Հարցազրույց

24.12.2015 12:06


Վարդան Բոստանջյան. «Դրամի փոխարժեքի նման կերպ պահպանումը բերում է բացասական երևույթների»

Վարդան Բոստանջյան. «Դրամի փոխարժեքի նման կերպ պահպանումը բերում է բացասական երևույթների»

2015 թ. դեկտեմբերի 22-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.0 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.75%:
Կենտրոնական բանկի որոշման, Հայաստանում դրամի կայունության և այլ հարցերի մասին «Zham.am»-ը զրուցեց տնտեսագետ, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանի հետ:

-Պարո՛ն Բոստանջյան, ԿԲ-ն իջեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.0 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.75%: Ինչո՞ւ է արվում սա:

-Վերաֆինանսավորման ոչ բարձր տոկոսադրույքը տնտեսության համար հուշում է, որ տնտեսական ակտիվությունը և տնտեսական շրջանառությունը դրանով պայմանավորված պետք է ավելի նախընտրելի վիճակում գտնվեն, քան գտնվել են մինչ այդ: Տեսական ու մակերսային տոկոսադրույքի իջեցումը դա է նշանակում:

-Տնտեսվարող սուբյեկտը, քաղաքացին Ամանորի նախաշեմին ինչ-որ օգուտ ստանո՞ւմ է վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխությունից:

-Սա նշանակում է, որ բոլոր այն սուբյեկտները, որոնք, իհարկե, ոչ պաշտոնապես ունեն աջակցություն և հովանավորչություն ամենաբարձր տեղերից, նրանց համար ստեղծվում է ավելի բարենպաստ և ցանկալի միջավայր, ոչ թե պետության համար: Պետության շահերի տեսանկյունից տվյալ մոտեցումը ցանկալի չէ՝ պայմանավորված նրանով, որ այսօր ՀՀ-ում փոխանակման կուրսը չի արտացոլում իրերի իսկական վիճակը: Մասնավորապես, դրամի փոխարժեքի նման կերպ պահպանումը, որն իմ կարծիքով կրում է արհեստական բնույթ, բերում է բազմաթիվ այլ բացասական երևույթների, պահուստների կորստի, բերում է արտահանման ծավալի կրճատման, տնտեսական ակտիվության անկման և այլն: Իհարկե, այս ամենը կարելի է մեկնաբանել, թե, իբր, տեսեք, հասարակ քաղաքացու համար մենք չենք ստեղծում ավելի սոցիալական խնդիրներ և բարդ սցենարներ: Չնայած, ես ասում եմ, որ սցենարները կապված են ոչ թե գնային ճնշումների ինստիտուտների հետ, այլ կապված են համապատասխան եկամուտներ ունենալու հետ, որը ցավոք Հայաստանում չկա:

-Վերջին ինն ամիսների ընթացքում ռուսական ռուբլին արժեզրկվեց մոտ 40 տոկոսով: Հարևան Ադրբեջանի մանաթը նույնպես արժեզրկվել է այդչափ,Եվրասիական միության անդամ Ղազախստանի ազգային դրամը՝ տենգեն, արժեզրկվել է ավելի քան 110 տոկոսով, մինչդեռ հայկական դրամը վերջին մեկ տարվա ընթացքում արժեզրկվել է 15 տոկոսով: Հայաստանում որքա՞ն կտևի պահուստային ֆոնդի հաշվին պահել դրամի կայունությունն ու արդյո՞ք մի օր դա չի բերի դրամի կտրուկ անկման:

-Պահուստային ֆոնդի հաշվին դրամի կայունության պահանումը նշանակում է փոշիացնել պահուստային ֆոնդերը: Ես չեմ կարծում, որ պրոցեսը շարունակական կլինի, որովհետև շարունական լինելու դեպքում կտրուկ վայրիվերումներ ու անկումներ կգրանցվեն: Կարծում եմ, որ այդ պրոցեսը կարող է տևել մինչև նոր տարի, ինչից հետո անպայման դրամի փոխանակային կուրսը պետք է հնարավորինս արտացոլի իրերի իսկական վիճակը: Ես հավատացնում եմ, որ այդկերպ շարունակել հնարավոր չէ, առավել ևս, որ ՀՀ բանկային համակարգն արդեն իր նախնական ամփոփիչ տվյալներով գտնվում է ոչ ցանկալի վիճակում:

Այս խորագրի վերջին նյութերը