Մեկնաբանություն

17.12.2015 00:05


Բարոյական վարկանիշը բիոզուգարանի արժեքի չափ էլ չէ

Բարոյական վարկանիշը բիոզուգարանի արժեքի չափ էլ չէ

Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հայցն ընդդեմ սնանկացած գործարարի դատական վճիռը խորհրդանշում է «Հայկական աշխարհի» ճարտարապետի վեցամյա գործունեությունը:

Դատարանը նախկին վարչապետի հայցը բավարարել է մասնակի. գործարար Փայլակ Հայրապետյանից կբռնագանձեն 124.000 դրամ:

Վստահաբար հիշում եք, որ Տիգրան Սարգսյանի վարչապետության շրջանում հանրապետությունում տեղադրվեց երկու բիոզուգարան, որոնք հետագայում, պարզվեց, որ չէին աշխատում: Դրանք Տ. Սարգսյանի կառավարությունը ձեռք էր բերել ահռելի գնով (բիոզուգարանների արժեքը մոտավորապես 120 հազար դոլար էր):

Իսկ հիմա նախկին վարչապետին իբրեւ բարոյական վնասի փոխհատուցում տրվելու է 100 հազար դրամ (նաեւ` 24.000 դրամ, որից 20.000-ը նյութային պահանջի և 4000-ը՝ ոչ նյութային պահանջի և դատական ծախսերի համար վճարված գումար):

Եթե ըստ էության գնահատելու լինենք այս խայտառակ իրողությունը, ապա պետք է հիշենք հայտնի ասացվածքը` «Սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռում»: Նկատի ունենք հայտնի «Օֆշորի գործը», որում ներգրավված է հայտնի եռյակը` Տիգրան Սարգսյանը, Նավասարդ Կճոյանը եւ գործարար Աշոտ Սուքիասյանը: Տուժողը Փայլակ Հայրապետյանն է:

Եվ չնայած Սուքիասյանի մասով դատական գործընթաց է ընթանում, սակայն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ իր հերթին դատական հայց էր ներկայացրել տուժողի դեմ:

Որքան էլ ասենք, որ երկրում արդարադատություն չկա (իսկապես այդպես է), մի բան ակնհայտ դարձավ, որ Տիգրան Սարգսյանի բարոյական «արժեքը» լումայաչափ է: Անկախ հանգամանքից, որ դատական վճռով «հաղթող» է ճանաչվել:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը