Մեկնաբանություն

01.12.2015 00:50


Թուրքիան բացահայտեց «եվրաասոցացվող արևմտամետների» բուն էությունը

Թուրքիան բացահայտեց «եվրաասոցացվող արևմտամետների» բուն էությունը

Արդեն մի քանի օր է անցել, ինչ թուրքական կործանիչը խփել է ռուսական ռմբակոծիչին, սակայն տնաբույծ «արևմտամետների» ողջույնի խոսքը չկա ու չկա։

«Քոքված արևմտամետներ» Դավիթ Շահնազարյանը և Արամ Զավենի Սարգսյանը դեռ չեն հայտնվել «1in.am»–ի տաղավարում, դրական գնահատականներ չեն հնչեցրել թուրքական օդուժի գործողությունների կապակցությամբ և հիացական ձևակերպումներ չեն ներկայացրել ռուսական ինքնաթիռի կործանման ու ռուս զինվորականների մահվան առիթով։ Ժանրի կանոնների համաձայն՝ դա պետք է լիներ, սակայն Բ26–ում, թերևս, «ստոպ» են տվել, որպեսզի մինչև հանրաքվեի «տոկոս խփելը» խնդիրներ չունենան, այլապես պրոթուրքական քարոզը տոտալ ձևով կիրականացվեր այնպես, ինչպես տխրահռչակ «Ֆուտբոլային» դիվանագիտության փուլում։

Մի խոսքով, «արևմտամետներին» ՌԴ–ի վրա քսի տալու և ձեռքի հետ «արևմտամետ» այս իշխանությանը պաշտպանելու հարցում դեռ հրահանգ չկա։

Պատճառն, անշո՛ւշտ, այն չէ, որ «արևմտամետ» հաճախորդների համար այլևս արդիական չէ «Այն, ինչ վատ է Ռուսաստանին, պետք է ողջունել» սկզբունքը։ Սրանք մի փոքր կոմպլեքսավորվել են, որ ռուսների դեմ հանդես գալով՝ Թուրքիային պետք է ուղղակիորեն պաշտպանեն։ Համ էլ՝ «արևմտամետները» դեռ չեն գտել ԴԱԻՇ–ի հետ համատեղ ՌԴ դեմ պայքարելու առաջադեմ կոդը։ Թեև «Lragir.am»–ի Հայկազն Ղահրիյանը հաղթահարել է այդ կոմպլեքսը և Սիրիայի հարցում բացահայտորեն պրոթուրքական ու հակառուսական քարոզ է տանում՝ դա ներկայացնելով որպես սկզբունքային արևմտամետություն և Հայաստանի ինքնաիշխանության պաշտպանություն։ Բայց դե, դա արդեն ծիծաղելի էլ չէ։

Սիրիայի դեպքերը բացել են անգամ ոչխարների աչքերը։ Բոլորի համար արդեն պարզ է, որ քաղաքական առումով «Արևմուտք» ասվածը մեր տարածաշրջանում և ընդհանրապես եվրոպական մայրցամաքում Թուրքիան է։ Պետք չէ, հետևաբար, արժեքները շփոթել աշխարհաքաղաքականության հետ։

Նրանք, ովքեր առաջարկում են հրաժարվել ՀԱՊԿ–ից ու ձգտել դեպի ՆԱՏՕ, բացահայտորեն քարոզում են Հայաստանը թուրքական աշխարհի շահերի ապահովման գործում մանրադրամ դարձնելու օգտին։ Սա փաստ է, և այդ փաստը հաստատվել է Սիրիայում։

ԱՄՆ–ը չի էլ թաքցնում, որ Թուրքիան է իր միակ ու հիմնական դաշնակիցը ՌԴ դեմ պայքարի ու ԵՄ–ն վերահսկողության տակ պահելու գործում։

Դավիթշահնազարնանների, արամսարգսյանների, արմանբաբաջանյանների ու «Lragir.am»–ի համար մինչև հիմա կար «ատմազկա», ըստ որի՝ իրենք հակառուսական են ու արևմտամետ, նաև՝ սերժամետ, քանզի ուզում են ազատել Հայաստանը չար Ռուսաստանից ու տանել մեր երկիրը դեպի լուսապայծառ ԵՄ։ Այժմ այդ «ատմազկան» չի անցնում, քանզի, բացի հայամետությունից, ցանկացած այլ կոդ հակահայաստանյան է և հակաանկախական, նաև՝ պրոթուրքական։

«Արևմտամետությունը» մեզանում ոչ այլ ինչ է, եթե ոչ թուրքամետություն։ Նույն կերպ կարելի է գնահատել նաև զորիբալայանական ոճի «ռուսամետությունը»։ Սրանք երկուսն էլ նույն մեդալի հակառակ կողմերն են՝ ձևով տարբեր, բայց բովանդակությամբ՝ հակահայկական։

Ի դեպ, ուշագրավ է, որ ՀՀ իշխանությունները ծպտուն չհանեցին այն ժամանակ, երբ թուրքական ռազմական ուղղաթիռներն ապօրինաբար հատել էին մեր պետության սահմանը։ Ռուսական ինքնաթիռի կործանումից հետո պաշտոնական Երևանը կարող էր ուղղել սխալն ու հիշեցնել, որ հայկական կողմը Անկարայի ներկայացրած տրամաբանության շրջանակներում կարող էր խփել թուրքական օդուժին, սակայն դա չի արել։

Հայաստանը հիմա կարող է օգտվել ռուս–թուրքական բախումից և չմտնելով հզորների կռվի մեջ՝ տարատեսակ քաղաքական դիվիդենտներ ստանալ Մոսկվայի հետ հարաբերություններում։ Բայց դա չի արվում։

Ի՞նչ արած, ինչպիսին որ հաճախորդ «արևմտամետներն» են, այնպիսին էլ նրանց տերերն են։ Բոլորն էլ «եվրաասոցացվող» տեսակ են։

Ինչպես հիմա տեսանելի դարձավ բոլորի համար, Հայաստանն իր արկածախնդրությամբ ասոցացվելու էր Թուրքիայի հետ, ու միայն վերջում Սարգսյանը հետ քաշվեց, սակայն դրա արդյունքում մենք լուրջ հարվածներ ստացանք՝ կորցնելով մեր կարգավիճակը ինչպես ՌԴ–ում, այնպես էլ Արևմուտքում։ Հասկանո՞ւմ էին այս ամենը Բաղրամյան 26–ում՝ ԵՄ հետ թուրքական շահերին ձեռնտու եվրաասոցացում խաղալով, թե՞ ոչ, այլ խոսակցության թեմա է։ Կուզենայինք զերծ մնալ որոշակի գնահատականներից։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը