Մեկնաբանություն

10.12.2015 10:39


Նորքում բացահայտված «գաղտնիքը»

Նորքում բացահայտված «գաղտնիքը»

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները կեղծվել են։ Այդ մասին ամենալավը գիտի իշխանությունը։ Ընտրակեղծարարության սուբյեկտը չի կարող ամենատեղեկացվածը չլինել այդ հարցում։

Նախագահական նստավայրում նաև գիտեն, որ հանրության ճնշող մեծամասնությունը մետաֆիզիկական ատելությամբ է լցված իշխող վերնախավի նկատմամբ։ Դրա ամենավառ ապացույցը Նորքում հայտնաբերված խումբն է (եթե, իհարկե, ապացուցվի, որ այդ խումբն այն է, ինչ ներկայացնում են)։

ԱԱԾ–ական պաշտոնյան այդ խմբին համեմատեց Նաիրի Հունանյանի գլխավորած խմբի հետ՝ հայտարարելով, որ նրանք ծրագրել էին հարձակումներ պետական պաշտոնյաների վրա։

Հանրությունն այս ամենին տարբեր կերպ արձագանքեց։ Իշխանական «մուտիլովկաների» պատճառով սկզբում ամեն ինչ վերածվեց էժանագին սերիալի, քանզի խմբի վնասազերծման մասին առաջինը խոսեց ոչ թե պետությունը, այլ Բաղրամյան 26–ի կառուցած «զուգահեռ պետությունը»։ Հայ ժողովուրդը Գագիկ Շամշյանից իմացավ, որ ահաբեկիչներ են հայտնաբերվել։

Հայ ժողովուրդը նաև տեսավ, որ դեպքի վայրը վերածվել է «պռախադնոյ դվոռի» և նկարահանման հրապարակի։ Դրանից հետո համացանցը «թրոլինգների» և «խոխմաների» արտանետման տարածքի վերածվեց։

Իսկ հետագայում տեղի ունեցավ ամենաուշագրավը։ Երբ հանրությանը փորձեցին համոզել, որ այդ ամենը սերիալ չէ, այլ իրականություն, բացահայտվեց «գաղտնիք»։ Պարզվեց, որ ահագին մարդ ափսոսանք է հայտնում, որ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ հարձակում պլանավորածները ձերբակալվել են։

Կուզենայինք առանձնահատուկ ընդգծել, որ այդ «գաղտնիքի» բացահայտումը վտանգավոր է ինչպես հանրության, այնպես էլ իշխանության համար։

Հանրության համար վտանգավոր է այս արմատական տրամադրությունը, քանզի այն կարող է ծայրահեղականության տանել ամեն ինչ ու ավերածությունների պատճառ դառնալ, որից կարող են տուժել հանրությունն ու պետությունը։ Բայց, մյուս կողմից էլ, ՀՀԿ ղեկավարն այլընտրանք չի թողնում, քան ծայրահեղականության միջոցով փոփոխությունների հասնելը։ Ստացվում է անելանելի վիճակ։

Ցանկացած իրավիճակից կա ելք

Իշխանությունները կազմակերպված են ու տիրապետում են լծակների։ Հանրաքվեն ցույց տվեց, թե ինչքան են լկտիացել նրանք, որ «ափաշքարա» կեղծիքների են դիմում։

Հանրության միակ ռեսուրսն իր քանակն է և կորցնելու բան չունենալու հոգեվիճակը։

Իշխանության ու հանրության արանքում պետք է լիներ քաղաքական միավոր, որը կարողանար փոփոխությունների ցանկությունն ու ծայրահեղականությունը «բալանսի բերել» և ստիպեր գործող իշխանությանը լքել տարածքը։

Այդ ուժը դեռ չկա։ Քաղաքական դաշտի՝ ֆորմալ առումով «ընդդիմադիր» համարվող հատվածում կա՛մ թույլ ու լուսանցքային խմբակներ են, կա՛մ ծախված ու ֆոտոսեսիայի ենթարկված բիոզանգվածներ, կա՛մ հոգեբույժների կարիք ունեցողներ։

Եթե այս ամենին ավելացնենք նաև այն, որ մենք թեժացման ու մասշտաբային դառնալու պոտենցյալ ունեցող հակամարտություն ունենք, ապա ողբերգական պատկերն ամբողջական կդառնա։

Թե ինչ է ստացվելու այս ամենի արդյունքում, դժվար է կանխատեսել։

Նորքում բացահայտվածն իրականում գաղտնիք չէր։ Իշխանությունը գիտի, որ թողել է միայն փոփոխությունների հասնելու ծայրահեղ ճանապարհը, ու նաև գիտի, որ հանրության մի հատվածն անկեղծորեն ափսոսանք է հայտնում, որ խումբը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել։

Ստեղծված իրավիճակում միակ դրական ելքը, ուզենք թե չուզենք, քաղաքական նոր ուժի միջոցով փոփոխությունների գնալն է։ Հարցն այն չէ, որ թղթի վրա ստեղծվի նոր կուսակցություն։ Քաղաքական նոր ուժը շատ ավելին է, քան նոր կուսակցություն ստեղծելն ու հայտարարելը, թե սա նոր ուժ է։

Նոր ուժը չի նշանակում, որ լուսնի վրայից նոր մարդիկ են հայտնվելու։ Նոր ուժը նշանակում է, որ այն մարդիկ, ովքեր չեն ծախվել, ովքեր պահել են իրենց սկզբունքները, և ովքեր ունեն փոփոխությունների հասնելու գաղափար, կամք ու ռեսուրսներ, պետք է միասնական թիմ ձևավորեն՝ պայքարի ընդհանուր դաշտ։

Հանրաքվեն ցույց տվեց, որ եթե կազմակերպված հակաուժ լինի, ապա իշխանությունների ընտրակեղծարար ռեսուրսը սահմանափակ է։

Բուն հանրաքվեի ընթացքն իր մեջ այս «գաղտնիքն» էր պարունակում։ Ով բացահայտի այդ «գաղտնիքը», նա էլ կհաղթի։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը