Մեկնաբանություն

20.12.2015 10:40


Ողջ տարին «ռեալիթի շոու» էր

Ողջ տարին «ռեալիթի շոու» էր

Մեկնարկել է տարվա ամփոփումների փուլը, ինչը շատ ծիծաղելի է:

Ձեռնասուն «վերլուծաբանները», «փորձագետները», «քաղտեխնոլոգները» եւ էլի նմանները, որ 2008-ից որոճում են Բաղրամյան 26-ի կողմից նվիրած «առատ խոտը»` ինչ-ինչ «դրական ցուցանիշների» մասին են բարբառում, որոնք իբր արձանագրվել են տարվա ընթացքում:

Իրականում եթե գնահատելու լինենք 2015-ը, ապա այն իր ձախողումներով եւ «ձեռքբերումներով» ոչնչով չի տարբերվում նախորդ տարիներից, կոնկրետ այն պահից, երբ Բաղրամյան 26-ում հայտնվեց «Վերջի բոլշեւիկը»: Պարզապես, բոլոր ոլորտներում ձախողումների ծավալն է ավելացել: Դե, իսկ «ձեռքբերումների» մասին չարժե ոչինչ ասել, բացի` այդ բառը հեգնական իմաստով հիշատակելուց:

Իսկ ընդհանրապես, եթե հետադարձ հայացք նետենք անցնող տարվան, ապա պետք է ասել, որ այն իրենից ներկայացնում էր «ռեալիթի շոու»-ների մի երկար շարք, ինչի նախաձեռնողը, բնականաբար, նախագահականն էր, ավելի կոնկրետ` ՀՀԿ ղեկավարը:

Ի՞նչ պակաս «ռեալիթի շոու» էր փետրվարյան հայտնի իրադարձությունը, երբ հայտնի կուսակցական «ոհմակի» հայտնի ներկայացուցիչները առաջնորդի ցուցումով ու պատրաստի ելույթներով հարձակում իրականացրեցին։

«Ռեալիթի շոու» էր նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նշանավորման միջացռումների շարքը, որը աչքի ընկավ կեսգիշերային խավարի մեջ արտասանված Հռչակագրի հրապարակումով, ՀՀԿ կանանց գնդի զվարթ ծիծաղով հենց Ծիծեռնակաբերդում, «Հիշում եմ եւ պահաջում» կարգախոսն ու անմոռուկ խորհրդանիշն անլրջացնելու բազում դրսեւորումներով եւ տարբեր իշխանավորների պոռոտախոսությամբ, թե` տեսեք, հիմա ցեղասպանության ճանաչման մի այնպիսի բում է լինելու, որ էլ դու սուս (կարեւոր չէ, որ ոչ մի նման բան էլ չեղավ):

«Ռեալիթի շոու» էր, ինչ-խոսք, նաեւ «Բաղրամյան պողոտա» կոչված «հուժկու պայքարի»` հստակ ժամանակացույցով իրականացված բեմադրությունը, որի սցենարը գրվել էր Բաղրամյան 26-ում (շատ խնդալու էր, երբ փորձում էին դրանում «մայդան» տեսնել): Հատկապես դիտարժան էր աղբամանների անարգել տեղափոխումը Բաղրամյան պողոտա (ոստիկաններն այդ ժամանակ «պերերիվ» էին անում, չտեսան) եւ, իհարկե, «Կենդանի պատի» հերոսական տեսարանը: Այդ ամենն ավարտվեց «Օպերա» օպերացիայով և կլոունադայով։

Իսկ ամենա-ամենաիրական «ռեալիթի շոուն», անշուշտ, սահմանադրական փոփոխությունների գործընթացի գերակտիվացումն էր (չենք խոսում արդեն մարդաթափված, ընչազուրկ ու թշվառ գյուղամեջերում «այո-ոչ»-ականների կերուխումների ու ,,գաստրոլների մասին), երբ ոչ ոք այդպես էլ չկարողացավ ջոկել` ով է «այո» քարոզում, ով` «ոչ»:

Եվ այս սահմանադրական գործընթացն իր ակտիվությամբ (եթե չասենք` ագրեսիվությամբ) ստվերում թողեցին «100-ամյակի» միջոցառումները: Եվ հենց դրանով էլ ի ցույց դրվեց գործող իշխանության վերաբերմունքը Հայոց ցեղասպանության տարելիցի նկատմամբ: Վերջինիս դեպքում ընդամենը «պտիչկա դնելու» պես մի բան պետք է անեին, իսկ կարեւորն ու գլխավորը սահմանադրական փոփոխությունները «հաղթական ավարտին» հասցնելն էր, որին էլ հասան արդեն ավանդական դարձած «տոկոս խփելու» միջոցով:

Մի խոսքով, ինչպես Սերժ Սարգսյանի կառավարման անցած տարիները, այնպես էլ 2015-ը բնութագրելու, գնահատելու եւ ամփոփելու համար պետք չէ վերհիշել, մտորել, համեմատություններ ու զուգահեռներ տանել:

Հովհաննես Թումանյանն այդ ամենն արել է` ճշգրտորեն գնահատելով, լավագույնս ներկայացնելով եւ բացահայտելով մեր օրերը. «Էսքան աղետների ու պարտությունների մեջ ոչ մի մեղավոր չերևաց, ոչ ոք ոչ պատասխանատվության կանչվեց, ոչ պատասխան տվեց: Եվ շարունակվում է. այժմ էլ նույն մարդիկը նույն ճանապարհներովԵվ ոչ մեկը գոնե անձնասպան չեղավ, որ ապացուցեր, որ գոնե ամոթ ու խղճմտանք կա այս մարդկանց մեջ: Բայց ես ինչ եմ ասում-չկարողացան գոնե վշտանալ կամ վշտացած երևալ»:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը