Հարցազրույց

04.10.2010 17:24


Ալլա Լևոնյան.

Ալլա Լևոնյան.

Հարցազրույց երգչուհի Ալլա Լևոնյանի հետ

-Դուք հայտնի եք հայրենասիրական բնույթի Ձեր երգերով։ Դրանք հիմնականում պատվե՞ր են լինում, թե՞ ինքնաբուխ։

-Հիմնակում ինքնաբուխ է լինում, բացի մի երգից՝ «Գնա ու կռվիր», որը պետական պատվեր էր՝ նվիրված մեր բանակի 16-ամյակին։ Մոտավորապես 15 երգ պատվիրեցին՝ այդ թվում և դա, որը, ի դեպ, գրել եմ 5 րոպեի ընթացքում։ Ես միաժամանակ գրում եմ և՛ երաժշտությունը, և՛ խոսքերը։ «Շարմից» եկան, լսեցին ու անմիջապես վերցրեցին՝ ոչ մի բառ չփոխելով։ Հետո պետական այրերը լսել էին, հավանել էին, և ըստ այդմ նկարահանվեց տեսահոլովակը՝ 4-5 օրում՝ Հոկտեմբերյանի պոլիգոններում։ Ես չեմ ասի, թե հաճախ եմ գրում։ Չեմ կարող ինքս ինձ կեղծել. երբ գալիս է պահը, գրում եմ։

-Ինչպե՞ս եք վերաբերվում այն բանին, որ արվեստագետները, երգիչ-երգչուհիները մասնակացում են նախընտրական քարոզարշավներին։

-Նորմալ եմ վերաբերվում, որովհետև երգիչները, բացի երգիչ լինելուց, նաև ՀՀ քաղաքացի են և իրավունք ունեն ունենալ իրենց կողմնորոշումը, բայց չէի ուզենա, որ շատ երկար տևեր այդ գործընթացը։ Գուցե մեկ-երկու անգամ նկարահանվեն ու ասեն, որ պաշտպանում են այս կամ այն թեկնածուին, բայց չթողնեն երգն ու միայն դրանով զբաղվեին։

-Իսկ Դուք նկարահանվե՞լ եք նման հոլովակներում։

-Չեմ հիշում։ Կարծեմ՝ մեկ անգամ ՀՀԿ-ի ընտրարշավին եմ մասնակցել։ Իսկ եթե դեմ լինեի, երբեք չէի մասնակցի։ Ես, ընդհանրապես, իմ կյանքում ոչ մի բան չեմ անում իմ կամքից դուրս։ Այդպես եմ ճիշտ գտել՝ արել եմ։ Երբեք ինքս ինձ դեմ չեմ  գնա, որովհետև ոչ մեկից ո՛չ կախվածության մեջ եմ, ո՛չ էլ պարտավորվածություններ ունեմ։ Ես անում եմ այնպես, ինչպես ճիշտ եմ գտնում։

-Փաստորեն պաշտպանել եք ՀՀԿ-ին։ Իսկ իչպե՞ս եք գնահատում ՀՀԿ առաջնորդ , ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունը։

-Դա այնքան բարդ հարց է։

-Որպես ՀՀ քաղաքացի՝ Ձեր կարծիքն ասեք։

-Դե, արդեն այն, որ պատերազմ չէ... Մենակ թող խաղաղություն լինի, մնացածն իր տեղը կընկնի։ Կոնկրետ եթե Ղարաբաղի մասին ենք խոսում, ապա ես գոհ եմ, եթե կարողանանք պահել այս վիճակը, որովհետև շատ դժվար է։  Կովկասյան որևէ երկիր՝ ո՛չ Վրաստանը, ո՛չ Ադրբեջանը չունեն այսպիսի քաղաքականություն և այսպիսի ճիշտ վիճակի մեջ չեն կարող պահել ամեն ինչ՝ ունենալով նաև ներքին լարվածություն։ Մենք միշտ լարված ենք և՛ ներսում, և՛ դրսում։ Ես շատ գոհ եմ։

-Իսկ հայ-թուրքական նախաձեռնողական քաղաքականության մասին ի՞նչ կասեք։

-Հիմա ավելի կողմ եմ։

-Իսկ այն ժամանա՞կ։
-Ես հիմա ավելորդ չեմ ուզում խոսել ոչ թե նրա համար, որ վախենում եմ (էլի եմ ասում, որ ոչ մեկից կախված չեմ), այլ... Ես մի քիչ դեմ  եմ թուրքերի հետ այսպես միանգամից ունենալ բարեկամական հարաբերություններ։ Գուցե քաղաքական գործիչներն ավելի ճիշտ են հասկանում՝ ինչ է պետք, բայց որպես քաղաքացի՝ ես չեմ ուզում դա։

-Ասում եք՝ խաղաղություն եք ուզում։ Իսկ ազատագրված տարածնքերի վերադարձին կո՞ղմ եք, թե՞ դեմ։

-Աստվա՛ծ չանի։ Չի՛ կարելի։ Ո՛չ մի թիզ հող։ Երբե՛ք։

-Այդ դեպքում ինչպե՞ս եք գոհ ՀՀ նախագահի վարած արտաքին քաղաքականությունից, երբ նա հայտարարում է, թե հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջը գտնվող ազատագրված շրջանների վերադարձն Ադրբեջանին։

-Չեմ կարող պատասխանել։ Չեմ լսել՝ ինքը բառացի ինչ է ասել։

-Մեջբերեմ բառացի. «Երբ Ղարաբաղի ժողովուրդը ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն, և ստեղծվեն անվտանգության ու զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջը գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին, իհարկե, պահպանելով Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող միջանցքը»։ Ի՞նչ կասեք։

-Եթե ինչ-որ մի տարածք կա, որ իրենց է պատկանում՝ իրենց հողն է, այլ ոչ թե հայկական է, բայց մեր ձեռքին է, և որ դա տանք, կարող ենք դրանից օգուտ քաղել միգուցե։ Բայց ամեն դեպքում ինչը որ հայի հողն է, ես չէի ուզենա, որ իրենց հանձնվեր։

-Հիմա ազատագրված 7 շրջանները հայկակա՞ն հող են, թե՞ ոչ։

-Հայկական են, բայց կան հողեր, որ հայերինը չեն  եղել, բայց այդ ալիքի տակ մեր ձեռքին են, եթե մենք դա տանք, բայց դրա դիմաց կարող  է հայ-թուրքական հարաբերություններում ինչ-որ բան փոխվել... Այնքան բարդ է... Միանշանակ ոչինչ չես կարող ասել՝ մեկը մյուսին շաղկապված է։ Ամեն դեպում, այս ամենը մեր ազատագրողների, մեր զինվորների, մեր ֆիդայիների արյամբ է արվել, և ես չէի ուզենա, որ որևէ թիզ տայինք։

-Եթե նման որոշում կայացվի, ինչպե՞ս կվարվեք։

-Չգիտեմ։ Այդ պահին պետք է հարցնեք։

Զրույցը վարեց Հեղինե Հարությունյանը

Այս խորագրի վերջին նյութերը