Քաղաքական

21.12.2015 23:18

Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում (լուսանկարներ)

Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում (լուսանկարներ)

Սերժ Սարգսյանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Մոսկվայում այսօր կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում նա ելույթ է ունեցել` անդրադառնալով ՀԱՊԿ ՀԱԽ սեպտեմբերյան նստաշրջանում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, Կազմակերպությունում ՀՀ նախագահության առաջնայնություններին, ՀԱՊԿ շրջանակներում առաջիկայում նախատեսվող միջոցառումներին, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին: Այս համատեքստում նա, մասնավորապես, նշել է.

«Հարգելի գործընկերներ,

Ռուսական ՍՈՒ-24-ի ոչնչացումը թուրքական զինված ուժերի կողմից լուրջ մարտահրավեր դարձավ ահաբեկչության հակազդմանը, Սիրիայում իրավիճակի կարգավորմանն ու տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին: Յուրաքանչյուր օժանդակություն ահաբեկչությանը ենթակա է խիստ քննադատման:

Խոցված ռուսական ինքնաթիռի հետ կապված իրավիճակի զարգացման մեջ մենք բոլորս ականատես եղանք, թե ինչպես է տեղի ունենում գործուն ռազմաքաղաքական դաշինքների ձևավորումը: ՆԱՏՕ-ի երկրների՝ ներառյալ, օրինակ, Հունաստանի անվերապահ աջակցությունը Թուրքիային, ակնհայտորեն ցույց է տալիս, որ «մեկը բոլորի և բոլորը՝ մեկի համար» սկզբունքը հանդիսանում է նման կառույցների արդյունավետության պարտադիր պայման: Նույնիսկ այն դեպքում, երբ Թուրքիայի գործողությունները հակասում էին բարեկամության և բարիդրացիության բոլոր նորմերին ու սկզբունքներին, նույնիսկ այն դեպքում, երբ այն խոցել էր ահաբեկչության դեմ պայքարող միջազգային հանրության համար կարևորագույն մարտական հանձնարարություն իրականացնող ինքնաթիռ, ՆԱՏՕ-ի ոչ մի երկիր կասկածի տակ չդրեց թուրքական կողմի գործողությունը: Մենք պետք է դրանից դասեր քաղենք:

Իհարկե, ցանկացած երկիր ունի իր շահերը, իր առաջնայնությունները, բայց դրանք չպետք է հակադրվեն մեր ընդհանուր շահերին և փոխադարձ պարտավորություններին։ Ամեն անգամ, երբ Ադրբեջանի Զինված ուժերը Հայաստանի Հանրապետության դեմ կիրառում են ավտոմատներ, ականանետեր և հրետանային սարքավորումներ, նրանք կրակում են Աստանայի, Դուշանբեի և Բիշկեկի, Մոսկվայի և Մինսկի ուղղությամբ։ Հիշեցնեմ, որ մենք Կանոնադրության մեջ ունենք համապատասխան հոդված։ Եվ եթե մենք ոչ միայն չենք կիրառում այդ հոդվածը, չենք քննարկում ստեղծված իրավիճակը, հարկ չենք համարում վերցնել լսափողը և հետաքրքրվել՝ ինչ է կատարվում դաշնակից Հայաստանում, և դրա հետ մեկտեղ նաև քվեարկում ենք միմյանց շահերի դեմ միջազգային կազմակերպություններում, երրորդ երկրների հետ ընդունում ենք երկկողմ հայտարարություններ, որոնց տեքստն ուղղված է ՀԱՊԿ դաշնակիցների դեմ, ապա մենք պարզապես այդ կրակոցների տակ ենք դնում մեր ամբողջ Կազմակերպությունը, նրա հեղինակությունը, նրա կարևորությունը։

Ադրբեջանի քաղաքականությունն ուղղված է կոնֆլիկտի սրացմանը, ցավոք, Դուշանբեի նստաշրջանից հետո իրավիճակը ոչ միայն չի կայունացել, այլև ավելի լարված բնույթ է ստացել ։ Ադրբեջանական կողմը չի սահմանափակվում ծանր հրետանու կիրառմամբ, այդ թվում՝ թուրքական արտադրության։ Դեկտեմբերի 8-ին Ադրբեջանի զինված ուժերը 1994թ․ հրադադարի ռեժիմի հաստատումից ի վեր առաջին անգամ անցան տանկային ռմբակոծության, ինչը լարվածությունը բարձրացնում է նոր և շատ վտանգավոր մակարդակի։

Հաշվի առնելով տարածաշրջանում վերջին շրջանում ձևավորված լարված մթնոլորտը՝ պետք չէ բացառել, որ այդ քայլին Ադրբեջանը գնացել է դրսի կողմի հուշումով կամ աջակցությամբ»:

Սերժ Սարգսյանը Մոսկվայում այսօր կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ավարտից հետո, մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերին:

Բանակցությունների ընթացքում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարները` Սերժ Սարգսյանը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Ալմազբեկ Աթամբաևը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, քննարկել են նախորդ՝ 2015թ. հոկտեմբերի 16-ի բարձրագույն խորհրդի նիստում ընդունված մի շարք որոշումների կատարման ընթացքը, Եվրասիական տնտեսական խորհրդի 2016թ. բյուջեն, Միության կառույցներում նախագահության, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամների միջև պարտականությունների բաշխման և անձնական կազմի մասին, Միության անդամ պետություններում 2020թ. փուլի մարդահամարի անցկացման մասին և մի շարք այլ հարցեր:

Օրակարգի շրջանակներում Միության պետությունների ղեկավարները հաստատել են Եվրասիական տնտեսական միության դատարան դիմելու դեպքում, տնտեսվարող սուբյեկտների կողմից վճարվող տուրքի դրույքաչափը, քննարկել «ԵԱՏՄ-ի և Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու կապակցման հարցերով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխգործակցության մասին» հարցը:

Անդրադարձ է եղել նաև Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի հետ ազատ առևտրի համաձայնագրի դադարեցման խնդրին:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։