի համախմբման բացակայությունն է և այն, որ հույս չի կապում այն մարդկանց հետ, ովքեր կռիվ են տալիս ընդդիմադիրի տիտղոսի համար։

–Փաստորեն, միակ լուծումը տեսնում եք նոր ուժի ձևավորման մեջ։

–Այո՛, և այդ նոր ուժը պետք է վստահություն վայելի ժողովրդի մոտ ու երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու ծրագիր ունենա։ Մեր ժողովուրդն այսօր իր հույսն է կորցրել, իսկ Կոնֆուցիոսը ժամանակին ասում էր՝ երկիրը կառավարելու համար 3 բան է անհրաժեշտ՝ բավականաչափ հաց, սպառազինություն և հավատ։ Ընդ որում, հավելել է՝ կարող են առաջին երկուսը չլինել, բայց 3–րդը պարտադի՛ր է։ Հիմա մեզ մոտ, փաստորեն, այդ հավատն էլ չկա, և նոր քաղաքական ուժը պետք է դա առաջացնի։ Այսպիսի նոր քաղաքական միավոր տեսնելու պարագայում ժողովուրդը կգա հրապարակ և կկանգնի մինչև վերջ։

–Ակնկալում եք, որ այդ նոր ուժը 2016 թվականի՞ն ի հայտ կգա։

–Իրոք, հաջորդ տարվանից ակնկալիքը հենց այդ նոր ուժի ձևավորումն է, որովհետև Հայաստանում շատ քաղաքական գործիչներ, արտախորհրդարանական ուժեր կան, որոնք հավաքական լուրջ պոտենցյալ ունեն։ Նաև՝ մարդիկ, ովքեր այսօր ակտիվ չեն, բայց, համոզված եմ, որ լուրջ զարգացումների դեպքում ի հայտ կգան։ Իսկ նոր ուժի ձևավորումը նաև կստիպի իշխանություններին ավելի զգույշ լինեն, և դա չի լինի այն տարբերակը, երբ փետրվարի 13–ին մոտ 500 հոգու ԲՀԿ–ից ձերբակալեցին։ Ես համոզված եմ, որ նոր եկող ուժը տեր կկանգնի, և իշխանությունները կընկրկեն այդ ուժի առաջ, որովհետև իշխանությունն այսօր շատ թուլացած է, գիտեն, որ իրենց վարկանիշը 5%–ի չի հասնում, ժողովուրդն իրենց ատում է, արտաքին աշխարհում խայտառակված են, հարգանք չունեն, տարած փողերի համար էլ ոչ ոք երաշխիք չի տալիս, որ ինչ–որ մեկը կգա ու կասի՝ ոչինչ, Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը տարել են, թող վայելեն։

–Իսկ ընդհանրապես, ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում հաջորդ տարվանից, առավել ևս, որ 2016–ը, կարելի է ասել, որ նախընտրական տարի է։

–2016–ը ստիպելու է բոլոր քաղաքական ուժերին գործել, որովհետև 100 տարի հետո միայն իշխանություններին չեն մեղադրելու, ասելու են՝ բա լավ, ընդդիմությունն ի՞նչ էր անում։

–Տեսնու՞ւմ եք այն սուբյեկտին կամ սուբյեկտներին, որոնք ունակ են դրական փոփոխություններ իրականացնել։

–Երկիրը կործանման եզրին է, և այն մարդը, ով զգում է, որ պոտենցյալ ունի դա փոխելու, պիտի գա։ Ես կարող եմ անուններ էլ տալ։ Օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանը եթե որոշի մեծ քաղաքականություն վերադառնալ, ապա համոզված եմ, որ շատ քաղաքական ուժեր, բազմաթիվ ձեռներեցներ, հսկայական թվով քաղաքացիներ կմիանան նրան։ Ինձ շատ մարդիկ են մոտենում և ասում, որ եթե Ռոբերտ Քոչարյանը որոշեց գալ իշխանության, մենք պատրաստ ենք նրա կողքին կանգնելու։ Այսօր, իհարկե, «հաճախորդներին» մեջտեղ են գցել, փորձում են նրան քննադատել և այլն, բայց համոզված եմ, որ երբ Քոչարյանը որոշի վերադառնալ, հաճախորդները թեև կշատանան, և նրանց գինը կբարձրանա, բայց, ինչպես ասում են, քարավանը գնում է, շունը հաչում է։

–Հիմա էլ մի շարք լրատվամիջոցներ և քաղաքական ուժեր «ընդդիմադիր» դիրքերից պայքարում են ոչ թե Սարգսյանի, այլ Քոչարյանի դեմ։ Դա իշխանակա՞ն նախագիծ է։ Ինչո՞ւ է իշխանությունը պայքարում արտաքուստ պասիվ Քոչարյանի դեմ։

–Այս իշխանություններն ամենաշատը վախենում են Քոչարյանից։ Որովհետև Քոչարյանի հետ վերադարձի դեպքում իշխանական թիմն էլ է ճեղքվելու, և նա տեր է կանգնելու բոլոր այն մարդկանց, ովքեր պատրաստ են լինելու կանգնել իր կողքին։ Տեր ասելով՝ նաև նրանց անվտանգության հետ կապված հարցը նկատի ունեմ։ Այլ տարբերակ չկա. իշխանության հետ պետք է խոսել ուժի լեզվով, իսկ ուժը համախմբված ժողովուրդն է։ Քոչարյանի դեպքում, համոզված եմ, համախմբումը լինելու է, որքան էլ «հաճախորդները» ճվճվան։

–Այլ անուն կարո՞ղ եք տալ։ Օրինակ՝ ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի հնարավորություններն ինչպե՞ս եք գնահատում։

–Ինչ վերաբերում է Արա Աբրահամյանին, ապա նա հաստատ ռեսուրս ունի։ Ի վերջո, եթե Ռուսաստանի հայերը որոշեցին, որ Հայաստանում քվեարկության վրա պետք է ազդեն ոչ թե կեղծիքի իմաստով, այլ իրենց հարազատներին հորդորելու, ապա սա շատ մեծ ռեսուրս է։ Եվ չի բացառվում, որ այս երկու ռեսուրսները միավորվեն կամ, համենայնդեպս, իրար չխանգարեն։ Նկատի ունեմ Ռոբերտ Քոչարյանին և Արա Աբրահամյանին։ Ի վերջո, բոլոր այն ուժերը, ովքեր ուզում են երկիրն այս վիճակից դուրս բերել, պետք է միմյանց չխանգարեն կամ միավորվեն։ Իսկ եթե մեկը խանգարում է, նշանակում է՝ իշխանությունների խաղն է խաղում։ Այսօր եթե մեկը խոսում է Արա Աբրահամյանի դեմ, մյուսը՝ Ռոբերտ Քոչարյանի, նշանակում է՝ այդ մարդիկ «հաճախորդ» են։ Օրինակ՝ Քոչարյանն իր «ոչ»–երն ասել է դեռ 2008թ. սկսած. հայ–թուրքական արձանագրություններից սկսած՝ «ոչ» է ասել արտաքին քաղաքականությանը, «ոչ» է ասել տնտեսական քաղաքականությանը, «ոչ» է ասել սահմանադրական փոփոխություններին։ Էլ ի՞նչ են ուզում. «ոչ»–ը էլ ո՞նց է լինում։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը