Լրահոս

07.02.2011 17:33


Պաշտոնական Անկարան Եղեռնի զոհերի հիշատակին հարգանքի տո՞ւրք է մատուցելու

Պաշտոնական Անկարան, որը այս տարի առաջին անգամ նշել է Հոլոքոստի զոհերի հիշատակի օրը, մտադիր է նման քայլի դիմել նաև ապրիլի 24-ին՝ հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։ Այս մասին գրում է թրքական «Sabah» թերթը։ Համաձայն թերթի հրապարակման՝ պաշտոնական Անկարան արդեն նման խնդիր է դրել։

-Պաշտոնական Անկարան այն կարծիքն ունի, որ հայ-թրքական հարաբերությունների կարգավորման փակուղի մտնելու հիմնական պատճառը հոգեբանական արգելքն է, բայց միևնույն ժամանակ հասկանում է, որ ցյուրիխյան արձանագրությունները վաղ թե ուշ իրականացվելու են։  Հասկանալով, որ անցյալի հետ կապված  հոգեբանական վնասվածքները շատ դժվար է հաղթահարել, Անկարան որոշակի քայլեր է ձեռնարկել,-գրել է թրքական թերթը՝ հիշեցնելով, որ 2011թ. Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ պաշտոնական մակարդակով հարգանքի տուրք է մատուցվել Հոլոքոստի զոհերի հիշատակին։

Թերթը գրում է, թե Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ որոշվել է այդ նպատակով կապեր հաստատել հայկական սփյուռքի հետ, մասնավորապես Ամերիկայում բնակվող հայերի, ինչպես նաև մասնակցել այդ օրերին հայկական սփյուռքի ներկայացուցիչների կողմից կազմակերպված միջոցառումներին։ Թերթը նաև հավելում է, որ հայ ժողովրդի հետ կապեր հաստատելու համար անհրաժեշտ է երկխոսություն զարգացնել հայկական սփյուռքի հետ։

-Անկարան անդրդվելի է այս հարցում ու հավատարիմ է մնում այդ ուղղությամբ կատարվող քայլերին և Հայաստանի ու Թուրքիայի կողմից ստորագրված արձանագրություններին։ Բացի այդ, թրքական իշխանությունները դադարեցրել են քաղաքական նենգադուլի գործընթացը, որն ուղղված էր բոլոր այն պետությունների դեմ, որոնց խորհրդարաններում ընդունվել են հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևեր,-գրում է «Sabah»-ը։

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանությունն իրականացրել է Օսմանյան կայսրությունը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Ցեղասպանությանը զոհ է գնացել 1,5 մլն հայ։ Եղեռնի հետևանքով Արևմտյան Հայաստանը զրկվել է իր բնիկ բնակչությունից՝ հայերից, որոնք հազարամյակներ շարունակ ապրում էին այդ հողերի վրա։ Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիայի Հանրապետությունը մինչ այժմ հրաժարվում է ընդունել Հայոց ցեղասպանության փաստը։

Այս խորագրի վերջին նյութերը