Մեկնաբանություն

05.12.2015 00:05


Խառնվածքը` աթոռապաշտամոլիկ

Խառնվածքը` աթոռապաշտամոլիկ

Անկեղծ ասած, ՀՀԿ ղեկավարի ինքնաասուլիսի բովանդակությունն ինձ համար ծիծաղահարույց էր երկու դրվագով:

Տեքստն աչքի անցկացնելով` հասկացա, թե այդ մարդը որքա՜ն է վախենում իշխանությունը կորցնելուց: Որոշեցի վերջապես պարզել Սարգսյան մարդու տեսակը: Ավելի ճիշտ` խառնվածքը: Ո՛չ սանգվինիկ է, ո՛չ խոլերիկ է եւ ոչ էլ ֆլեգմատիկ է:

Ի դեմս Սերժ Սարգսյանի՝ հոգեբանները կարող են մարդկային տեսակի, խառնվածքի նոր կատեգորիա սահմանել: Ասենք` աթոռապաշտամոլիկ:

Նկատեցի՞ք, թե այդ մարդուն ինչպես անհանգստացրեց (եթե ոչ` զայրացրեց) հարցն այն մասին, թե հանրաքվեից հետո, եթե արդեն խորհրդարանական կառավարման համակարգ ունենանք, ապա ինչո՞վ է զբաղվելու արդեն նախկին Նախագահ Սերժ Սարգսյանը: Կարծես՝ «տոկը խփեր»:

-Նախ՝ պետք է ասեմ, որ ես Ձեր շտապողականությունը չեմ կիսում, և ինձ կարող են երեք տարի հետո ասել նախկին նախագահ,- զայրույթը մի կերպ զսպելով` պատասխանեց լրագրողին:

Մարդն այնքան է տարվել բարձրագույն աթոռին կառչած մնալու մտքով, որ հաշվելն էլ է մոռացել: Հիմա 2015-ի դեկտեմբերի 4-ն է: Եթե 2018-ի փետրվարին լրանում է նրա նախագահության երկրորդ ժամկետը` խնդրեմ, հաշվեք` քանի տարի է մնում, որ իրեն ասենք «նախկին նախագահ»: Ամեն դեպքում, ոչ երեք տարի, այլ շուրջ երկու:

Պաշտոնը կորցնելու ահից մարդը կորցրել է նաեւ ժամանակի զգացողությունը, իսկ ավելի ճիշտ` հաշվելու ունակությունը:

Հարցին նրա նյարդային արձագանքը վկայում է այն մասին, որ էս մարդը երբեք չի ուզում «նախկին» լինել: Նման ծիծաղելի սինդրոմ նկատեցինք ՀՀԿ ղեկավարի մոտ նաեւ այն պահին, երբ ինքնաասուլիսում, ի լուր ՀՀ ազգաբնակչության, վստահ, ավելին` հպարտությամբ հայտարարեց, թե չեմ պատրաստվում նույնիսկ կես օր պակաս աշխատել:

Ես աշխատելու եմ մինչև 2018 թվականը՝ ուղիղ մինչև այն օրը, երբ պետք է իշխանությունը փոխանցեմ ուրիշին, կլինի դա Վարչապետ, Նախագահ և այլն,– նշեց նա:

Աթոռապաշտամոլիկի խառնվածք ունեցող մարդու գիտակցությանը երբեք էլ չի կարող հասու լինել այն ողբերգությունը, որում ապրում են երկիրն ու ժաղովուրդը, նրա գիտակցությանը հասու չէ այն, որ մինչ օրս իր ղեկավարման յուրաքանչյուր կես օրը շատ թանկ է նստել երկրի ու ժողովրդի վրա:

Բաղրամյան 26-ում հայտնվելուց մինչ օրս ՀՀԿ ղեկավարի գործունեության ՕԳԳ-ն եթե յուրաքանչյուր կես օրով գնահատելու լինենք, ապա պատկերը շատ դրամատիկ կստացվի: Ոչ թե կստացվի, այլ իրականությունն է այդպիսին՝ արտագաղթի եւ աղքատության ծավալների աճ, գործազրկության ավելացում, տնտեսության փլուզում, արտաքին ներդրումների նվազում, արտաքին պարտքի եռակի ավելացում, արտաքին քաղաքական ճակատում կոմերիտական «նախաձեռնողականության» խայտառակ տապալում, բարոյահոգեբանական գաղջ մթնոլորտի խտացում եւ այլն:

Հիմա բա ոնց չասես` լավ, էլի, ինչ կլինի, էդ վերջին կես օրը մի աշխատիր, էլի… Քեզ խնայիր, ինչ կլինի…. Որ գոնե երկիրը կես օր շուտ վերականգնի շնչառությունը:

Չնայած, ժողովուրդը հենց այս պահին էլ, սրանից 6 տարի առաջ էլ, միշտ էլ երազել ու անդադար բարձրաձայնել է` ընդհանրապես ոչ մի կես օր չաշխատեիր` հիանալի կլիներ:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը