Հարցազրույց

04.10.2010 15:08


Արևիկ Պետրոսյան

Արևիկ Պետրոսյան

Այսօր լրագրողների հարցերին է պատասխանել ՀՀ ԱԺ փոխնախագահի պաշտոնից հրաժարված ԲՀԿ-ական Արևիկ Պետրոսյանը։ Ներկայացնում ենք այն ամբողջությամբ:

-Տիկի՛ն Պետրոսյան, ԱԺ ամբիոնից  ելույթ ունենալիս որևէ կերպ չնշեցիք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ եք։ Ինչո՞ւ։

-ԱԺ ամբիոնը կուսակցության խնդիրներ բարձրացնելու համար չէ։ ԱԺ ամբիոնը պետությանը, հանրությանը հուզող խնդիրներ բարձրաձայնելու համար է և քաղաքական այլ ուժերի հետ հարաբերակցությունների հետ կապված հարցեր ճշտելու։ Այդ իսկ պատճառով ես կուսակցության անունն այստեղ չհիշատակեցի։

-Շարունակելո՞ւ եք մնալ ԲՀԿ-ում։

-Այո՛, ես շարունակելու եմ մնալ ԲՀԿ անդամ։ Ինչպես ուշադրություն դարձրեցիք, այդ մասով ես որևէ ակնարկ չկատարեցի։

-Իսկ ձեր հրաժարականի պատճառը ո՞րն էր։

-Կարծում եմ՝ 2,5 շաբաթ և ավելի մամուլում պատճառների մասին շատ ակտիվ արծարծումներ են կատարվել։ Իհարկե, մենք քննարկում ունեցել ենք մեր կուսակցության, կուսակցության ղեկավարի հետ, և արդյունքում ես ներկայացրել եմ հրաժարականի մասին դիմում։ Ավելորդ այլ մեկնաբանություններ տալու ցանկություն չունեմ։ Որևէ մեկը որևէ բան պահանջել չի կարող։ Դա եղել է կուսակցության որոշումը, որը ես ընդունել եմ։

-Այդ որոշումն արդարացի՞ եք համարում։

-Կարծում եմ՝ մեկնաբանություններ պետք չէ, որ այդ մասով տրվեն։

-Մամուլում նաև արծարծվում էր, որ Ձեզ նշանակելու են Սահմանադրական դատարանի անդամ։

-Կարծում եմ՝ ակնկալում եք անկեղծ պատասխան։

-Այո։

-Այդ տեղեկատվությունն ինձ համար նորություն էր, բայց նաև պետք է նշեմ, որ դրական եմ ընդունում, որովհետև իրեն հարգող ցանկացած իրավաբանի համար արդարադատությունն իրականացնող բարձրագույն մարմնում պաշտոն զբաղեցնելը բարձ պատիվ է։

-Ասացիք, որ Ձեր հրաժարականը կուսակցության որոշումն է եղել։ Ի՞նչ շարժառիթներով է կայացվել այն։ Իրականությանը համապատասխանո՞ւմ է այն, որ Դուք մեղադրվել եք կուսակցության քարոզչության հարցում ակտիվ չլինելու համար։

-Ես փորձեցի ԱԺ-ում իմ ելույթի ընթացքում շատ համառոտ, շատ հակիրճ՝ որպես նաև, ինչու ոչ, հաշվետվություն ներկայացնել այն, ինչ կատարել եմ։ Ինչ վերաբերում է կուսակցության որոշմանը և հիմնավորումներին, կարծում եմ, որ դա կուսակցության պատասխանատու անձանցից կարող եք ճշտել։

-Նեղացած չե՞ք ԲՀԿ-ից։

-Նեղանալն արդյոք քաղաքական կատեգորիա՞ է։ Ո՛չ։

-Իսկ հիմա ինչո՞ւ եք հեռանում ԱԺ դահլիճից։ Մասնակցելո՞ւ եք նիստին։

-Կարծում եմ՝ այսօր ոչ։ Հաջորդ նիստերին շատ ավելի բնականոն, մեր հունով կշարունակենք աշխատանքները, և ես օրենսդրական բազմաթիվ նախաձեռնություններ դեռ ունեմ, որ պիտի դնեմ շրջանառության մեջ, պաշտպանեմ և շարունակեմ աշխատել այնպես, ինչպես որ աշխատել եմ։

Հատվածը ներկայացրեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը