Հարցազրույց

07.02.2011 20:20


Հովիկ Աբրահամյան

Հովիկ Աբրահամյան

Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է լրագրողների հարցերին։

-Պարո՛ն Աբրահամյան, այս օրերին երկպալատանի խորհրդարանի մասին ակտիվ խոսակցություններ են ընթանում։ Ձեր կարծիքն այս նախաձեռնության մասին։

-Իմ կարծիքով՝ դա այն մի շարք խնդիրների շարքում է, որը որ պետք է քննարկվի։ Դեռ սաղմնային վիճակում է, քննարկելու ենք։ Բոլորդ գիտեք, որ դա Սահմանադրության հետ ուղղակի կապված է, դա կիրականացնի Սահմանադրության բարեփոխումների փաթեթը։

-Բայց այսօր խորհրդարանում՝ դպրոցականների հետ հանդիպման ժամանակ, ոնց որ թե մի քիչ այլ կարծիք եք հայտնել. ասել եք, որ հիմա դեռ դրա ժամանակը չէ։

-Ո՛չ, ես ասել եմ, որ դա մեր քննարկվող հարցերի շարքում է, բայց ես գտնում եմ, որ մենք ավելի կարևոր հարցեր ունենք այսօր զբաղվելու, քննարկելու և լուծելու։ Մեզ համար գերխնդիր է ամրապնդել մեր տնտեսությունը, մեր տնտեսական աճն ամրագրել, միասին։ ԱԺ, կառավարություն, նախագահի գլխավորությամբ անել ամեն ինչ, որպեսզի մեր տնտեսությունն ամրապնդվի։ Դա մեզ համար կարևոր խնդիր է։ Մեր արտաքին քաղաքականությունը, Ղարաբաղի հակամարտության խնդիրը կարգավորել խաղաղ բանակցությունների արդյունքում։ Դրանք, իմ կարծիքով, ավելի գերակա խնդիր են, քան քննարկել, խոսել երկպալատանի խորհրդարանի մասին։

-Մինչև հաջորդ խորհրդարանական ընտրությունները հնարավո՞ր է երկպալատանի խորհրդանի մասով Սահմանադրական փոփոխություններ նախաձեռնվեն։

-Ո՛չ։ Իմ անձնական կարծիքն է դա։

-ՀՀԿ-ԲՀԿ փոխհրաձգություն է սկսվել։ Դրան ինչպե՞ս եք վերաբերվում և հնարավոր համարո՞ւմ եք, որ ԲՀԿ-ն կոալիցիայից դուրս գա։

-Ես այդ հրաձգությունն ԱԺ-ում չեմ զգում։ Երևի դուք էլ եք ականատես, որ չկա նման հրաձգություն, ուղղակի քաղաքական ուժեր են, որ տարբեր ներկայացուցիչներ ունեն, տարբեր կարծիքներ։ Մենք ունենք 2007թ. ստորագրված կոալիցիոն հուշագիր, որի շրջանակներում մենք համագործակցում ենք։ Դեռ որևէ խնդիր ես չեմ տեսել, չեմ տեսնում։

-Բայց նաև վիրավորական խոսքեր հնչեցին՝ դերասաներ անվանեցին, թատերական ներկայացում է և այլն։

-Դե, վիրավորական խոսքեր հնչեցնողները պետք է պատասխան տան և կոռեկտ լինեն, որ որևէ մեկը մյուսին չվիրավորի։ Ում որ վիրավորել են, նա կպատասխանի իմ կարծիքով։

-Առաջիկա խորհրդարանական ընտրություններին Դուք ո՞ր թիմում եք լինելու։

-Ի հակառակ բոլոր այն մարդկանց, ես իմ կողմերը չեմ փոխում։ Ես մեկ դիրքորոշումն ունեմ, որը շատ հստակ է։ Իսկ եթե որոշ մարդիկ տեսողության պրոբլեմ ունեն, ես իրենց կհորդորեմ դիմել բժշկի։ Գոնե իմ դիրքորոշման հետ կապված՝ որևէ մեկը որևէ կասկած չի կարող ունենալ։

-ՀՀԿ-ն ակնկալում է, որ ԲՀԿ-ն արդեն ասի, որ Սերժ Սարգսյանն է լինելու նախագահի իրենց թեկնածուն։ Ձեր կարծիքով ճի՞շտ կլինի, որ ԲՀԿ-ն հիմա ասի այդ մասին։

-ԲՀԿ-ն միշտ պաշտպանել է երկրի նախագահին։ Դեռ 2008թ. ընտրությունների ժամանակ պաշտպանել է շատ հստակ, և իմ կարծիքով՝ դա ԲՀԿ-ի դիրքորոշումն է, որը առաջիկայում իրենք կձևակերպեն։ Իմ կարծիքով՝ հարցը պետք է ուղղել ԲՀԿ-ին։ Դուք մոռանում եք, որ ես Հանրապետական կուսակցությունից եմ։

-Իսկ որպես ՀՀԿ-ի ներկայացուցիչ՝ Ձեր կարծիքով ճիշտ կլիներ երկրի նախագահի՞ն պաշտպաներ ԲՀԿ-ն, թե՞ ունենար սեփական թեկնածուն։

-Իմ տեսակետից շա՛տ ճիշտ կլիներ, որ ինքը պաշտպաներ երկրի գործող նախագահին, որովհետև նա իմ թիմի, մեր թիմի ղեկավարն է, մեր կուսակցության ղեկավարն է։

-ԲՀԿ-ի տեսակետն ինչո՞ւ է ուշանում։

-Բայց ինչո՞ւ դուք այդ հարցը չեք ուղղում ԲՀԿ-ին, այլ ուղղում եք ինձ։

-Որովհետև դուք շատ մտերիմ հարաբերությունների մեջ եք ԲՀԿ-ի ղեկավարի հետ։

-Կուսակցության ղեկավարի հետ մեր բարեկամական հարաբերություններն ընդհանրապես մի կապեք քաղաքական տեսակետների հետ։

-2013թ. ՀՀԿ-ի թեկնածուն ո՞վ է լինելու։

-ՀՀԿ-ի թեկնածուն, ի՛մ տեսակետից, լինելու է այսօրվա գործող հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, որի համար, իմ կարծիքով, դուք չպետք է շատ զարմանաք։

-Խոսակցություններ կան, որ դուք լինելու եք ԲՀԿ-ի թեկնածուն։

-Դա ձեր կարծիքն է։

-Իմ կարծիքը չէ, մամուլում են գրել։

-Դրա համար էլ ես մամուլին հորդորում եմ, որ բոլոր հարցերը ճիշտ տեսնեն, ճիշտ մտածեն։ Ցավոք սրտի, ես չեմ կարող ձեզ ուրախացնել, որ ասեմ՝ նման հարց կարող է ծագել, կամ նման մտադրություն կամ էլ քննարկվող հարց լինի։

-Եթե Գագիկ Ծառուկյանն առաջադրվի նախագահ, դուք նրա՞ն կսատարեք, թե՞ Սերժ Սարգսյանին։

-Սերժ Սարգսյանին։ Զարմանո՞ւմ եք։

-Խնամուն չե՞ք պաշտպանելու։

-Բայց խնամիությունն ի՞նչ կապ ունի նախագահ լինելու հետ։ Մենք պայմանով չենք դառել խնամի, որ ինքը դնի իր թեկնածությունը, ես էլ պաշտպանեմ իրեն։

-Լինելու եք Սերժ Սարգսյանի շտաբի պե՞տը։

-Դա կորոշի կուսակցությունը։

-Ասում են, որ Կարեն Կարապետյանի վրա է դա դրված։

-Քաղաքապետի՞ մասին է խոսքը։

-Ո՛չ։ Նախագահի աշխատակազմի ղեկավարի։

-Կարեն Կարապետյանը շատ պատասխանատու դիրք ունի մեր կուսակցությունում, նա համակարգում է մեր 10 մարզերը։ Ես ընդհանուր գաղափարախոսությունն եմ համակարգում՝ ի ուրախություն ձեզ։

-50+1-ի շանսերն ամենամեծն ո՞վ ունի ապագա խորհրդարանում։

-Հանրապետական կուսակցությունը։

-Իսկ, ըստ ձեզ, այս տարի ԲՀԿ-ն կմնա՞ կոալիցիայի մեջ։

-Մինչև այսօր կոալիցիայի մեջ է։ Վաղը կամ մեկ շաբաթ հետո ի՞նչ կլինի՝ կորոշի ԲՀԿ-ն։

-Իսկ Ռոբերտ Քոչարյանը նախագահական ընտրությունների ժամանակ կառաջադրի՞ իր թեկնածությունը։

-Ո՛չ։ Իմ կարծիքով՝ ոչ։

-ԲՀԿ համագումարին Դուք մասնակցելո՞ւ եք։

-Ես հրավեր չեմ ստացել։ Եթե հրավեր ստանամ, կմտածեմ։

-Դուք տարաձայնություններ չունե՞ք հանրապետության նախագահի հետ։

-Ո՛չ, չենք էլ ունեցել։

-Տևական ժամանակ է ՀՀԿ-ի շքանշանը չեք ամրացնում, այլ ՀՀ դրոշն է ձեր կրծքին։ Ինչո՞ւ։

-Ես հոգո՛վ եմ ՀՀԿ-ական, ոչ թե նշանուվ։ ՀՀԿ-ական պետք է լինել գաղափարախոսությամբ, գաղափարով։ Սա Հայաստանի ԱԺ-ի նշանն է, որը որ, իմ կարծիքով, նորմալ է ԱԺ նախագահը որ կրի։

-Հնարավո՞ր է, որ ԱԺ-ն անվստահություն հայտնի հանրապետության նախագահին։

-Այս պահի դրությամբ, քանի որ ես ԱԺ նախագահն եմ, իմ տեսակետն է, որ չկա նման տարբերակ, որ կարող է ինչ-որ պատգամավորներ հավաքվեն և անվստահություն հայտնեն նախագահին։ Դա միանշանակ է և աքսիոմա՛ է։

-Խաղեր տվողնե՞ր էլ չկան։

-Խաղ տվողներ միշտ էլ լինում են, բոլոր տեղերում՝ և՛ ընտանիքում, և՛ ընկերության մեջ, և՛ քաղաքականության մեջ, և՛ խմբակցության մեջ, և՛ Աժ-ում, և՛ կառավարությունում, և՛ նախագահականում։

-Բա այդ դեպքում ԲՀԿ-ն ինչո՞ւ չի հայտարարում Սերժ Սարգսյանին սատարելու մասին։

-Ես ձեզ մի բան ասեմ։ ԲՀԿ-ն միշտ պաշտպանել է Սերժ Սարգսյանին։ Ես համոզված եմ, որ ապագայում էլ կպաշտպանի։ Ինչի՞ մասին է խոսքը։ Բայց հիմա ավելի ճիշտ կլիներ, որ դուք խոսեք 2012թ. ԱԺ ընտրությունների մասին։ Դեռ ընտրությունները չենք անցկացրել, խոսում եք 2013 թվականից։ Բայց Սերժ Սարգսյանը կհաղթի 2013թ., ես...

-Բայց եթե ԲՀԿ-ն հավաքի 50+1, էլի Սերժ Սարգսյա՞նը կհաղթի նախագահական ընտրություններում։

-Յուրաքանչյուր քաղաքական ուժ պայքարելու է, որ հավաքի 50+1, և ես գտնում եմ, որ դա բոլորի գործն է։ Ես՝ որպես ՀՀԿ-ի 2-րդ դեմք, ուզում եմ հայտարարել, որ ես գտնում եմ, որ 50+1 հավաքելու է Հանրապետական կուսակցությունը։

-Դուք չե՞ք ուզում նախագահ դառնալ։

-Ո՛չ։ Ես հիմա նախագահ եմ՝ ԱԺ-ի։

-Հանրապետութա՛ն նախագահ։

-Հանրապետության նախագահը շատ ծանր աշխատանք է և շատ պատասխանատու։ Մեր ազգի բացասական հատկանիշներից մեկն է, որ բոլորն ուզում են նախագահ լինել՝ անկախ նրանից՝ կարո՞ղ են աշխատել, թե՞ ոչ։

-Բայց դուք չե՞ք ուզում։

-Աժ նախագահն ինձ բավարարում է։

-Իսկ վարչապետ ուզում ե՞ք։

-Վարաչապետ մի ժամանակ ուզում էի, ազնիվ լինեմ։ Բայց հիմա չեմ ուզում, որովհետև իմ պաշտոնը վարչապետի պաշտոնից ավելի բարձր է։

-Բայց վարչապետն ԱԺ-ում թելադրում է իր օրենքները։

-Ո՞վ։ Ուրեմն եթե կառավարության որևէ մի անդամ, դա կլինի վարչապետը, թե որևէ անդամ, կհայտարարի, որ ինքը կարող է թելադրել ԱԺ-ում, ուրեմն ինքը կարող է երազախաբ լինել։ Եվ եթե կառավարության որոշ անդամներ, բարձրաստիճան չինովնիկներ հայտարարում են, որ ԱԺ-ն չի տալիս հնարավորություն իրենց բարեփոխումներն իրականացնել, նույնպես իրենք, կոռեկտ ասած, անարդար են, որովհետև ԱԺ-ն, կոալիցիան միշտ աջակցել են յուրաքանչյուր նախագծի, որը ներկայացվել է կառավարության կողմից, և նպաստել ենք կառավարությանը, որ կարողանա այս ճգնաժամը հաղթահարի։ Դա մենք համարել ենք մեր բոլորի ընդհանուր խնդիրը։ Իսկ եթե որևէ չինովնիկ, կառավարության անդամ կամ չգիտեմ այլ բարձրաստիճան ղեկավար հայտարարի, որ ԱԺ-ն, պատգամավորները, օլիգարխ պատգամավորները խաթարում են կառավարության օրինագծերը, իրենք անարդար են՝ մեղմ ասած։ Իսկ կոպիտ ասած՝ ստախոս են։

-Ժամանակ առ ժամանակ շրջանառվում է Ձեր հրաժարականի հնարավորության մասին լուրը։

-Ամեն ինչ հնարավոր է։ Ի՛մ մասով հնարավոր է։ Կարևորը՝ Սերժ Սարգսյանի մասով բացառում ենք, ԱԺ-ի մասով հնարավոր է։

-Ո՞ր դեպքում հրաժարական կտաք։

-Կարող է հիմա խնդրեն, հրաժարական տամ։ Ի՞նչ է եղել։ Գալուստ Գրիգորիչն էլ կլինի ԱԺ նախագահ։

-Իսկ նախագահը հրաժարական չի տալիս։

-Դե հիմա ինքը ճիշտ է անում, որովհետև Սերժ Սարգսյանին փոխարինող դեռ չկա։ Ես չեմ տեսնում։

-Սերժ Սարգսյա՞նը պետք է խնդրի, որ հրաժարական տաք։

-Կուսակցությունը։ Մեր կուսակցությունը բազմադեմ է, միահեծան կուսակցություն չէ։ Մեզ մոտ քննարկում են հարցը, որոշում են։ Կարախանյան Վազգենը կարող է առաջարկ անի, և ընդունվի։

-Հիմա կա՞ այդպիսի պահանջ։

-Ո՛չ։

-Իսկ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի պահվածքի՞ն ինչպես եք վերաբերվում։

-Յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր պատգամավորի նման պահվածքին բացասական եմ վերաբերվում։ Նորմալ խոսել, շփվել, ներկայացնել։ Եվ պետք է նաև հորդորեմ ձեզ, որ դուք էլ նման պահվածքներ չստեղծեք, չօժանդակեք, որպեսզի նման պահվածքներ լինեն։

-Իսկ պատրաստվո՞ւմ եք նրան պատասխանատվության ենթարկելու կոչ անել, նկատողություն տալ։

-Դուք դիմել եք իրավապահ մարմիններին, մենք կսպասենք իրավապահ մարմինների պատասխանին։

-Իշխանություններին չի՞ մտահոգում Տիգրան Կարպետիչի հանրահավաքների մարդաշատությունը։

-Ճիշտն ասած՝ մարդաշատությունը հարաբերական հասկացողություն է, և ես ընդհանրապես կողմ եմ բազմակարծությանը։ Յուրաքանչյուր քաղաքական ուժ իրավունք ունի հանրահավաքներ կազմակերպել օրենքով սահմանված կարգով և իր տեսակետները հայտարարել հանրությանը, ներկայացնել հանրությանն իր ծրագրերը։ Ընդհանրապես ես մտավախություն չունեմ։

-Հաշվի առնելով մի կողմից Եգիպտոսում տեղի ունեցող հեղափոխությունը, մյուս կողմից Հայաստանում սոցիալական լարվածությունը, շարունակական գնաճը և այլն՝ ի՞նչ եք կարծում, այդ ալիքը կտեղափոխվի՞ մեր երկիր, կամ սոցիալական բունտ Հայաստանում սպասվում է, թե՞ ոչ։

-Ես չեմ կարծում, որ այդ ալիքը կտեղափոխվի, և այսօրվա կոալիցիոն իշխանությունները ամեն ինչ անում են և պետք է ավելի կազմակերպված անեն, որպեսզի բոլոր տեսակի խնդիրները, որ այսօր առկա են՝ և՛ սոցիալական, և՛ տնտեսական խնդիրները, շատ կազմակերպված, համերաշխ, հանդուրժող ձևով հաղթահարենք այդ խնդիրները։ Յուրաքանրյուր ընտանիքում էլ կա խնդիր, յուրաքանչյուր պետությունում կա խնդիր, որտե՞ղ խնդիր չկա, բայց մեզ մոտ դեռ նման որևէ խնդիր ես չեմ տեսնում։

-Անցյալ տարի ձեր եկամուտներն աճել էին...

-Իմ եկամուտները միշտ աճում են։

-Բիզնեսներ ունե՞ք։

-Ունեմ։

-Ի՞նչ բիզնեսներ ունեք։

-Գրած ունեմ՝ ինչ ունեմ։ Հայտարարագրում գրված է, բաց է։

-Իսկ Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու արդեն ունե՞ք։

-Ես չունեմ, բայց պատրաստվում ենք քննարկել հանրապետության նախագահի հետ։

-Կա՞ն արդեն կոնկրետ անուններ։

-Ո՛չ։

-Խոսվում է, որ առաջիկայում կալանավայրում գտնվող ընդդիմության բոլոր ներկայացուցիչներին ազատ արձակելու որոշում կլինի։

-Ես գտնում եմ, որ այն մարդիկ, ովքեր որ քաղաքական հայացքների համար են և որոշ մարդկանց փորձում են կապել քաղաքական իրենց տեսակետների հետ, այդ հարցում ազնիվ չեն։ Ես գտնում եմ, որ հանրապետության նախագահը գնաց ընդառաջ և բազմաթիվ մարդիկ, ովքեր որ դիմեցին, ազատ արձակվեցին։ Այնպես որ, այդ գործընթացն անընդհատ պրոցես է և կարող է լինել շարունական, և ես կողմնակից եմ, որ դա լինի շարունակական։ Բայց՝ ո՛չ հանցագործները։

-Սասուն Միքայելյանը, ըստ ձեզ, հանցագործ է, թե՞ քաղաքական հայացքների համար է ձերբակալված։

-Սասուն Միքայելյանը քաղաքական դաշտում եղել է մեր գործընկերը, և Սասուն Միքայելյանի դեպքում, ես ինչքան որ տիրապետում եմ տեղեկատվությանը, կապված է եղել զենք-զինամթերքի հետ։ Եվ դա օրենքով հանցագործություն է։ Այո՛։

-Իսկ ինչո՞ւ շուտ-շուտ ասուլիսներ չեք տալիս։

-Ես չեմ նկատել, որ դուք իմ կարիքը շուտ-շուտ ունեք։ Եթե իմանամ ունեք... ես համաձայն եմ, որ մենք միասին խաշ էլ ուտենք։

Ճեպազրույցը ներկայացրեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը