Մեկնաբանություն

23.12.2015 00:50


Հանրաքվեն պրծավ, ու արդեն պատերազմական իրավիճա՞կ է

Հանրաքվեն պրծավ, ու արդեն պատերազմական իրավիճա՞կ է

-Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ սա պատերազմական իրավիճակ է։ Խնդրում եմ՝ ձեր տերմինաբանության մեջ չօգտագործել «հրադադարի խախտում» արտահայտությունը, որովհետև հրադադարի խախտում մենք այլևս չունենք. հակառակորդն ավելի լուրջ բաներ է ուզում անել,որը նրա մոտ չի ստացվում,- հայտարարել է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Ա. Հովհաննիսյանը:

Այս հայտարարությունից հետո բացում ես նախագահականի կայքը եւ կարդում. «Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ՀՀ Նախագահի նստավայրում մեկնարկել են երեխաների համար անցկացվող ամենամյա տոնական միջոցառումները. այսօր Բաղրամյան 26-ում հյուրընկալվել են հանրակրթական դպրոցների բարձր առաջադիմություն ցուցաբերած 300 երեխաներ»:

Ինչպե՞ս հասկանալ: Իրականում դժվար չէ հասկանալ, թե ինչու է Արծրուն Հովհաննիսյանը հիմա ահազանգում պատերազմական իրավիճակի մասին: Ավարտվել է սահմանադրական հանրաքվեն, արդյունքները ուզածի չափ «խփել» են, եւ հիմա արդեն կարելի է ասել, որ վիճակը վիճակ չի….Պատերազմական է:

Բայց պատերազմական իրավիճակ է եղել ողջ տարվա ընթացքում, երբ նույն ՊՆ-ն ու նախագահականը շատ լավ գիտեին, թե թշնամին քանի դիվերսիոն հարձակում է իրականացրել, քանի զինվոր ենք կորցրել, քանի սահմանամերձ գյուղ է ավերվել: Քաջ գիտեին այդ մասին, բայց քանի որ առջեւում հանրաքվեն էր, չէին ասում, որ իրավիճակը պատերազմական է, այլ նորմալ էին համարում, երբ ԶԼՄ-ն գրում էր, որ տեղի է ունեցել հրադադարի խախտում:

Պատերազմական իրավիճակ էր նաեւ անցյալ տարվա հունիս-օգոստոսին, սակայն Սերժ Սարգսյանն անհետ կորել էր, ու ոչ ոք չգիտեր, թե որտեղ է նա:

Ընդհանրապես, անցած տարիներին սահմանային լարվածության օրերին ՀՀԿ ղեկավարին գտնել չի լինում: Անգամ եթե մեկ շաբաթում 4 զոհ ենք ունենում: Ու հանկարծ հիմա իշխանությունը որոշեց, որ սա պատերազմական իրավիճակ է:

Թշնամին նույն զինատեսակներն էր օգտագործում անցած տարիներին, սահմանագոտու բնակիչները գերի էին ընկնում եւ տանջամահ լինում, թշնամու դիվերսիոն խմբերը շարունակում էին հարձակումները, ինչին ի պատասխան՝ ՀՀԿ վերնախավը թանկարժեք մեքենաներով հասնում էր սահման, կամուֆլյաժով նկարվում էին, խոստանում բարելավել սահմանագոտու կենսապահովմանը վերաբերող հարցերը, ու հետ էր վերադառնում: Մոռանալով խոստումը կատարել:

Իսկ սահմանից շարունակում էին դագաղներ բերել հարազատ օջախներին, որոնցից մեկն անգամ բողոքի ակցիա իրականացրեց. իր ջահել զինվորի դագաղն առած փորձեց հասնել Կառավարության շենքի մոտ: Փակվեց Արագածոտն-Երեւան մայրուղին…

Բայց հիմա է պետք հայտարարել, որ սա արդեն պատերազմական իրավիճակ է: Քանզի հանրաքվեի տոկոսը խփել-պրծել են: Բայց, ախր, պառլամենտական Հայաստանում էլ արդեն զոհեր ունենք: Ցավալի է:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը