Մեկնաբանություն

09.12.2015 13:47


Հաստիքային ու արտահաստիքային տիգրանխզմալյանները

Հաստիքային ու արտահաստիքային տիգրանխզմալյանները

Բաքու փախած և պետական դավաճանությամբ զբաղվող Վահան Մարտիրոսյանից հետո բացահայտվել է ևս մեկը։ Այս անգամ դավաճանը ոչ թե փախել է թշնամի երկիր, այլ նրան բռնել են «գործի վրա»։

Այդ մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածվել (լավ է, որ այս անգամ Բ26–ից չեն ստիպել պետական կառույցին դիմել Գագիկ Շամշյանի օգնությանը)։

Ըստ ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի՝ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում 2015թ. դեկտեմբերի 4-ին ձերբակալվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Արմավիրի մարզի բնակիչ, պահեստազորի մայոր Գարիկ Խաչիկի Մարությանը՝ ծնվ. 1977., որը երկար տարիներ զբաղեցնելով ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոններ՝ համացանցային սոցիալական կայքերի միջոցով կապ է հաստատել Թուրքիայում գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ և վարձատրության դիմաց նրանց փոխանցել ծառայության բերումով իրեն հայտնի դարձած, այդ թվում՝ պետական գաղտնիք պարունակող տվյալներ:

Լավ է, իհարկե, որ ԱԱԾ–ն բացահայտել է պետական դավաճանին, բայց վատ է, որ դրանք կան, այն էլ՝ բանակում։

Հարկ է առանձնահատուկ ընդգծել, որ այս ամենը հետևանք է մեզանում տիրող առուծախի մթնոլորտի, որի արդյունքում արժեզրկվել է պետության գաղափարը՝ իր տեղը զիջելով նյութական շահին՝ թեկուզև դավաճանության գնով։

Նախագահական նստավայրից խրախուսվում է դավաճանությունը։ Նայե՛ք, թե որքան դավաճաններ ֆոտոսեսիայի մասնակցեցին։ Նրանք դավաճանեցին իրենց իսկ հռչակած սկզբունքներն ու հանրությանը։

Երկրում դավաճանական մթնոլորտ է ձևավորված, և այն խրախուսվում է ամենավերևից։ Այս պայմաններում ԱԱԾ–ն քանիսի՞ հետևից կարող է հասնել։

Եթե բանակի հետախուզության պետի պաշտոն զբաղեցնող մարդն է Բաքվի օգտին աշխատում, ապա սա շատ լուրջ մտահոգության տեղիք պետք է տա։

Մենք ժամանակին գրում էինք, որ Վահան Մարտիրոսյանը ենթադրաբար միակը չէ, ով աշխատում է Բաքվի օգտին։ Այդպիսին է նաև տխրահռչակ Տիգրան Խզմալյանը, ով օրերս կրկին բացառիկ հարցազրույց է տվել Ադրբեջանի ամենահակահայկական կայքին՝ «Haqqin.az»–ին։

Խզմալյանն, ակնհայտորեն, 5–րդ շարասյան ներկայացուցիչ է, ով, սակայն, դուրս է մնացել համապատասխան կառույցների տեսադաշտից ու Երևանում նստած է վահանմարտիրոսյանություն անում։

Դատելով ամենից՝ Ադրբեջանում լավ ֆիքսել են, թե ինչ կոդերով պետք է իրենց «մարդուն» օգտագործել։ Խզմալյանը Հայաստանում «քաղաքացիական» է և «հակառուս–արևմտամետ», իսկ ահա Ադրբեջանի լսարանին նա ներկայանում է Ալիևի քարոզչամեքենային անհրաժշտ ձևակերպումներով։

Այս ամենը հաշվի առնելով՝ կարող ենք պնդել, որ քանի դեռ արտահաստիքային խզմալյանները մեզանում ազատորեն գործում են, ապա ԱԱԾ–ն որքան էլ հաստիքային խզմալյաններին բացահայտի, միևնույն է, վիճակը չի փոխվի։

Ցավոք, Հայաստանում այնպիսի մթնոլորտ է, որ ԱԱԾ–ին հազիվ թե թողնեն զբաղվել Բաքվի օգտին աշխատող ու զուգահեռաբար Սերժ Սարգսյանի համար դհոլություն անողներին հայտնաբերելով։ Սա՛ է Հայաստանում ձևավորված ողբերգական իրականությունը։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը