Մեկնաբանություն

21.12.2015 10:30


Հնարավո՞ր է արդյոք լայնամասշտաբ պատերազմ

Հնարավո՞ր է արդյոք լայնամասշտաբ պատերազմ

Ամեն անգամ, երբ լարվածություն է առաջանում հայ–ադրբեջանական սահմանագծում, բոլորը փորձում են հասկանալ, թե հնարավո՞ր է արդյոք Ղարաբաղում լայնամասշտաբ պատերազմ։

Այդ հարցի պատասխանը հստակ է. պատերազմի մասշտաբները կախված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա ռազմաքաղաքական և տնտեսական հաշվեկշռից։

Սերժ Սարգսյանի ղեկավարման շրջանում այդ հաշվեկշիռը կտրուկ փոխվել է ի վնաս Հայաստանի, քանզի մեզանում «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման գինը դարձել են տնտեսական անկումը, աղքատության աճը, ներդրումների կրճատումը, կապիտալի փախուստը և արտագաղթը։

Բոլոր նրանք, ովքեր լայնամասշտաբ պատերազմի սկսվելն ու չսկսվելը պայմանավորում են աշխարհաքաղաքական մեծ խաղացողների այս կամ այն ցանկությամբ, պարզապես անգրագետներ են, կամ էլ այլ նպատակներ են հետապնդում։

Ասել, որ գերտերություններին ձեռնտու չէ հայ–ադրբեջանական նոր պատերազմը, և այդ իսկ պատճառով այն չի սկսվի, միամտություն է։

Միամտություն է նաև կարծելը, թե գերտերություններից որևէ մեկին ձեռնտու է Ղարաբաղում ռազմական բախում հրահրելը, և այդ իսկ պատճառով մեծ պատերազմ կլինի։

Ղարաբաղյան հակամարտության առանձնահատկությունն այն է, որ բոլոր տիպի սցենարների կյանքի կոչումը կախված են Երևանից, Ստեփանակերտից ու Բաքվից։

Կրկնեմ՝ ամեն ինչ կախված է կողմերի միջև առկա հաշվեկշռից։

Եթե ադրբեջանցիները սկսել են շատ կրակել ու իրենց լկտի պահել, նշանակում է՝ հայկական կողմը ձախողել է պետականաշինության և, մասնավորապես, բանակաշինության գործը։ Ալիևն ընդամենն արձագանքում է Սարգսյանի վարած ներքին ու արտաքին ձախորդ քաղաքականությանը։

Ասել, որ Ադրբեջանում ձախողումներ չկան, մեղմ ասած, սխալ կլինի։ Օրինակ՝ Ալիևի հիմարության արդյունքում ԱՄՆ–ը գրեթե սառը պատերազմ է հայտարարել Ադրբեջանին ու պատրաստվում է լուրջ պատժամիջոցներ կիրառել։

Ասելս այն է, որ պաշտոնական Երևանի խայտառակ ձախողումները որոշակի առումով հավասարակշռվում են Ալիևի հիմարություններով, բայց դե, մեզանում արձանագրվող տնտեսական անկումն իր ազդեցությունն է թողնում պաշտոնական Բաքվի տրամադրությունների վրա։ Դրա համար էլ սկսել են շատ կրակել ու մեծ տրամաչափի զենքեր օգտագործել։ Արդյունքում՝ շատացել են զոհերը, ինչի համար ՀՀԿ ղեկավարը քաղաքականապես պատասխանատու է։

Հետևաբար, մինչև Հայաստանում քաղաքական փոփոխություններ չլինեն, և մենք դուրս չգանք հետընթացի այս անվերջ թվացող ճանապարհից, Ալիևը չի դադարեցնելու կրակը, որքան էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողները կոչ անեն չկրակել։

Սերժ Սարգսյանն ու իր նեղ շրջապատը սպառված են և որևէ առաքելություն չունեն՝ սեփական հարստությունը դիզելուց բացի։

Ընդունված է ասել, որ քաղաքական գործընթացները պետք չէ անձնավորել, բայց սա այն դեպքն է, երբ անձնավորման կարիք կա, քանզի անձն իրենով է փոխարինել համակարգը և փորձում է նոր Սահմանադրության միջոցով պահել իր դիրքերը։

Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգության թիվ մեկ սպառնալիքը սերժսարգսյանական իշխանությունն է։ Մինչև փոփոխություն չլինի, որևէ դրական ակնկալիք ունենալը լավագույն դեպքում մանկամտություն է։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը