Մեկնաբանություն

07.12.2015 21:35


Կաթողիկոսը Ռուսաստանի «Մուկուչյանին» ընդունել էր, որ ի՞նչ աներ

Կաթողիկոսը Ռուսաստանի «Մուկուչյանին» ընդունել էր, որ ի՞նչ աներ

Դեկտեմբերի 7-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Չուրովին` ուղեկցությամբ ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի:

Հանդիպման ընթացքում Գարեգին Երկրորդն անդրադարձել է երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը, նրանց միջև ձևավորված եղբայրական ջերմ ու գործակցային կապերին եւ այլն:

Իր հերթին Վլադիմիր Չուրովը, խոսելով երկու ժողովուրդների դարերի խորքից եկող բարեկամության մասին, ընդգծել է նաև միջմշակութային համագործակցության առավել խորացման անհրաժեշտությունը:

Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Նկատենք` թեպետ օրը դեկտեմբերի 7-ն է, սակայն կողմերը անգամ հպանցիկ չեն անդրադարձել 1988-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի տարելիցին: Սա` ի դեպ:

Երբ այս հանդիպումը հաջորդում է հատկապես սահմանադրական հանրաքվեին, մտածում ես`ցինիկաբար կեղծված հանրաքվեի միջոցով «ընդունված» նոր Սահմանադրությամբ այլեւս ամրագրվա՞ծ է, որ եկեղեցին սերտաճած է պետությանը:

Եթե այդպես չէ, ու պահանվել է նախկին դրույթը, համաձայն որի՝ եկեղեցին պետությունից անջատ է գործում, ապա ինչո՞ւ է Հայոց Հայրապետն ընդունում ՌԴ ԿԸՀ նախագահին եւ այն էլ՝ հանրաքվեի արդյունքների ամփոփման օրը: Իրոք, զարմանալի է:

Ի՞նչ է՝ հանրաքվեի մասին միջազգային կառույցների կարծիքները բավարար չե՞ն, որոնց մասին հպարտությամբ է խոսում տոկոս խփած իշխանությունը: Եվ անպայման պարտադիր էր նաեւ կաթողիկոսի միջոցով ՀՀ իշխանություններն իմանային Ռուսաստանի «բերանի գոլը», թե ինչ են մտածում Հայաստանում անցկացված հանրաքվեի մասին: Սա էլ դեռ մի կողմ:

Իսկապես, ի՞նչ գործ ունի Գարեգին երկրորդը ՌԴ ԿԸՀ նախագահի հետ: Մի՞թե հենց հանրաքվեի հաջորդ օրը անհագուրդ ցանկություն առաջացավ զրուցել երկու ժողովուրդների դարավոր բարեկամության մասին: Սա արդեն ծիծաղելի էլ չէ:

Չգիտես՝ ինչպես բնութագրել սույն «հրատապ» հանդիպումը: Հավանաբար, Գարեգին երկրորդը ՀՀԿ-ականների պես Չուրկովին բացատրել է, որ պետք է բոլորը «այո» ասեին, քանի որ մեր այբուբենի առաջին տառն «ա»-ն է:

Ի վերջո, կարգավիճակի հարց կա. երկրի հոգեւոր առաջնորդը ռուս չինովնիկի է ընդունելության արժանացնում, կամ գուցե նախաձեռնությունը հենց ի՞ր կողմից է եղել: Դե, Բաղրամյան 26-ի «նախաձեռնողականության» ծիրում:

Հետաքրքիր է՝ Գարեգին Երկրորդն ինչո՞ւ Չուրկովին չէր հրավիրում մասնակցելու անցած շրջանում կառուցված եկեղեցիների բացման արարողություններին: Երբեւէ տեսե՞լ եք, որ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն ընդունի Մուկուչյանին: Ընդունի, որ ի՞նչ անի:

Ստրկամտությանն ու քծնանքին էլ չափ կա: Սակայն, ինչպես հայտնի է` հայի չափը չափազանցն է:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը