Տնտեսական

08.12.2015 17:57


ՕԵԿ-ը, «Ժառանգությունը», ՀՅԴ-ն դեմ են բյուջեի նախագծին, ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն` կողմ

ՕԵԿ-ը, «Ժառանգությունը», ՀՅԴ-ն դեմ են բյուջեի նախագծին, ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն` կողմ

Ազգային ժողովում խմբակցությունների ներկայացուցիչները հայտնեցին խմբակցությունների կարծիքները 2016 թվականի բյուջեի լրամշակված նախագծի վերաբերյալ:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն իր ելութում ասաց. «Պարզվում է, որ չնայած իշխանություններն օգտագործեցին ընտրությունները կեղծելու ողջ զինանոցը՝ ստացան իրենց գնահատականը. պաշտոնական 400 հազար քաղաքացի դեմ է քվեարկել այս իշխանություններին»:
Փոստանջյանը վստահ է՝ այս պահին խնդիր կա արտահերթ ընտրություններ կազմակերպելու, իսկ Սերժ Սարգսյանը խուճապի մեջ է, քանի որ հասարակությունը չի վստահում նրան: Պատգամավորը հորդորեց հրաժարվել հարկերը վճարելուց, մասնավորապես, արագաչափերի տուգանքներից ու կարմիր գծերից, որոնց գումարները գնում են Սերժ Սարգսյանի և նրա եղբոր ընտանիքի գրպանը:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը նախ ցավով նշեց, որ բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Կառավարությունը ներկայացել է սակավաթիվ անդամներով, ինչը, ըստ պատգամավորի` մտածելու տեղի պետք է տա խորհրդարանին: Աղվան Վարդանյանն ասաց, որ բյուջեի նախագծում որևէ դրական միտում չկա: Նա չհերքեց, որ կան տարածաշրջանային խնդիրներ, որոնք ազդեցություն են ունենում ՀՀ տնտեսության վրա, սակայն պետք է նաև ասել, թե որքան է կազմում դրա ազդեցության չափը: Վարդանյանի խոսքով` խիստ մտահոգիչ է նաև անընդհատ աճող արտաքին պարտքը, ուստի և ՀՅԴ–ն կողմ չի քվեարկելու 2016 թվականի բյուջեի նախագծին.

«Եկամուտները նվազում են, բայց արդյոք նվազո՞ւմ են նաև իշխանության ներկայացուցիչների բզինեսով զբաղվողների եկամուտները, դա էլ պետք է վերլուծության առիթ տա: Բոլորի համար հավասար պայմաններ ստեղծելու դեպքում կարո՞ղ ենք հաջորդ տարի իսկապես վիճակ փոխել: Այս պատճառով վերջնական գնահատական չենք տալիս, բայց ակնհայտ է, որ որպես խմբակցություն՝ կողմ չենք քվեարկելու»,-ասաց Վարդանյանը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այլ կարծիքի է: Ըստ նրա` կառավարությունը կայունացնող բյուջեի նախագիծ է ներկայացրել, ընդունվել է նաև ԲՀԿ-ի առաջարկների 70-77 տոկոսը.

«ԲՀԿ-ն ընկալել է, ընդունել է, իր վեկտորը հստակ գիտի և Կառավարությանը շանս է տալիս, որպեսզի Կառավարությանը հուսալի հենարան ունենալով իրականացնի ծրագրերը: Եկեք պայմանավորվենք, որ խորամուխ ենք լինելու վարչարարության և օրենքների մեջ, ու մի 3-5 քայլերի միջոցով ստանանք արդյունքներ, քանի որ միայն ներդրումների մասին խոսելով ներդրումները չեն գալիս: ԲՀԿ-ն հավատարիմ է մնում իր ծրագրային դրույթներին և շանս է տալիս Կառավարությանը, և բացի ԱԺ մեծամասնությունից՝ ևս մի քաղաքական ուժի կողմից «այո» է տալիս, որպեսզի եկող տարի Կառավարությունն ունենա հուսալի հենարան: ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու»,-ասաց Մելքումյանը:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նկատեց, որ 2016 թվականի բյուջեի 7.2 տոկոսը կտրամադրվի արտաքին պարտքերի մարմանը: Բիշարյանը պնդեց, որ այս տարի ակնհայտ մեծացել է արտաքին պարտքը և պակասել են տրանսֆերտները:

«ՀՀ-ում ներդրումներ չեն ցանկանում անել ո՛չ տեղական, ո՛չ օտարերկրյա ներդրողները, ինչպես նաև պակասել են տրանսֆերտները: Հուսանք՝ պառլամենտական համակարգի դեպքում այս պատկերը կփոխվի, քանի որ «Այո»-ի քարոզիչները պնդում էին, որ ամեն բանում Սահմանադրությունն է մեղավոր: ՕԵԿ-ը դեմ կքվեարկի բյուջեի նախագծին»,-ասաց Բիշարյանը:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անդրադարձավ նախորդ ելությներին ու, մասնավորապես, Փոստանջյանին ելույթին և ասաց, որ բյուջեին չվերաբերող էր, և շնորհակալություն հայտնեց Միքայել Մելքումյանին:

Նա շեշտեց, որ 2016 թվականի համար Կառավարության ներկայացրած բյուջեն կայունացման բյուջ է, և հայտարարեց, որ ՀՀԿ-ն կողմ է քվեարկելու:

ՀԱԿ խմբակցության անունից ելույթ չունեցան, որովհետև ՀԱԿ-ը սահմանադրական հանրաքվեից հետո բոյկոտել է ԱԺ քառօրյան:

Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը