Աշխարհ

09.12.2015 16:31


Եվրախորհրդարան. ԻՊ–ն զանգվածային ոչնչացման զենք է ստեղծում

Եվրախորհրդարան. ԻՊ–ն զանգվածային ոչնչացման զենք է ստեղծում

Եվրախորհրդարանի զեկույցի համաձայն՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը գիտնականների է հավաքագրում (ֆիզիկոսներ, քիմիկոսներ, ծրագրավորողներ), որոնց հանձնարարություններից մեկը զանգվածային ոչնչացման զենքի մշակումն է հետագա ահաբեկչությունների համար։ Այս մասին գրում է «Գազետան»՝ «Die Welt»–ին հղումով։

«ԻՊ–ն հարյուրավոր մարդկանց է հավաքում արտասահմանից, այդ թվում՝ արևմտյան բուհերի շրջանավարտների՝ ֆիզիկոսների, քիմիկոսների և ծրագրավորողների, որոնք, փորձագետների կարծիքով, կարող են հասարակ նյութերից մահացու զենք ստեղծել»,–հայտարարել է Եվրախորհրդարանի վերլուծաբան Բեատրիս Իմմենքամփը։

Պարբերականը նշում է, որ զինյալների կողմից նոր քայլ կլինի հերթական ահաբեկչության ժամանակ կենսաբանական, միջուկային ու քիմիական զենքի կիրառումը՝ ինքնաշեն ռումբեր, որոնք պարունակում են վտանգավոր նյութեր։

Զեկույցի հեղինակների տվյալներով՝ անհրաժեշտ նյութերն արդեն գաղտնի հասցվել են ԵՄ երկրներ։ Բերվում են այդպիսի նյութերի անհետացման ու գողության հարյուրավոր օրինակներ։

Մասնագետները նշել են՝ առավել վտանգավոր են զարինը, ռիցինը և սիբիրյան խոցը։ Եվրախորհրդարանը հանձնարարել է եվրոպական երկրների կառավարություններին ուշադիր հետևել Սիրիայից վերադարձած մարդկանց և տեղի արմատականներին, որոնք աշխատում են համապատասխան ոլորտներում։

Ավելի վաղ էլ հաղորդվել էր, որ ԻՊ գրոհայինները քիմիական զենքի մշակման համար հատուկ ստորաբաժանում են առանձնացրել։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ ԻՊ և Մերձավոր Արևելքի մյուս խմբավորումների ահաբեկիչները հասանելիություն ունեն թունավոր նյութերին, այդ թվում՝ իպրիտին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը