Աշխարհ

09.12.2015 15:40


Թուրքիան աշխատանքային նոր կանոններ է սահմանել ռուս լրագրողների համար

Թուրքիան աշխատանքային նոր կանոններ է սահմանել ռուս լրագրողների համար

Թուրքիայում աշխատելու թույլտվություն ստանալու համար ՌԴ լրագրողների համար նոր կանոններ են սահմանվել։ «ntv.ru»–ի փոխանցմամբ՝ այժմ, գործուղման մեկնելով այդ երկիր, ռուս լրագորղները ստիպված կլինեն նախապես մի շարք փաստաթղթեր ներկայացնել դեսպանատուն, այդ թվում՝ նամակ տվյալ լրատվամիջոցի ղեկավարից՝ թուրքերեն կամ անգլերեն, որում նշվում են այցի նպատակը, վայրը և այնտեղ մնալու ժամկետները, ինչպես նաև այն մարդկանց անունները, որոնցից հարցազրույցներ են վերցվելու։ Այս մասին «ТАСС»–ին ասել են Մոսկվայում Թուրքիայի դեսպանատնից։

Թե ինչով է պայմանավորված նոր կանոնների թելադրումը, գործակալության զրուցակիցը չի հստակեցրել՝ հավելելով միայն, որ «դա սովորական ընթացակարգ է, որը կիրառվում է շատ երկրներում»։

Նշենք, որ նախօրեին Թուրքիայի՝ Սիրիային սահմանակից Հաթայ նահանգում ձերբակալել են «Ռոսսիա 1» հեռուստաալիքի «Հատուկ թղթակից» հաղորդման աշխատակիցներին (Ալեքսանդր Բուզալաձեի նկարահանող խմբին) և արտաքսել Թուրքիայից՝ առանց որևէ բացատրության։

Թուրքիայի իշխանությունների այդ պահվածքը Մոսկվան անընդունելի է համարել, մինչդեռ Անկարան հրաժարվել է միջադեպի կապակցությամբ բացատրություններ ներկայացնել։

ՌԴ ԱԳՆ–ն հաղորդագրություն է տարածել, որում նշել է՝ չի բացառվում, որ Թուրքիայի իշխանությունները վախեցել են ռուսական լրատվամիջոցի ներկայացուցիչներից, որոնք կարող էին Անկարայի շահերից չբխող փաստեր հայտնաբերել ու հրապարակել։

«Տպավորություն է ստեղծվում, որ լրագրողներին արտաքսել են այն բանի համար, որ Անկարան վախեցել է, թե նրանք կարող են բացահայտել Թուրքիայի կառավարության համար ոչ ձեռնտու փաստեր թուրք–սիրիական սահմանին իրականացվող ապօրինի գործողությունների մասին»,– նշվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը