Լրահոս

06.12.2015 17:50

Երկու պարզաբանում և մեկ հայտարարություն

Երկու պարզաբանում և մեկ հայտարարություն
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադևոսյանի ահազանգը, համաձայն որի՝ 5/21 ընտրատեղամաս պարբերաբար քաղաքացիներ են գալիս ոստիկանությունից ստացած՝ անձնագրին փոխարինող ժամանակավոր փաստաթղթով և քվեարկում ուրիշի փոխարեն: Որպես օրինակ նշվել է Երևան քաղաքի Փափազյան 27/2, ինչպես և 80/35 հասեցեները և քաղաքացիների անհատական տվյալներ: Ըստ հոդվածում հրապարակված տեղեկության՝ քաղաքացին այն մեկնաբանել է որպես ոստիկանությունից եկող հանցագործություն, որպեսզի այլ անձանց փոխարեն քվեարկություն կատարեն:
Բազմիցս կոչ ենք արել ու մեկ անգամ ևս հորդորում ենք չփաստարկված և իրավական ակտերի պահանջներին հակասող հայտարարություններ չտարածել: Արաբկիրի անձնագրային ծառայության կողմից տրվել է անձի ինքնությունը ժամանակավորապես հավաստող 8 վկայական: Ընդ որում, 3-ը՝ հին նմուշի անձնագրերը կորցնելու, իսկ 5-ը նույնականացման քարտ ստանալու դիմում ներկայացնելու կապակցությամբ՝ մինչև քարտը ստանալու համար նախատեսված ժամկետով: Հոդվածում նշված անձանց անհատական տվյալներով ժամանակավոր վկայականներ չեն տրվել: Բացի այդ, հարկ ենք համարում իրազեկել, որ ժամանակավոր վկայականներում առկա են անձին նույնականացնելու հիմնական գործոններից մեկը՝ լուսանկարը:
Նույնիսկ քվեարկությանը մասնակցելու նպատակով անձնագրային ծառայություններ դիմել են քաղաքացիներ՝ տեղեկացնելով, որ անձնագրերը կամ գտվում են այլ մարզերում կամ դրանք հանձնել են այլ պետությունների դեսպանատներ՝ մուտքի վիզա ստանալու համար: Նշված բոլոր դեպքերում մերժվել է ժամանակավոր վկայականներ տրամադրելը, քանի որ ՀՀ օրենսդրությամբ նման հիմքեր նախատեսված չեն. կամ անձը պետք է կորցրած լինի անձնագիրը և դիմում ներկայացնի դրա կապակցությամբ (ի դեպ, կորած անձնագիրը բազայում ճանաչվում է անվավեր և տվյալները տեղադրվում են ՍԷԿՏ համակարգում, որպեսզի նշված անձնագիրը չօգտագործվի այլ անձի կողմից՝ սահմանը հատելիս կամ այլ դեպքերում) կամ դիմի նույնականացման քարտ ստանալու համար՝ լուսանկարվելով անձնագրային ծառայությունում և հանձնելով մատնադրոշմերը: Նշված դեպքում նույնպես տրամադրվում է լուսանկարով ժամանակավոր վկայակական, մինչև նույնականացման քարտը ստանալու ժամկետով:
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
«Ոչ»-ի համատեղ շտաբը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ լրացուցիչ ցուցակները պետք է նախապես կազմվեին այն քաղաքացիների հայտերի հիման վրա, ովքեր իրերի բերմամբ քվեարկության օրը իրենց բնակավայրերում չէին կարող լինել: Ըստ հայտարարության՝ «լրացուցիչ ցուցակներում» ընդգրկված են շատ մեծ թվով մարդիկ գյուղական վայրերից, ովքեր քվեարկելու իրավունք են ստացել Երեւանում՝ երևույթը մեկնաբանելով ընտրակեղծիքի նախապես մտածված հնարք:
ՀՀ ոստիկանությունը մեկ անգամ ևս պարզաբանում է, որ ըստ գտնվելու վայրի լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու վերջնաժամկետը 2015 թ. նոյեմբերի 29-ն էր: Համապատասխան անձնագրային ծառայությունը իրավասու չէ դիմում ներկայացնելու պարագայում քննարկելու հետագա փաստական հիմքերի առկայության հնարավորությունը և ենթադրությունների արդյունքում մերժել դիմումատուին՝ հիմքում դնելով այն կանխավարկածը, որ անձը տվյալ օրը չի գտնվելու նշված համայնքում: Անձի դիմումը մերժվում է, եթե այն ներկայացվել է ժամկետի խախտմամբ:
Լրացուցիչ ցուցակները կազմվել են օրենքով սահմանված կարգով և ժամկետում: Անհատական տվյալների կրկնությունների նկատմամբ հանրային վերահսկողությունը ապահովելու համար օրենքով սահմանված կարգով դրանք հիմնական ցուցակների հետ տրամադրվել են նաև ընտրական տեղամասերի հանձնաժողովների նախագահներին և տեղադրվել ՀՀ ոստիկանության պաշտոնական www.police.am կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ: Յուրաքանչյուր ոք կարող է ներբեռնել ամբողջական ցուցակները և համոզվել, որ անձի տվյալները ընդգրկված են միայն մեկ տեղ և մեկ ցուցակում:
ՀՀ ոստիկանությունը պատասխանատու է օրենքով սահմանված կարգով քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակները վարելու, հրապարակելու համար:
Պատրաստ ենք աջակցելու ցանկացած տեղեկատվության տրամադրման հարցում:
Հայտարարություն
Ոստիկանությունը շարունակում է իրականացնել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքին հետևող զանգվածային լրատվության միջոցների, հասարակական կազմակերպությունների, վստահված անձանց, դիտորդների ահազանգերի մշտադիտարկում, գործում է արագ արձագանքման և հետադարձ կապի համակարգը: Դեկտեմբերի 6-ի ժամը 14-ի դրությամբ ոստիկանությունում ուսումնասիրվել է 38 ահազանգ, որոնցից 3-ը ստացվել է ոստիկանության «Թեժ գծով», 2-ը՝ տարածքային մարմինների հերթապահ մասերից, իսկ 33-ը կայքէջերից: Ահազանգերը հիմնականում վերաբերել են քվեարկելուն ուղղորդելուն, դիտորդական գործունեությանը խոչընդոտելուն, լրագրողական գործունեությանը խոչընդոտելուն, ընտրակաշառքի փորձին, ընտրացուցակների ճշգրտմանը, ընտրակեղծիքին, վստահված անձանց նկատմամբ սպառնալիքին, քարոզչությանը, տեղամասերում կուտակումներին և այլն: Բոլոր ահազանգներն ուղղորդվել են ոստիկանության տարածքային մարմիններ և Անձնագրային ու վիզաների վարչություն՝ նյութեր նախապատրաստելու և հետագա ընթացքը լուծելու համար: Ոստիկանությունը համագործակցության համար շնորհակալություն է հայտնում բոլոր այն տեղեկատվություն տրամադրողներին, որոնք առաջնորդվում են ընտրախախտումները բացառելու ազնիվ մտահոգությամբ: Միևնույն ժամանակ, կրկին կոչ ենք անում հիմնվել միայն փաստական տվյալների և հիմնավոր տեղեկությունների վրա, զերծ մնալ անստույգ լուրեր տարածելու գործելակերպից և ապատեղեկատվությամբ արհեստականորեն լարված մթնոլորտ ստեղծելու անընդունելի մարտավարությունից:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։