Հարցազրույց

24.12.2015 12:24


Գեղամ Նազարյան. «Մեծ է հավանականությունը, որ կձևավորվի նոր քաղաքական բևեռ»

Գեղամ Նազարյան. «Մեծ է հավանականությունը, որ կձևավորվի նոր քաղաքական բևեռ»

«Top-News.am»–ի հարցազրույցը քաղաքագետ Գեղամ Նազարյանի հետ

-Պրն Նազարյան, վերջին շրջանում ակտիվացել են խոսակցությունները վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման շուրջ: Հնարավոր համարո՞ւմ եք նրա պաշտոնանկությունը:

–Ցանկացած մարդ էլ մի օր կարող է հրաժարական տալ կամ պաշտոնանկ լինել: Հարցը հնարավոր կամ անհնար լինելու մեջ չէ: Այստեղ կարեւորն այն է, թե ինչ տրամաբանության մեջ ենք այս հարցը դիտարկում: Չմոռանանք, որ Հովիկ Աբրահամյանի առաջ դրված է բարդ խնդիր՝ փրկել տնտեսությունը: Եթե նա կարողանա պատվով դուրս գալ այս վիճակից, եւ առողջացնել տնտեսությունը, ապա կուժեղացնի իր դիրքերը, իսկ եթե ոչ՝ կվերածվի թույլ խաղաքարի` ֆիգուրի:

Կարծում եմ՝ Հովիկ Աբրահամյանն ամենամեծ սխալը թույլ տվեց հենց սկզբնախաղում, երբ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո հստակ չարձանագրեց, թե ինչ ժառանգություն է ստացել Տիգրան Սարգսյանից: Իհարկե, մենք քաջատեղյակ ենք, թե ինչու նա դա չարեց, այսուհանդերձ, մարտավարական տեսանկյունից դա լուրջ բացթողում էր, կոպիտ սխալ: Հենց այդ սխալն էլ կարող է հանգեցնել նրան, որ եթե նրան չհաջողվի տեսանելի արդյունքներ արձանագրել, ապա ստիպված ենք արձանագրել, որ սովորաբար նման մարդիկ հեշտությամբ վերածվում են քավության նոխազի: Իսկ թե ինչին մենք ականատես կլինենք այս հարցում, կարծում եմ, որ պարզ կլինի գալիք տարվա ընթացքում:

-Խոսակցություններ են շրջանառվում, որ Գագիկ Ծառուկյանը կարող է վերադառնալ քաղաքականություն:

-Անկեղծ լինենք: Նման խոսակցություններ իրականում չկան: Նման լուրեր հորինում եւ տարածում են մամուլի որոշ միջոցներ՝ ինչ-ինչ նպատակներ հետապնդելով: Նրանք այդ քայլին գնում են հետապնդելով փոքրիկ ինտրիգային շահեր:

Մեկ անգամ եւս հիշեցնեմ, որ Ծառուկյանը հայտարարել է, թե քաղաքական էջն իր համար փակված է: Իսկ մենք պետք է հարգենք նրա որոշումը:

Ծառուկյանը քաղաքականության մեջ հասել է թերեւս ամենավերին կետին՝ պիկին: Նա ունեցել է բավական մեծ ժողովրդականություն եւ բարձր վարկանիշ, որն անհասանելի է շատերի համար:

Ի՞նչ եք կարծում՝ նա նորից մտնելու է քաղաքականություն, որ կրկին անգամ արձանագրի, որ տնտեսության վիճակը վա՞տ է, որ մարդկանց սոցիալական վիճակը ծա՞նր է եւ նոր լուծումներ առաջրկի՞: Չմոռանանք, Ծառուկյանը դեռ յոթ-ութ տարի առաջ էր դրա մասին նախազգուշացնում, երբ շատ-շատերը ծափահարում էին Տիգրան Սարգսյանի պոպուլիստական ելույթներին եւ հայտարարություններին: Չմոռանանք նաեւ, որ նա միջազգային մեծ հեղինակություն ունեցող տնտեսագետներ էր Հայաստան հրավիրում, որ միասին զարգացման ծրագրեր մշակենք: Հիմա նորից նույնը կրկնի՞:

Ես վստահ եմ, որ Ծառուկյանն այն մարդն է, ով կարող է գտնել պետությանը եւ ժողովրդին օգտակար լինելու այլ տարբերակներ: Ի դեպ, նա այսօր արդեն դա անում է:
Հատուկ ուզում եմ հիշեցնել, որ երկարատեւ ստուգումներից հետո, ի վերջո, հայտարարվեց, որ Ծառուկյանին պատկանող ձեռնարկություններում էական խախտումներ չեն հայտնաբերվել:

-Ի՞նչ եք կարծում՝ նախագահական ժամկետի ավարտից հետո Սերժ Սարգսյանն ինչ պաշտոն կզբաղեցնի: Հիմա շատ է խոսվում նրա մտադրությունների եւ ծրագրերի մասին:

-Գիտեք, զարմանալին ոչ թե Սերժ Սարգսյանի տրամադրությունների փոփոխությունն է, այլ այն, որ քաղաքական, փորձագիտական որոշ շրջանակներ, տարբեր տրամաչափի պաշտոնյաներ ավելի քան մեկ տարի մեզ վստահեցնում էին, թե Սերժ Սարգսյանը հավատարիմ մնալով իր նախորդ խոստումներին այլեւս չի հավակնելու վարչապետի կամ ԱԺ նախագահի պաշտոններին: Չեմ բացառում, որ նրանց մի մասն իրոք հավատում էր, թե հենց այդպես էլ լինելու է:

Հիմա ես չեմ պնդում, թե Սերժ Սարգսյանը վարչապետ կամ ԱԺ նախագահ է լինելու: Ընդամենը շեշտում եմ, որ նա կարող է ցանկություն ունենալ նախագահական ժամկետի ավարտից հետո՝ 2018-ին զբաղեցնել վարչապետի պաշտոնը եւ այդ ուղղությամբ քայլեր կձեռնարկի: Կհաջողվի՞, թե ոչ` չգիտեմ: Այս պահին շատ դժվար է պատասխանել այդ հարցին:
Ուզում եմ հատուկ ընդգծել, որ ոչ միայն հայաստանյան, այլ աշխարհի բոլոր երկրների հասարակությունները հոգնում են նույն դեմքերին իշխանության այս կամ այն օղակում տարիներ շարունակ տեսնելուց: Ժողովուրդը փոփոխությունների է ձգտում, առաջընթացի, թարմության, ցանկանում է քաղաքական դաշտում, կառավարությունում նոր մարդկանց տեսնել, նոր կուսակցություններ, նոր թիմեր, եւ որ ամենակարեւորն է՝ թարմ ծրագրեր:

Ի դեպ, աշխարհի ամենաժողովրդավարական երկրներում շատ հաճախ ընտրություններում պարտվում են կառավարող կուսակցություններ, որոնք լուրջ հաջողություններ են արձանագրել տարիներ շարունակ: Պարտվում են բացառապես այն պատճառով, որ ժողովուրդը հոգնում է նույն դեմքերին տեսնելուց եւ թարմության պահանջ է զգում:

-Սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ ՀԱԿ-ի նախաձեռնության տակ ԱԺ-ում անհրաժեշտ թվով ստորագրություններ չհավաքվեցին: Ինչ եք կարծում, ինչու շատ պատգամավորներ չմիացան ՍԴ դիմելու ՀԱԿ նախաձեռնությանը:

-Պատճառներն, իհարկե, տարբեր էին: Շատերը իսկապես այս նախաձեռնությունը համարելով ազնիվ մղում, այնուհանդերձ սա համարում են որեւէ արդյունք չտվող քայլ եւ ժամանակի վատնում: Իսկապես, կեղծված ընտրություններից հետո հետընտրական վիճարկումները մինչ օրս ոչ մի արդյունք չեն տվել: Եւ այս իմաստով, նման քայլերը, սովորաբար նմանվում են արդյունք չունեցող շոուների, որտեղ կարեւորը ոչ թե նպատակն է, այլ բուն գործընթացը: Հասկանալի է, որ այս ամենն անընդունելի է ԱԺ այն փոքրաթիվ պատգամավորների համար, որոնց հետաքրքրում է ոչ թե շոուն, այլ նպատակը: Անցած 20-25 տարվա փորձը ցույց է տալիս, որ պետք է նախաձեռնել այնպիսի գործընթաց, որը հասարակությանը վստահություն կներշնչի:

Ի վերջո, մարդիկ ցանկանում են տեսնել իսկապես լուրջ քաղաքական ուժ, որը կկարողանա հասնել պրակտիկ նպատակների, փոխելով ներկայիս իրավիճակը, այդ թվում նաեւ երկրում հաստատված խորը հիասթափության մթնոլորտը: Պետք է մտածել այն մասին, թե ինչ պետք է անել, որ փոխվի ներկա իրավիճակը: Անհրաժեշտ է բազմաշերտ աշխատանք, որ մարդկանց հոգնեցրած, արժեզրկված եւ պոպուլիստական շոուները մնան անցյալում: Միթե՞ պարզ չէ այս տարրական ճշմարտությունը, որ ոմանք դա չեն հասկանում եւ իրենց ձախողումների համար փորձում են քավության նոխազներ փնտրել: Սա ոչ միայն բարոյական չէ, այլեւ ռացիոնալ չէ, քանզի այսօր հասարակությունն այնպիսի մեծ փորձ ունի, որ նրան արդեն խաբել հնարավոր չէ:

-Խոսվում է նոր ուժերի, նոր բեւեռների ձեւավորման հնարավորության մասին:

-Նախ պետք է ընդունել, որ այսօր բոլոր քաղաքական ուժերը գտնվում են ճգնաժամի մեջ: Սա վերաբերում է բոլորին` սկսած իշխող ՀՀԿ-ից մինչեւ ամենափոքր կուսկացությունները: Սա է իրականությունը: Եւ այն ուժերը, որոնք արագ կընկալեն իրականությունը եւ համապատասխան հետեւություններ կանեն, կլինեն կենսունակ: Ցանկացած լճացման, ցանկացած ճգնաժամի դեպքում նորը, նոր թիմը, նոր գաղափարը խաղաղ փոփոխության գրավականն է: Այնպես որ, այս ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ է, որ ձեւավորվեն նոր ուժեր, որոնք նորովի հարցադրումներ կանեն եւ նոր տեխնոլոգիաներ եւ մոտեցումներ կառաջարկեն այս իրավիճակից դուրս գալու համար:

- Արա Աբրահամյանը հայտ է ներկայացրել մտնել հայաստանյան քաղաքական դաշտ: Ինչպես եք վերաբերում այդ փաստին:


-Ես Արա Աբրահամյանի մուտքը քաղաքականություն դիտարկում եմ հենց վերոհիշյալ «նոր»-ի շրջանակներում: Ես չգիտեմ ինչ է մտածում Արա Աբրահամյանը, ինչ կոնկրետ նախաձեռնություններ ունի, ինչ ծրագրեր, ինչ ռիսկեր է հաշվարկել, բայց համոզված եմ, որ եթե նա ներակայանա իսկապես լուրջ թիմով եւ լուրջ, թարմ շունչ ունեցող ծրագրերով, ապա կունենա բավական շոշափելի հաջողություն: Առայժմ վաղ է խոսել այս մասին: Կարծում եմ, որ գալիք տարվա գարնանը ամեն ինչ կհստակեցվի: Չեմ բացառում, որ կարող են այլ ուժեր էլ մտնեն քաղաքական թատերաբեմ եւ Հայաստանի քաղաքական ներկապնակը կրկին դառնա խայտաբղետ եւ ունենա ուժեղ եւ միմյանց հետ մրցակցող բեւեռներ, որից բացառապես կշահի մեր հասարակությունը, քանզի մրցակցությունն է, որ բերում է առաջխաղացում բոլոր բնագավառներում, լինի տնտեսություն, գիտություն, թե սպորտ: Եւ այս իմաստով բացառություն չի կազմում քաղաքականությունը:

- Կանխատեսումները, ինչպես ասում են, անշնորհակալ գործ է: Այնուամենայնիվ Ձեր կանխատեսումը: Հաջորդ տարին՝ 2016-ն արդեն նախընտրական տարի է, ինչ է մեզ սպասվում, ինչ է լինելու:

-Միանգամից ասեմ, որ ավելի քան ակնհայտ է, որ մեզ լուրջ, շատ լուրջ տնտեսական դժվարություններ են սպասվում: Այս մասին են վկայում բոլոր տվյալներն ու առկա իրավիճակը: Իսկ սա, ամեն ինչից զատ, նշանակամում հանրային տրամադրությունների արմատական փոփոխություն: Ստեղծվելու են բոլորովին նոր իրողություններ, որոնց հետ որեւէ մեկը չի կարող հաշվի չնստել:

Կարծում եմ մեծ է հավանականությունը, որ կձեւավորվեն նոր քաղաքական ուժեր, նոր քաղաքական բեւեռ, որը համախմբելու է հասարակության զգալի մասին, եւ որը խորհրդարանական ընտրություններում մեծ հաջողության է հասնելու: Ուզում եմ մեկ անգամ եւս շեշտել, որ խոսքը գնում է ոչ միայն նոր կուսակցությունների մասին, այլ ուժեղ բեւեռի, որը կհամախմբի շատ ու շատ գործիչների ու կուսակցությունների, արմատապես կփոխի քաղաքական դաշտում ստեղծված իրավիճակը: Վստահ եմ, որ Հայաստանին փոփոխություններ են սպասում: Վստահ եմ, որ այդ փոփոխություններն անհրաժեշտություն են: Առանց այդ փոփոխությունների մենք չենք կարող դուրս գալ այս խորը ճգնաժամից: Մեր աշխարհաքաղաքական դիրքը, մեր շուրջը տեղի ունեցող կարեւորագույն իրադարձությունները մեզ ստիպում են գնալ այդ փոփոխություններին: Եվ վստահ եմ, որ Հայաստանում գտնվելու է համակեցության ճիշտ տարբերակը: Մենք իսկապես ներսում թշնամիներ չպետք է ունենանք: Իրար անվերջ մեղադրելով` ուր պետք է հասնենք:

Այս խորագրի վերջին նյութերը