Աշխարհ

08.12.2015 09:55


Իրաքի վարչապետը 24 ժամ է տվել Թուրքիային զորքերը դուրս հանելու համար

Իրաքի վարչապետը 24 ժամ է տվել Թուրքիային զորքերը դուրս հանելու համար

Իրաքի վարչապետ Հայդեր ալ–Աբադին Թուրքիայից պահանջել է անհապաղ դուրս հանել իր զորքերն իրաքյան տարածքից՝ հայտարարելով, որ դրա համար նա 24 ժամ ունի, որից հետո Իրաքն այդ հարցով դիմելու է ՄԱԿ ԱԽ–ին։

«Թուրքիայից պահանջում ենք հարգել Իրաքի ինքնիշխանությունը. մենք նրանց 48 ժամ էինք տվել այդ հարցը լուծելու համար. այժմ մնացել է 24 ժամ»,– ալ–Աբադիի խոսքերն է մեջբերում «ria.ru»–ն։

Կիրակի վարչապետը հայտարարել էր, որ իրաքյան իշխանություններն իրավունք ունեն դիմել ցանկացած մեթոդի։ Ալ–Աբադին նաև շեշտել էր՝ Թուրքիան ստում է՝ ասելով, թե Բաղդադի համաձայնությամբ է զորքերը մտցրել Իրաք։

«Մենք չենք ուզում, որ Իրաքը վերածվի տարածաշրջանային դիմակայության թատերաբեմի»,–ասել է վարչապետը։

Հիշեցնենք՝ իրաքյան իշխանությունների տվյալներով՝ դեկտեմբերի 4–ին Նայնավ նահանգ է ներխուժել թուրքական տանկային գումարտակ՝ քուրդ աշխարհազորայիններին ԻՊ դեմ կռվելու համար պատրաստելու պատրվակով։ Իրաքը Թուրքիայի ներխուժումը «թշնամական գործողություն» էր անվանել և սպառնացել ռազմական պատասխան տալ։

Որոշ փորձագետների կարծիքով թուրքերի՝ ԻՊ վերահսկողության տակ գտնվող Մոսուլի մոտ դիրքավորվելը վկայում է առաջիկա մարտերի մասին։ Թուրքերը պատրաստվում են քրդերի հետ գրոհել իր մեծությամբ երկրորդ իրաքյան քաղաքը և կիսել փեշմերգաների հաջողությունը, եթե հաջողվի գրավել Մոսուլը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը